Ղազարոս Աղայանի՝ լուսավորական օրակարգ հետապնդող գրական ու մանկավարժական երկերի կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ դրանք զգալի տեղ են տալիս ընթերցողի զգայական փորձառություններին ու սովորութային կյանքին։ Ընթերցողի հետ այս կապը հնարավոր է դառնում իր իսկ անձնական փորձառությունն իր ստեղծագործություններում ելակետային դարձնելու շնորհիվ։ Պատահական չէ, որ Աղայանը մեզանում համարվում է ինքնակենսագրական վեպի առաջնեկը։ Այս հանգամանքի բերումով Աղայանի պարագայում կյանքի իր ուղղուց ելնող գրական ու մանկավարժական ասելիքը ստանում է այնպիսի կերպարանք, որ հեղինակի հետ միևնույն սովորութային ու նյութական աշխարհը կիսող ընթերցողն անընդհատ պահպանում է կենդանի կապն իրեն հարազատ հայ իրականության հետ։ Սա մի մոտեցում է, որ զգալիորեն տարբերվում է 19-րդ դարի մեր լուսավորական ավանդույթի արմատավորված գործելաեղանակներից, որոնք, որպես կանոն, լուսավորությունը և լուսավորական օրակարգը հակադրում են մեզանում ձևավորված սովորութային կյանքին ու դրանից բխող զգայական իրողություններին։
Հատկանշական է, որ Աղայանի պարագայում լուսավորությունը սեփական կենսագրության վրա հենելու միտումը կապված է լուսավորությանն առնչվելու իր ձևի՝ ինքնակրթության հետ, որն ինքնաբերաբար առաջին պլան է բերում կրթվողի անձնական փորձառությունը։ Ընդ որում՝ ինքնակրթությունը կամ «ինքնօգնությունը» լուսավորվելու մի մոտեցում է, որին ինքն առանձնակի կարևորություն է տալիս։ Սա կարելի է տեսնել, օրինակ, Աղայանի գրախոսականներից մեկում, որը ներկայացնում ենք ստորև: Վերջինս գրված էր բրիտանացի հեղինակ Սեմյուել Սմայլսի երկերից մեկի՝ 1888 թվականի հայերեն հրատարակության առթիվ: Սմայլսը Վիկտորյական շրջանի բրիտանացի այն բարեփոխիչներից է, ով առանձնակի շեշտ է դրել ինքնակրթությամբ և «մեծ մարդկանց» ինքնակրթվելու օրինակով սեփական դրությունը բարելավելու գաղափարախոսության վրա։ Աղայանը դեռ 1860-ականների կեսին առիթ էր ունեցել տարվելու Սմայլսի Ինքնօգնություն երկով, երբ Պետերբուրգում գրաշարությանը զուգահեռ առանձնակի ջանք էր գործադրում հագեցնելու ուսման ու լուսավորության ծարավը։ Դժվար չէ տեսնել, որ թե՛ իր երիտասարդական տարիներին, թե՛ առավել հասուն շրջանում, երբ հրապարակվել է սույն գրախոսականը, Աղայանի համար իրենց հրապույրը չեն կորցրել ինքնակրթվելու իդեալը և կենսագրական ստուգապատման միջոցով կրթական փորձառությունը հրապարակելու Սմայլսի մոտեցումը։
Հրապարակվում է ըստ՝ Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հ. 4 (Երևան։ Հայպետհրատ, 1963), էջ 200-203։
ՍԱՄՈՒԵԼ ՍՄԱՅԼՍ. «ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ». ԹԱՐԳ. ԳԵՐՄԱՆԵՐԵՆԻՑ ՓԻԼԻՊՊՈՍ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ, 1888 ԹԻՖԼԻՍ, ՏՊԱՐԱՆ Հ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՑԻ, ԳԻՆԸ 1 Ռ. 50 Կ.
Նմանողությունը և հետևողությունը մարդուս բնավորության գլխավոր գիծն է։ Մարդուս արարմունքի, նիստ ու կացի, խոսք ու զրույցի, ձգտումների և այլն, 100–ից 99 նմանողության արգասիք է։ Ինքնուրույնությունը, ուրիշի մտքով չանցած մի բան անելը, մի նոր բան հնարելը, մի նոր գյուտ անելը շատ քչերին է տված, բայց նույնիսկ այդ ինքնուրույն արած բաների դրդումն ու պատճառն էլ եթե լավ վերլուծելու լինենք, կտեսնենք, որ դրանք էլ մեծ մասամբ հետևողության և նմանողության արգասիք են։
Շատ անգամ մեկը շվարած, անճարացած կանգնած է լինում, մի վճռական քայլ անել չի կարողանում, և հանկարծ մի օրինակ է տեսնում, նման վիճակում եղած մի մարդու կյանք է կարդում կամ լսում, և ահա մի նոր լույս է ծագում նրա առջև, մի նոր աստղ, որ ցույց է տալիս, թե որտեղ է նրա փրկությունը, և այնուհետև շարժման մեջ է ընկնում նրա բախտի կանգնած անիվը։
Օրինակը վարակիչ է. դա մի մեծ ուժ է, որով կարելի է մարդկային կյանքի մեքենան շարունակ շարժման մեջ պահել, եթե ծուռ լինի գնալիս, շտկել, ուղղել, եթե կանգնած լինի, շարժման մեջ ձգել։ Այս հատկությունը, որքան էլ վնասակար կողմեր ունենա, որքան էլ կապկության նմանի, վատ հատկություն չէ, այլ շատ լավ և օգտակար։ Եվ ինչի նման կլիներ մարդը, եթե ընկերի օրինակին հետևելու շնորհք չունենար, եթե ուրիշի արած փորձերից օգուտ քաղել չգիտենար, եթե, վերջապես, մի իդեալ չունենար համեմատ իր մտավոր զարգացման աստիճանին։
Գրագետի և անգրագետի մեջ հենց այն մեծ զանազանությունը կա, որ մեկը հնար ունի անցած դարերի փորձերից օգուտ քաղել, ժամանակով և տեղով իրանից շատ հեռու եղած հանճարների խրատներին ականջ դնել, մինչդեռ անգրագետը պիտի բավականանա միայն նրանով, ինչ որ տեսնում է իր չորս կողմում։ Զարմանալի չէ ուրեմն, որ մի թուլուխչի իր ետևից քաշե իր բոլոր համշարիներին և ամենին թուլուխչի շինի, մի փռնչի բոլոր իր դրացիներին փռնչի շինի, հնոտիք ծախելով հարստացած մեկից վարակվին իր բոլոր երկրացիք, այսպես վարվին և որմնադիրներն ու հյուսները, բեռնակիրներն ու աղբ դեն ածողները, բայց դրանց համշիրակ մեկը, գրագիտություն և ուսում ունենալով իր ինքնակրթության շնորհիվ, փոխանակ աղբ դեն ածող կամ թուլուխչի դառնալու, մի նշանավոր մարդ դառնա, անուն և փառք վաստակե։
Ինչքան որ դժվար է ինքնուրույն լինելը, նույնքան դժվար է և հեռավորին նմանելը, որ դարձյալ մի տեսակ ինքնուրույնություն կլիներ։ Հայը հայից է օրինակ առնում, թուրքը թուրքից, դրացին դրացուն է հետևում։ Գերմանացին իր կարգին նիստ ու կացով, իր մարդավայել վարք ու բարքով անհաս է ռամիկ հայի ու թուրքի ճաշակին։ Ռամիկը և տգետը իր դրացու դժվար արած բանին ավելի է հետևում, քան թե հեռավորի նույն բանը շատ հեշտությամբ արածին։ Սակայն մի հատիկ օրինակը այս դարավոր անշարժությունը կարծես մոգական գավազանով մի նոր շարժման մեջ է ձգում։ Մեկ էլ տեսար փոխվեցան բոլոր ծանր գութանները, ծանրաշարժ անիվները, հնձաններն ու տաքարները, մոթալ փափախները, տղլափ տրեխները, կանանց բերնի փաթաթանը, գետնափոր տները և այլն և այլն։
