Ղազարոս Աղայանի վերապահումները հնչակյան կուսակցության գաղափարաբանության ու գործունեության հանդեպ

 

Հնչակյան կուսակցության թիֆլիսյան մասնաճյուղի ղեկավար գործիչ Ղազարոս Աղայանի (Աղայանի կուսակցական գործունեության մասին տե՛ս վավերագիր Վկայություններ Հնչակյան կուսակցության մեջ Ղազարոս Աղայանի ներգրավվածության վերաբերյալՂազարոս Աղայանը՝ Հնչակյան կուսակցության Թիֆլիսի մասնաճյուղի ղեկավա՞ր, Մանկավարժությունն ու կուսակցական աշխատանքը Ղազարոս Աղայանի գործունեության մեջ) քաղաքական հայացքների հետազոտումը հնարավրություն է տալիս շոշափել մեր մտքի հակասությունները, երբ վերջինս իր առաջ անկախ քաղաքական միավոր հիմնելու խնդիր է դնում։ Որպես մոտակա նպատակ, հեղափոխական ճանապարհով անկախ պետություն ստղեծելու պաշտոնական ծրագրիրը հնչակյան կուսակցության գաղափարաբանության առանձնահատուկ գծերից էր։ Սակայն հեղափոխությամբ անկախություն ձեռք բերելու նպատակը կիսելով հանդերձ կուսակցության ղեկավարների շրջանում հետզհետե խորանում էին կուսակցական գործունեության կոնկրետ եղանակների շուրջ տարաձայնություններն ու անհամաձայնությունները։

Ինքն Աղայանը, ով դժգոհում էր կուսակցության կառավարման ցենտրալիստական մոդելից (տե՛ս վավերագիր Ղազարոս Աղայանը՝ Հնչակյան կուսակցության Թիֆլիսի մասնաճյուղի ղեկավա՞ր), վերապահումներ ուներ նաև հնչակյան կուսակցության համար էական գործելաեղանակներից մեկի՝ ահաբեկչության առնչությամբ։ Ստորև հրապարակում ենք Աղայանի կուսակցական գործընկեր Ալեքսանդր Շիրվանզադեի՝ Աղայանի վերաբերյալ հուշից մի հատված։ Հատկանշական է, որ այստեղ ինքը Շիրվանզադեն Աղայանի հակաահաբեկչական դիրքորոշումը կապում է Աղայանի՝ «բառիս խաղաղ իմաստով» անիշխանականության հետ։ Ըստ հեղինակի, «անարխիստ» Աղայանը չէր ենթարկվում կուսակցական գծին և իր հայեցողությամբ էր մոտենում կոնկրետ խնդիրներին, մասնավորապես մերժելով ահաբեկչական մեթոդները։ Մի կողմից ուրեմն Աղայանի աշխարհայացքի այս նկարագրությունը, ուրվագծում է, թե որոնք էին ըստ նրա հանուն քաղաքական ազատագրության գործի դրվող ընդունելի միջոցները։ Մյուս կողմից հնչակյան կուսակցության արմատական գործելաեղանակը մերժող ղեկավար գործչի օրինակով այս հուշը ցուցադրում է կուսակցության՝ ոչ միատարր գաղափարական հյուսվածքը։

Հրապարակվում է ըստ՝ Ալ. Շիրվանզադէ, «Ղազարոս Աղայեանց», Հայրենիք, 1924, թիւ 9, էջ 48-49։

 

Ղազարոս Աղայանց

1895 թուին Աղայեանցը ձերբակալուեց իբրեւ յեղափոխական: Այն ժամանակ ես Պետերբուրգումն էի: Գիտէի, որ ես էլ վաղ թէ ուշ պիտի ձերբակալուեմ, քանի որ Աղայեանցի հետ խառն էի միեւնոյն գործում, ուստի շտապեցի օր առաջ վերադառնալ Թիֆլիս, ընտանիքիս հետ տեսնուելու համար:

Երբ ինձ տարան Մետեխի բանտը, առաջին ձայնը իմ առանձնասենեակից որ լսեցի, Աղայեանցինն էր:

— Մի՛ վախենար, ոչինչ չի լինի:

Մեր սենեակները դէմ ու դէմ էին, բայց մի միջանցքով անջատուած. եւ այնքան էր խորութիւնը, որ տեսնել իրարու չէինք կարող, ուր մնաց խօսել:

Քսան օրից յետոյ, մեզ փոխադրեցին քաղաքից դուրս, մի ուրիշ բանտ: Այդտեղ հսկողութիւնն այնքան էլ խիստ չէր: Մենք կարողանում էինք իրարու հետ հաղորդակցութիւն պահպանել զանազան միջոցներով:

— Դու ոչ մի բան մի ասա, ես բոլոր յանցանքը ինձ վրայ եմ վերցրել,— գրում էր նա ինձ:

