Հովհաննիսյանի կարծիքը Խարմանդարյանի՝ «հնացած գնահատականները» վերաշարադրող գրքի մասին

 

 

Ստալինյան աքսորից վերադարձած Աշոտ Հովհաննիսյանն արդարացվեց ու Կոմունիստական կուսակցության շարքերում վերականգնվեց միայն 1954-ին: Այդպես, Հովհաննիսյանի հետաքսորական շրջանի գործունեությունը սկսեց ծավալվել խրուշչովյան Ձնհալի տարիներին մեկնարկած ապաստալինացման քաղաքականությունների գործարկմանը զուզուգահեռ: 1950-60-ականներին թե՛ իր հանրային ելույթներում, թե՛ գիտական գործունեության մեջ Հովհաննիսյանն արձագանքում էր 20-րդ համագումարում Ստալինի անձը քննադատող Խրուշչովի ճառին: Առանցքային էր, սակայն, որ Հովհաննիսյանը չէր սահմանափակվում Ստալինի անձի դեմ ուղղված մեղադրանքներով. նրաքննադատության առանցքում ստալինյան քաղաքականություններն ու հենց ստալինիզմն էր: Հովհաննիսյանի այս մոտեցումն էր, որ երևան էր բերում ստալինիզմն ու դրա հետևանքներն առերեսելու խռուշչովյան քաղաքականության սահմանափակությունը:

Ստորև ներկայացվող վավերագիրը 1961-ին Հովհաննիսյանի գրած կարծիքն է Սեգվարդ Խարմանդարյանի Սովետական Հայաստանը չորրորդ հնգամյակի տարիներին գրքի առթիվ: Գրքի մասին Հովհաննիսյանի անդրադարձը բացահայտում է ապաստալինացման քաղաքականությունների պայմաններում գիտության ու հատկապես պատմագիտության դաշտում ստալինիզմի իշխող ներկայությունը: Ստալինյան շրջանում հրապարակված նյութերն ու փաստաթղթերը «մեքենայաբար վերաշարադրած» հեղինակը շարունակում էր ստալինյան շրջանի քաղաքականությունների «անվերապահ մեծարանքը»: Հովհաննիսյանը Խարմանդարյանի այս մոտեցմանը հակադրում էր անցյալի քննական լուսաբանությունը՝ իբրև խորհրդային պատմագիտության այժմեական խնդիր: Խարմանդարյանին առաջադրած Հովհաննիսյանի այս պահանջը պետք է ենթադրեր գիտական ու հետազոտական նոր նյութերի վերհանում ու հենց ստալինյան շրջանի նյութերի վերանայում: Հովհաննիսյանի գնահատմամբ, սակայն, հեղինակի գիրքը չէր վկայում ինքնուրույն գիտական աշխատանք կատարելու կարողության մասին: Գրքի քննադատությունը հիմքում Հովհաննիսյանի՝ ստալինյան պատմագիտության քննադատությունն էր: Հովհաննիսյանի անդրադարձը վեր էր հանում պատմագիտությունը քաղաքականությանը ենթակա դարձրած ստալինյան մոտեցումը: Սակայն անկարող վերանայել ստալինիզմի կեղծած պատմական փաստերը, 1950-60-ականների խորհրդահայ պատմագիտությունն ինքն էր շարունակում կոծկել ստալինյան քաղաքականությունը:   

Վավերագիրը Հովհաննիսյանը վերանայել և որոշ խմբագրական միջամտությունների է ենթարկել, որոնք հրապարակվող տեքստում արդեն հաշվի առնված են: Շտկված են նաև առկա քերականական որոշ բացթողումներ: Հրապարակվում է ըստ՝ Մատենադարան, Աշոտ Հովհաննիսյանի ֆոնդ, թղթ. 24412, վավ. 221:  

 

 

ԿԱՐԾԻՔ

Ս. Խարմանդարյանի «Սովետական Հայաստանը չորրորդ հնգամյակի տարիներին» գրքի մասին:

 

Այս գրքում միահյուսված ու վերաշարադրված են Սովետական Հայաստանի չորրորդ հնգամյակին վերաբերող պետական ու պարտիական օրգանների հրապարակած տվյալները, զեկուցագրերը և ռեզալյուցիաները: Այն, ինչ ուղիղ կամ սխալ է օգտագործված նյութերի մեջ՝ մեքենայաբար փոխանցված է հեղինակի շարադրանքին: Այս նշանակում է, թե դիտել գիրքը որպես գիտահետազոտական ուրույն գործ, հնար չէ: Գրեթե միայն շարադրման, լեզվի ու ոճի մեջ է կազմողի ինքնուրույնությունը, նրա հեղինակային դեմքը: Հեղինակի լեզուն ու ոճը բնութագրելու համար թող բավական լինի մատնանշելու գրքում հանդիպող այնպիսի արտահայտություններ, ինչպես՝ «ապաքաղաքականություն» (փոխանակ՝ քաղաքական անտարբերություն), «ժողովրդին ինքնազոհ (ուզում է ասել անձնազոհ) կերպով ծառայել», «կյանքում կենսագործել» (փոխանակ՝ պարզապես ասելու կենսագործել), «քաղաքական և լուսավորչական դեմքեր» և այլն:

Վկայակոչելով մի տեղ Լենինի՝ «Պատերազմը ամեն մի ազգի բոլոր տնտեսական և կազմակերպական ուժերի ստուգումն է» միտքը՝ հեղինակը հարկ է համարել լրացնել այս միտքը հետևյալ խորհրդածությամբ՝

«Մարքսիզմ-լենինիզմի թեորիան ուսուցանում է, որ պատերազմը ժողովուրդների ու պետությունների բոլոր նյութական և հոգեկան (երևի ուզում է ասել հոգևոր կամ բարոյական) ուժերի բազմակողմանի ստուգում է: Պատերազմի ծանր փորձության կարող է դիմանալ միայն այն պետությունը, որը ավելի ուժեղ է իր հասարակական և պետական կարգով, տնտեսության զարգացման և կազմակերպվածության աստիճանով, զինված ուժերով, կռվելու վարպետությամբ և մարտական ոգով, ժողովրդի դիմացկունությամբ և միասնությամբ՝ պատերազմի ամբողջ ընթացքում» (համեմատել էջ 15):

Պիտի կարծել, որ այս նախադասությունը նույնպես առնված է կազմողի ձեռքի տակ եղած գրականությունից, թեպետ և նա ինչ-ինչ պատճառով անհարմար է համարել նշելու այն հեղինակի անունը, որը վստահություն է ունեցել հարստացնելու մարքսիզմ-լենինիզմի ուսմունքը սեփական գյուտերով…

Սովետական Հայաստանի չորրորդ հնգամյակը ընդգրկում է 1946-1950 թվականները: Հայտնի է, որ 1953 թվականից հետո Համամիութենական Կոմպարտիան և Հայաստանի Կոմպարտիան մասնավորապես, վերագնահատումների ենթարկեցին այդ ժամանակաշրջանի որոշ տվյալները, դիտելով դրանք պարտիայի կողմից մերկացված և դատապարտված «անհատի պաշտամունքի» հետևանք:

Ինչ խոսք, որ մեքենայաբար վերաշարադրելով «անհատի պաշտամունքի» շրջանում հրապարակված նյութերը կամ այդ ժամանակաշրջանի հնացած գնահատականները հեղինակը միանգամայն անգիտացել է, որ ներկայիս սովետական պատմագիտության խնդիրը չորրորդ հնգամյակի անվերապահ մեծարանքը չէ, այլ դրա քննական լուսաբանությունը՝ պատմական այժմեականության տեսանկյունով:

Արդար լինելու համար, հարկ է այնուամենայնիվ արձանագրել, որ քննարկվող գրքի կազմողը խոսում է «անհատի պաշտամունքի ծանր հետևանքներով… սովետական հասարակության զարգացման դանդաղեցման և աշխատավորների նախաձեռնության արգելափակման մասին» և այլն (տես էջ 48): Տարօրինակ է, սակայն, որ այս գրքում, ուր բերված են չորրորդ հնգամյակի շրջանում Սովետական Հայաստանի զարգացման արագ տեմպերը և աշխատավորական նախաձեռնության անարգել ծավալումը նկարագրող անվերջ փաստեր ու թվանշաններ՝ կազմողը հարկ չէ համարել վկայակոչելու թեկուզ հենց մեկ հատիկ փաստ կամ թվանշան անհատի պաշտամունքի թողած «ծանր հետևանքները» ցույց տալու համար:

Թե ինչու հենց այս դեպքում կազմողը խուսափում է փաստից ու թվանշանից՝ դժվար չէ կռահել: Խնդիրն այն է, որ անհատի պաշտամունքի և նրա «ծանր հետևանքների» մասին վերը հիշատակված դրույթից գիտահետազոտական եզրակացություններ հանելու դեպքում, կազմողը հարկադրված պիտի լիներ արխիվային նոր նյութերի լույսի տակ կամ հին նյութերի վերագնահատմամբ վերանայելու այն աղբյուրները, որոնց մեծ մասը հրապարակվել է հենց անհատի պաշտամունքի տիրապետության շրջանում: Սակայն քննաբար ստուգել ու ճշտել չորրորդ հնգամյակին վերաբերող նյութերը կամ տալ այդ նյութերի վերագնահատականը նոր լույսի տակ՝ դա կպահանջեր հեղինակից գիտահետազոտական աշխատանք կատարելու ընդունակություն, մի բան, որ չի երևում բնավ այդ գրքից: Զգալով այնուամենայնիվ, որ շարադրանքի իր մեթոդը կարող է արժեքազուրկ անել այս գիրքը, Խարմանդարյանը տեղն ու տեղը փորձել է գործնականապես ժխտել այն, ինչ ինքն իսկ հարկ էր համարել մեջբերել «անհատի պաշտամունքի» «ծանր հետևանքների» մասին արած իր հայտարարությամբ:

«Երկրի պատմական ուղին,- գրում է Ս. Խարմանդարյանը,- բնորոշվում է ոչ թե պետական գործերի ղեկավարման ասպարեզում կատարված սխալներով, այլ վերջին հաշվով ժողովրդի ստեղծագործական աշխատանքով: Նույնիսկ անհատի պաշտամունքի ծանր հետևանքների առկայության պայմաններում Կոմունիստական պարտիայի կողմից ղեկավարվող հզոր ստեղծագործական նախաձեռնությունը կատարում է իր մեծ պատմական գործը» (տես էջ 48):

Այստեղ «անհատի պաշտամունքի» ժամանակի «պետական գործերի ղեկավարման» սխալները սահմանազատված չեն պարտիական ղեկավարման և ժողովրդի հզոր ստեղծագործական նախաձեռնության կատարված գործերից: 

Ակներև է, որ հեղինակը անգիտացել է, որ «անհատի պաշտամունքի» ժամանակաշրջանում և՛ պետական, և՛ պարտիական ղեկավարությունը կենտրոնացած է պաշտամունքի առարկա դարձած միևնույն անհատի մեջ և ժողովրդի նախաձեռնությունը արգելակված նույն անհատի պաշտամունքով…

Նման անգիտացումով գրքի հեղինակը փորձել է իր աջ ձեռքով գրածը ջնջել ձախով: Թերևս ներկա դեպքում ևս նա ինքնուրույն չէ, բայց այս անգամ էլ նա հարկ չի համարել նշելու իր օգտագործած աղբյուրը կամ վերհանելու նրա ներքին հակասությունը:

Թերագնահատելով ընթերցողի ուշիմությունն ու պահանջկոտությունը, Խարմանդարյանը ստվերի տակ է թողել «անհատի պաշտամունքի» մասին արած իր անմեղ հայտարարությունը և գնահատել ու դրվատել է Հայաստանի չորրորդ հնգամյակը նույն ժամանակաշրջանի բանուկ չափանիշներով:

Այսօր իսկ նա դրվատանքով է խոսում «կոսմոպոլիտիզմի», «նացիոնալիզմի» և նման այլ մեղադրանքներով հագեցած չորրորդ հնգամյակի «գիտական դիսկուսիաների» մասին: Այսօր իսկ նա զանց է առնում գյուղատնտեսության կամ արդյունաբերության բնագավառներում թույլ տված սխալները, սովետական օրինականության կոպիտ խախտումները, որոնց վրա կնիք էր դրել այդ ժամանակաշրջանում առանձնապես ծավալված անհատի պաշտամունքը:

Քննարկվող գիրքը լույս է տեսել 500 տպաքանակով: Ըստ երևույթին Ակադեմիայի Հրատարակչությունը, որը իր ժամանակին ահազանգել էր այս գրքի խոտան լինելու հանգամանքը, կարողացել է ճիշտ որոշել նման հրատարակությունների նկատմամբ եղած գիտական պահանջի լիակատար բացակայությունը և ընթերցողների հարցասիրության կարի[՞]  սահմանափակությունը:

Խարմանդարյանի գիրքը չի վկայում ինքնուրույն գիտական աշխատանք կատարելու կարողության մասին: Պատմության ինստիտուտի պիտակով լույս տեսած այս գիրքը գիտահետազոտական բնույթից թափուր և գրասենյակային շտամպներով բեղմնավոր մի կոմպիլիացիա է պարզապես: Պիտի ասել, որ Պատմության ինստիտուտի արտադրական պլանը ծանրաբեռնվում է նման գործերով: Ավելի ևս պիտի ցավել և զարմանալ միաժամանակ, որ ինստիտուտի սեկտորներից մեկը ոչ միայն պիտանի է համարել այս գիրքը, այլև վստահություն ունեցել ներկայացնելու այն որպես մրցանակի արժանի գործ: Կարծում եմ այս մի երևույթ է, որ արժանի է հատուկ քննարկման ու որակավորման:

 

1961 թ. 17 հունիսի