Այսպես ահա դրացին դրացուն է նմանում, մի գյուղ մյուս գյուղին, մի քաղաք մյուս քաղաքին, մի ազգ մյուս ազգին։
Մարդկային հոգու այս նշանավոր գիծը, որ շատերի համար մութն է, շատ լավ են իմացել ոչ միայն այն մարդիկը, որոնք օգուտ քաղելով այս հանգամանքից — նմանելու հատկությունից — նորելուկներով, նորաձև հագուստով զարդարում են մարդկանց մարմինը երբ և ինչպես կամենում են, այլև այն մարդիկը, որոնք նպատակ ունին ոչ թե մարդկանց մարմինը զարդարել, այլ նրանց միտքն ու հոգին։ Մեկոնք տալիս են գրավիչ հագուստով պատկերներ, մյուսները գրավիչ հատկություններով զարդարված ստուգապատում կենսագրություններ, որոնք դառնում են մեզ համար կենդանի օրինակ և իդեալ։ Առաջինների տվածը վաղանցուկ է, շահախնդրական է, իսկ երկրորդներինը մշտատև, հավիտենական։ Առաջինը վնասակար է բոլոր այն մարդկանց համար, որոնք զուրկ են երկրորդից։ Հոգու զարդարանքը միշտ կարող է ծածկել մարմնի մերկությունը, իսկ մարմնի զարդարանքը երբեք կարող չէ ծածկել հոգու մերկությունը, այլ առավել ևս կմերկացնե նրան։ Առաջինը հեշտությամբ տարածվող մի չարիք է, որի առաջքն առնել անհնարին է, իսկ երկրորդը մի անհուն բարիք է, որ սակայն հեշտությամբ չի տարածվում և կարոտ է առանձին խնամքի և օժանդակության։
Այս վերջին տեսակ բարոյակրթության և մտավոր զարգացման առաքյալներից մեկն է և անգլիացի Սամուել Սմայլսը, այն նշանավոր մարդը, որ տվել է անօգնականներին «Ինքնօգնություն» գիրքը, որով անթիվ մարդկանց մեջ նոր ուժ և նոր եռանդ է մտցրել և պիտի մտցնե շարունակ։ Այս նշանավոր հեղինակը ամենից լավ է հասկացել, որ ժողովրդին բարեկրթելու, նրա միտքն ու հոգին վսեմացնելու, նրան արիություն, քաջություն և անվեհերություն տալու համար ամենից հարմարագույնն է կենսական ստուգապատում օրինակներ տալը։ Սմայլսը՝ թեև անգլիացի և անգլիացոց համար գրող, բայց մի փորձառու և գրավիչ ոճ ունեցող դաստիարակ է ընդհանուր մարդկության համար. նրա բոլոր գրածներն իսկույն թարգմանվում են ամեն լեզուներով և ամեն ազգ միապես շահվում է նրանցից[1]Սմայլսի «Խնայողությունը» մենք տեսանք թարգմանած հայերեն, բայց թե ո՞ւր մնաց, չգիտենք։ Թարգմանել էր պ. Ստեփաննոս Տեր–Սարգսյանը։։ Ահա այս հռչակավոր մարդու աշխատությունն է և «Բնավորություն» գիրքը, որ գերմաներեն թարգմանությունից հայերենի է վերածել մեր հայտնի թարգմանիչ պ. Փիլիպպոս Վարդանյանը[2]Մեր թարգմանողներից միայն պ. Փ. Վարդանյանն է հասկացել, թե որպիսի գրքեր պետք է տալ ժողովրդի ձեռքը, որ թե՛ գրավիչ լինեն և թե՛ օրինակելի։ Նա արդեն տվել է մեզ Ֆրանկլին, Վաշինգտոն, Իլիական, Ոդիսական, Ռոբինզոն, Հուս, Լութեր, «Մահմեդի կյանքը». պատրասի ունի Սմայլսի «Ինքնօգնությունը», Գրուբեի «Պատմական պատկերները», Կորշի «Վոլթերի կյանքն ու գրվածքները», Շիլլերի «Ավազակները» և մի շարք վեպիկներ «Արևելյան Վիպաշխարհ» և էլի ով գիտե ինչ պատվական ծաղիկներ պիտի ընտրե ընդհանուր գրականության հոտավետ բուրաստանից, բայց ցայժմ տվածներն էլ մի գեղեցիկ առտնին … կարդալ ավելին։
Եթե անգլիացոց նման մի բարեպաշտ և բարեկիրթ ժողովրդի համար հարկ է համարվել բնավորության լավագույն օրինակներ տալ, եթե գերմանացոց նման մի ավելի ևս բարեմարզված ժողովրդի համար հարկ են համարել թարգմանել իսկույն, որքան առավել դա պետք է մեզ համար, մե՜զ, որ հին բնավորություններս խախտել ենք և նորը դեռ չենք կազմակերպել։
Ժողովրդի մեջ ընդունված և տարածված մի հատիկ պատվական գիրքը հրաշագործ դաստիարակի պաշտոն է կատարում, նրա միջնորդությամբ բյուրավոր անհատներ սերտ սիրով կապվում են միմյանց հետ, միակերպ խորհում, միակերպ գործում, միակերպ հառաջ ընթանում դեպի կատարելություն։ Ուղիղ այսպիսի մի գրքի տեղ կարող է բռնել Սմայլսի «Բնավորությունը» և ցանկալի է, որ այս գիրքը իր ձեռքումն ունենա ամեն մի ծնող, ամեն մի դաստիարակ և ամեն մի ուսանող։ Այս իսկ պատճառով մենք կարևոր ենք համարում դնել այստեղ նրա բովանդակությունը, հուսալով, որ սրանով կշարժենք մեր ընթերցողների հետաքրքրությունը և առիթ կտանք օր առաջ ձեռք բերելու այս պատվական գիրքը։
Ծանոթագրություններ
| ↑1 | Սմայլսի «Խնայողությունը» մենք տեսանք թարգմանած հայերեն, բայց թե ո՞ւր մնաց, չգիտենք։ Թարգմանել էր պ. Ստեփաննոս Տեր–Սարգսյանը։ |
|---|---|
| ↑2 | Մեր թարգմանողներից միայն պ. Փ. Վարդանյանն է հասկացել, թե որպիսի գրքեր պետք է տալ ժողովրդի ձեռքը, որ թե՛ գրավիչ լինեն և թե՛ օրինակելի։ Նա արդեն տվել է մեզ Ֆրանկլին, Վաշինգտոն, Իլիական, Ոդիսական, Ռոբինզոն, Հուս, Լութեր, «Մահմեդի կյանքը». պատրասի ունի Սմայլսի «Ինքնօգնությունը», Գրուբեի «Պատմական պատկերները», Կորշի «Վոլթերի կյանքն ու գրվածքները», Շիլլերի «Ավազակները» և մի շարք վեպիկներ «Արևելյան Վիպաշխարհ» և էլի ով գիտե ինչ պատվական ծաղիկներ պիտի ընտրե ընդհանուր գրականության հոտավետ բուրաստանից, բայց ցայժմ տվածներն էլ մի գեղեցիկ առտնին մատենադարան է։ Ահա մի ժրաջան մեղու, որ գիտե, թե ինչ ծաղիկներից պետք է մեղր շինել։ Պարոն Վարդանյանը իր լեզվի մշակությունը վերին աստիճանի կատարելագործության է հասցրել։ «Բնավորության» լեզուն իր առաջին թարգմանություններից անհամեմատ պարզ է, սահուն և կոկ։ Շնորհակալությամբ հանդերձ շնորհավորում ենք պարոնի արած հսկայական հառաջադիմությունը։ |