Դարձեալ պարզամտութիւն: Նա կարծում էր, որ յանցանքն իր վրայ վերցնելով, իր ընկերներին կարող է պատժից փրկել:

Քաղաքականութիւնից եւ «ւ»նից յետոյ, Աղայեանցի թուլութիւնը Լեվ Տօլստօյն էր: Ռուս վիպասանի իւրաքանչիւր նոր գրուածքը կարդալիս, նա վիճաբանում էր նրա մասին ամէնքի հետ, մերթ կատաղի պաշտպանելով, մերթ նոյն կատաղութեամբ յարձակելով հեղինակի վրայ:

— Հանճար է, հանճար,— ասում էր նա առաջին դէպքում:

— Ցնդուել  ծերունին,— գոռում էր նա երկրորդ դէպքում:

Երբեմն նա իր այս կամ այն կարծիքը արտայայտում էր լրագրի մէջ:

Աղայեանցը ինտիվիտուալիստ էր, կամ աւելի ճիշդն ասած, նա տրամադրութեան մարդ էր: Նա ոչ մի կուսակցութեան չէր ենթարկւում: Իւրաքանչիւր ազգային, եկեղեցական կամ հասարակական խնդրի մասին նա ունէր իր հայեացքը եւ յարում էր ժամանակաւոր այն կուսակցութեան, որի վերաբերմունքը դէպի խնդիրը համապատասխանում էր իր հայեցողութեանը: Նա 1895 թուին բանտարկւեց եւ յետոյ աքսորուեց ոչ իբրեւ Հնչակեան, ինչպէս կարծում են ոմանք, այլ որպէս հայ յեղափոխական:

Բայց Աղայեանցը յեղափոխական էլ չէր: Նա անիշխանական էր: Թո՛ղ այս բառը չը շփոթեցնէ, անիշխանական բառիս խաղաղ իմաստով: Ուզում եմ ասել, նա ինքնիշխան էր, առանց անարխիստների գործողութեան եղանակն ընդունելու: Նա ասում էր.

— Մարդ միայն մի իշխանութիւն ունէ — բնութիւնը: Նա իր նմանի իշխանութեանը չպիտի ենթարկուի: Եւ ոչ մի մարդ չունէ իրաւունք իշխելու մի ուրիշ մարդու վրայ: Ես համակրում եմ անարխիստների թեօրիային, բայց ոչ գործողութեանը: Սպանութիւնների միջոցով չէ, որ վերջ ի վերջոյ անարխիզմը պիտի տիրէ, այլ մարդու մտքի եւ հոգու կրթութեամբ:

Աղայեանցը գարշում էր մարդկային արիւնից, միեւնոյնն էր ինչ դէպքում եւ ինչ գաղափարի անունով եւս թափուէր այդ արիւնը:

Կովկասի կառավարչապետ բռնակալ իշխան Գալիցինի վրայ կատարուած մահափորձի օրը, ես հանդիպեցի փողոցում յուզուած: Նա գունատ էր, նա դողում էր.

— Ի՞նչ արին, ի՞նչ արին, այդ խելագարութիւն է,— շշնջաց նա: Չլսեցին իմ խորհուրդը:

— Քո խորհո՞ւրդը,— հարցրի ես զարմացած:

— Այո՛, ես քեզ չեմ ասել մինչեւ այսօր եւ ոչ ոքի չեմ յայտնել: Այժմ կարող եմ ասել: Երեք հոգի էին, Պարսկաստանից էին եկել յատկապէս իշխանին սպանելու նպատակով: Մի օր եկան ինձ մօտ եւ յայտնեցին իրանց մտադրութիւնը եւ դրամ խնդրեցին: Անօթի էին: Ես նրանց խնդրեցի, աղերսեցի անգամ, թողնել այդ անմիտ քայլը եւ վերադառնալ Պարսկաստան, կամ այլեւս չերեւնալ իմ աչքիս: Նրանք ոչինչ չասացին, ոչ «այո» եւ ոչ էլ «ոչ»: Հեռացան հիասթափուած: Եւ ահա այսօր… Դա խելագարութիւն է, այդպիսի ակտերով մենք կարող ենք մեր ժողովրդի վիճակը աւելի գէշացնել: Ահա կը տեսնես, այսօրուանից ռեակցիան աւելի կը սաստկանայ եւ մեզ էլ կարող են ձգել հրեաների օրը:

Ասաց ծերունին եւ յուզուած հեռացաւ:

Պատահում էր վայրկեաններ, երբ Աղայեանցը իր տեսակէտից այս կամ այն վնասակար մարդուն կախաղան էր ուղարկում: Բայց միայն խօսքով, կատաղութիւնն անցնում էր եւ նա նորէն բարեսիրտ, ներողամիտ Աղայեանցն էր իր թշնամիների վերաբերմամբ: