Դավիթ և Հակոբ Արզանովների «Հայոց թագավորության պատմության» ուրվագծման փորձ գրքի ժամանակակից վերահրատարակությունների շուրջ

 

Հայ միապետականության ավանդույթի ըմբռնման մի հնարավորություն է բացում 19-րդ դարասկզբին Ռուսաստանում գործող Դավիթ և Հակոբ Արզանովների՝ 1827 թվականին Մոսկվայում հրատարակած Հայոց թագավորության պատմության ուրվագծման փորձ ռուսալեզու աշխատությունը: Պատմական տարբեր իրողությունների ու կերպարների պատկերներով հագեցած այս գիրքը նպատակ ուներ ընթերցողին ներկայացնելու հայերի անցյալի պետականության դրվագները՝ հենվելով արդի գիտական մեթոդների վրա:  

Գիրքը թե՛ պատմագիտական, թե՛ պատկերագրական տեսակետից հետազոտողների շրջանում չի արժանացել մեծ ուշադրության, այնուամենայնիվ, որքանով որ մեր որոնումներն են արձանագրում, դրա հանդեպ շեշտված հետաքրքրություն է ի հայտ եկել Խորհրդային կարգերի կազմալուծումից հետո: Հետխորհրդային Հայաստանում այն առաջին անգամ հրատարակվել է ժամանակակից ռուսերենով 1997 թվականին՝ իբրև հայ-ռուսական բարեկամության 1000-ամյակին նվիրված ներբող: Հանդիպում ենք նաև գրքի թե՛ առանձին, թե՛ հայերի պատմությանը նվիրված այլ գործերի հետ զետեղված՝ 2019, 2020, 2023 թվականների ռուսաստանյան վերահրատարակությունների, այդ թվում մեկը՝ որպես նվեր-գիրք՝ համալրված արդի նկարազարդումներով: Վերջին տարիներին ռուսաստանաբնակ հայերի շրջանում գրքի այս անդրադարձներն ըստ երևույթին նույնպես հետապնդում են այն նպատակը, ինչ 1997 թվի հայաստանյան հրատարակությունը՝ ի ցույց դնել հայերի՝ մերօրյա ռուսական պետության հետ վաղ ժամանակներից եկող հիմնային սերտ կապը: Այս կապի խորության հետ մեկտեղ 1997 թվականի հրատարակությունը պատրաստող Ակիմ Արուտյունովն ուղղակիորեն շեշտադրում է նաև իր ժամանակներում դրա քաղաքական նշանակությունը՝ կապելով այն նաև Ղարաբաղյան խնդրի հետ: Այս հարցերն են, այսպիսով, ներկայացված վավերագրում, որը մի քանի հատված է Արուտյունովի վերջաբանից:

Արուտյունովը մեզ ծանոթացնում է գրքի կայսերական օրինակի հետ, որն, ըստ նրա՝ Նիկոլայ առաջինն իր հետ տարել էր Բուլղարիայում գտնվող իր կացավայրը ռուս-թուրքական առճակատումների ժամանակ: Հեղինակը Արզանովների աշխատանքն անմիջականորեն չի կապում ռուսաց կայսր Նիկոլայ առաջինի քաղաքականության հետ: Այնուամենայնիվ, գիրքը, որ ձոնված էր ցարին, մեր համոզմամբ, ոչ պակաս կարևոր նշանակություն ունի 19-րդ դարասկզբին հայերի՝ այլադավան տիրապետողներից Ռուսաստանի օգնությամբ ազատագրվելու բաղձանքն ըմբռնելու տեսակետից: Ռուս-թուրքական պատերազմի ետնաբեմին ռուսահայերի՝ Հայոց թագավարությունը վերակագնելու ծրագրերի շրջանակում այս գիրքը՝ որպես հայերի պատմական անցյալի գիտական ուսումնասիրություն, լույս էր սփռում թե՛ հայ միապետների, թե՛ հին հայաստանյան միապետական կարգերի ու թե՛ տարբեր ժամանակների նշանակալի իրադարձությունների վրա:

Այնուամենայնիվ «Աստծու կամքով» մեզ հասած Արզանովների աշխատանքն Արուտյունովին քաղաքականապես հույժ նշանակալի էր թվում հետխորհրդային Հայաստանի քաղաքական դրության պայմաններում: Հայկական նահանգների բաժանումները, որոնք ակնառու դարձնելու համար եղբայրները զետեղել էին նաև Հայաստանի մի քարտեզ, նրա համաձայն, կարևոր էր մասնավորաբար Ղարաբաղյան հարցի տեսակետից: Այսպես՝ 1997 թվականին Հայոց պատմության ռուսալեզու վերահրատարակությունն ըմբռնվում էր իբրև «զենք» հայկական պատմական հողի՝ Ղարաբաղի ազատագրության ու պահպանության համար. ազատագրական բաղձանք, որ իր իրագործումն էր որոնում քրիստոնյա Ռուսաստանի հետ հայերի մտերմության հիմքերում:

Հրապարակվում է ըստ՝ Яков и Давид Арзановы, Опыт написания истории Армянского Царства (Ваан, 1997), էջ 200-205, 223-224, թարգմանությունը ռուսերենից՝ Աննա Համբարձումյանի:

 

Գրքի հեղինակների և դրա նշանակության մասին

Ինչպես արդեն նկատել է ընթերցողը, Հին Հայաստանի մասին գրել են դեռևս Անտիկ աշխարհի պատմիչները, աշխարհագրագետներն ու ճանապարհորդները։ Այս առեղծվածային երկրի պատմության նկատմամբ հետաքրքրությունն ի հայտ է եկել նաև թե՛ միջնադարում, թե՛ նոր ժամանակներում։ Այս թեման, սակայն, առավել խոր ու բազմակողմանի գիտական ծավալում է ստացել նորագույն ժամանակաշրջանում։ Այսօր Հին Հայաստանի պատմագրությունը հարուստ է գիտական, գիտահրատարակչական և հրապարակախոսական նյութերով, որոնց հեղինակները աշխարհի տարբեր երկրների գիտնականներ ու գրողներ են։

Այնուամենայնիվ հարկ է նշել, որ, չնայած Հին Հայաստանի պատմությանը նվիրված մերօրյա բազմաթիվ գիտական աշխատությունների արժանիքները վեր են որևէ կասկածից, աշխատություններ, որոնց մեջ տեղ են գտել հնագիտական պեղումների նորահայտ և հետաքրքիր նյութեր ու օժանդակ պատմական գիտությունների ձեռքբերումները, Հակոբ և Դավիթ Արզանովների գիրքն իր առանձնահատկությունների շնորհիվ ոչ միայն չի կորցրել իր գիտական և ճանաչողական արժեքը, այլև հակառակը՝ դրա հանդեպ հետաքրքրությունն այսօր ավելի է աճել։

Մինչ այս երևելի գրքի առանձնահատկությունների քննարկմանն անցնելը կցանկանայի փոքր-ինչ անդրադառնալ դրա հրատարակման պատմությանն ու դրան առնչվող ուշագրավ արկածին։

Հին Հայաստանի պատմության գրքի գաղափարը Արզանովների մոտ ամենայն հավանականությամբ ծագել է դեռ կայսր Նիկոլայ Ա-ի գահակալությունից առաջ։ Միանգամայն որոշակիորեն կարելի է ասել, որ երիտասարդ գիտնականները, որպես ուսումնասիրության առարկա ընտրելով Հայաստանի հնագույն պատմությունը, այն չեն կապել Ռուսաստանի՝ Կովկասում, Սև ծովում և Բալկաններում վարած քաղաքականության հետ։ Օգտագործված մատենագիտական աղբյուրների հետ մեր ծանոթությունը վկայում է, որ գրքի հրապարակմանը նախորդել է երկարատև, ծավալուն և բարդ գիտահետազոտական աշխատանք։ Աշխատանքի բարդությունն առաջին հերթին պայմանավորված էր նրանով, որ դրա աղբյուրագիտական հիմքում մեծապես արևելյան, հույն և հռոմեացի պատմիչների ու գրողների, ինչպես նաև եվրոպացի հեղինակների աշխատություններն էին։ Բացի այդ՝ պետք է նկատի ունենալ նաև, որ ուսումնասիրության ժամանակագրական շրջանակն ընդգրկում էր ավելի քան քսանհինգ դար։ Այնուամենայնիվ այս ծավալուն գիտական աշխատանքն ավարտին է հասցվում 1826 թվականի գարնանը, իսկ օգոստոսի սկզբին Գրաքննական կոմիտեն տալիս է գրքի հրատարակման թույլտվությունը։

Գիրքը տպագրվում է Մոսկվայում, 1827 թվականին։ Ինչպես կարողացանք պարզել, հրատարակվել է ընդամենը հարյուր օրինակ, ուստի գործ ունենք հազվագյուտ գրքի հետ։ Հետաքրքրական է և այն, որ նույն տարում ունկնդիրների առջև իր դռներն է բացել Լազարյան արևելյան լեզուների ինստիտուտը, որի պատերի ներսում Արզանով եղբայրները տարիներ շարունակ աշխատել են իրենց գրքի վրա։

Գրքի սահմանափակ տպաքանակի հետ կապված է մի հետաքրքիր պատմություն, որ կարծես խուզարկուական արկած լինի։

Գրքի առաջին օրինակը՝ հատուկ ձևավորված և ընծայագրով, հեղինակները տարել են Նիկոլայ առաջին կայսրին։ Սակայն այդ օրինակը շուտով անհետացել է արքայական պալատից և 117 տարի համարվել կորած։ Սակայն հավանաբար Աստծու կամքով էր, որ այն վերջիվերջո հայտնաբերվել է և հասել մեզ։

Եվ այնպես ստացվեց, որ 1944 թվականի աշնանը Շումլա (Շումեն) քաղաքում ուկրաինական երրորդ զինվորական ճակատի 244-րդ հրաձգային դիվիզիայի մի երիտասարդ սպա պատահաբար գտնում է գրքի հենց այդ օրինակը։ Երջանիկ պատահականությամբ ես բախտ ունեցա ծանոթանալու կայսերական օրինակը պահող այդ սպայի հետ։

***

Տարիներ անցան այն օրից, երբ ես դարձա Նիկոլայ առաջինին ընծայված գրքի պահապանը։ Եվ այդ բոլոր տարիներին ինձ չէր լքում այն միտքը, թե ինչպես և ինչ հանգամանքներում կարող էր այն հայտնված լինել Բուլղարիայում։ Պետք է խոստովանել, որ այդ հարցով առանձնակիորեն չէի զբաղվել ժամանակ չունենալու պատճառով: Սակայն ահա 1989 թվականի ամռանը Ռազմածովային նավատորմի Կենտրոնական պետական արխիվում աշխատելիս № 395 ֆոնդում հայտնաբերեցի փաստաթղթեր, որոնց վկայությամբ 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմի ընթացքում բուլղարական Շումլա քաղաքի մերձակայքում էր գտնվում Նիկոլայ առաջինի նստավայրը։ Այստեղից նա հրամաններ և առաջադրանքներ էր արձակում ռուսական զորքերի հրամանատարներին։ Շումլա էին հասնում ճակատային գծերի և Սևծովյան նավատորմի հրամանատարների հաղորդագրությունները։ Մասնավորապես ծովակալ Ա. Ս. Գրեյգի՝ Սևծովյան նավատորմի հրամանատարի հանձնարարությամբ (1828 թվականի մայիսին և սեպտեմբերին) երկու անգամ Շումլա էր ժամանել իմ գրական հերոսը՝ լեյտենանտ Լ. Մ. Սերեբրյակովը (ռուսական նավատորմի ապագա ծովակալը)՝ զեկուցելու ցարին ռուսական զորքերի կողմից Անապայի և Վառնայի թուրքական ամրոցների գրավման մասին։

Միանգամայն ակնհայտ է, որ կայսրը Բուլղարիա մեկնելիս իր հետ վերցրել էր նաև իրեն ձոնված Հին Հայաստանի մասին գիրքը՝ հավանաբար չհասցնելով ընթերցել այն մայրաքաղաքում։ Հետաքրքրական և կարևոր փաստ ևս պետք է արձանագրել. գրքի որոշ էջերի լուսանցքներին առկա է «Իշխանով» ազգանվան ստորագրության տպագիր կնիքը (ֆաքսիմիլե). ազգանուն, որ ունի հայկական ծագում։ Սա հիմք է տալիս առաջադրելու մի վարկած, թե Իշխանովը կայսեր մոտ ծանոթն էր եղել, և հնարավոր է, որ նա էր գիրքը նվիրաբերել կայսրին։ Հակառակ դեպքում դժվար թե հարգարժան իշխանն իր ստորագիր կնիքը դրած լիներ որևէ օտար անձի սեփականության վրա։ Կարծում եմ՝ այս վարկածն իրավունք ունի հավաստի համարվելու։

Գիրքը մի ամբողջ կես դար անուշադրության էր մատնվել։ Թեև այն ընթերցել էին միայն իմ հարազատներն ու մտերիմները։ Այս ողջ ընթացքում ես մտորում էի այն մասին, որ այս հետաքրքիր ու արժեքավոր պատմական ստեղծագործությունը պետք է դառնա հանրության սեփականությունը։ Ցավոք, տարբեր պատճառներով այս միտքն իրողություն չէր դառնում մեր բարդ ժամանակներում։ Վերջին տասնամյակի բուռն քաղաքական իրադարձությունները նույնպես կասեցնում էին իմ նախաձեռնությունը։

Ի վերջո 1996 թվականը որոշիչ դարձավ գիրքի հետագա ճակատագրի համար։ Իմ գաղափարն իրագործելի դարձավ այն ժամանակ, երբ գրքին ծանոթացավ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայրապետական թեմի առաջնորդ, եկեղեցապետ Տեր Տիրան արքեպիսկոպոսը։

Նշանակալի համարելով գրքի պատմական, մշակութային և դաստիարակչական նշանակությունը՝ Տեր Տիրանն իր օժանդակությունը հայտնեց իմ՝ դրա վերահրատարակման գաղափարին։ Ավելին, նա գործադրեց բոլոր ջանքերը, որպեսզի այս արժեքավոր պատմական աղբյուրը, որը լույս է սփռում Լեռնային Ղարաբաղին առնչվող բազմաթիվ վիճահարույց հարցերի վրա, դառնա գիտական հանրության ու պատմությամբ հետաքրքրված ընթերցողների լայն շրջանակի սեփականությունը։ Եվ այն, որ գիրքն այսօր լույս է տեսել զանգվածային տպաքանակով, նրա վաստակն է. վաստակ, որն անգնահատելի է։

***

Հայոց թագավորության պատմություն գրքի վրա աշխատելիս Հակոբ և Դավիթ Արզանովներն առաջնորդվում էին մեկ գաղափարով. նրանք ցանկանում էին, որ ժամանակակիցներն ու գալիք սերունդները կարդան և իմանան, որ այնտեղ՝ հեռու հարավում, Արարատյան ձյունազարդ լեռների շրջակայքում, որտեղ մի ժամանակ հանգրվանել էր Նոյան տապանը, իր սաղմերն է ձգել Առաջավոր Ասիայի հնագույն՝ հայկական պետությունը՝ հիմնադրված իմաստուն, աշխատասեր և ազատասեր ժողովրդի կողմից։ Ժողովուրդ, որին վիճակված էր դառնալ քրիստոնեական կրոնի դրոշակակիրը։ Փութաջանորեն ընտրելով ու ուսումնասիրելով աղբյուրները, էջ առ էջ աշխատելով գրքի վրա՝ նրանք նույնիսկ չէին էլ կասկածի, որ 170 տարի անց իրենց ստեղծագործությունը հայ ժողովրդի ձեռքին կդառնա հզոր մի զենք՝ պայքարելու նրանց դեմ, ովքեր փորձ են անում խլել իր հողն ու ազատությունը և ըստ իրենց ճաշակի ու կամքի փորձում վերաձևել Առաջավոր Ասիայի և Հարավային Կովկասի քարտեզը։

Արզանով եղբայրների աշխատությունը մեր պատմական ժառանգության անգին հուշարձաններից մեկն է։ Կարծում ենք՝ արդար կլինի, եթե, ի նշան երախտագիտության, Լեռնային Ղարաբաղի հայկական դպրոցներից մեկը կոչվի Արզանով եղբայրների անունով. պատիվ, որին նրանք լիովին արժանի են։