Բանականության ու գիտության անունից հաստատված նախապաշարմունքների քննադատությունը, նախապաշարմունքներից իսպառ ազատվելու օրակարգը հայ իրականության մեջ 19-րդ դարի լուսավորական նախագծերի անքակտելի մասն են եղել։ Արդիանալու թե՛ կրթական, թե՛ գրական ու թե՛ քաղաքական նախագծերը մեզանում, որպես կանոն, ձևակերպվել են լույսի ու խավարի, գիտության ու տգիտության, սնահավատությունների ու ճշմարիտ հավատքի սուր ու պարզ հակադրությունների ետնաբեմին։ Այս հակադրումն իր հերթին բորբոքել է հաստատված սովորություններով ու հավատալիքներով առաջնորդվող ժողովրդական շերտերի և վերջիններիս կյանքը հեղաշրջել ջանացող լուսավորականների միջև լարումները։
Առանձնապես արժեքավոր են լուսավորական ավանդույթի այն հազվագյուտ դրվագները, որոնցում արդիացման ջատագովները «լույսի» ու «խավարի» հակադրված բևեռները մոտեցնելու, առնչակցելու, դրանց միջև բախումը մեղմելու փորձեր են արել։ Նման փորձեր կարելի է գտնել Ղազարոս Աղայանի գրական ժառանգության մեջ՝ մասնավորապես 1850-1880-ականների անցքերը նկարագրող իր Իմ կյանքի գլխավոր դեպքերը հուշագրությունում։ Աղայանն, ով ձեռք է բերել ժամանակի անզիջում լուսավորչի և արդի մանկավարժության ջատագովի համբավ, իր մտավոր ձևավորման շրջանը նկարագրելիս առանձին կանգ է առնում նախապաշարմունքների ու սնահավատությունների հետ վարվելու հարցի վրա՝ համարելով այն առանցքային։ Ուշագրավ է, որ հեղինակն այս հարցում զգալիորեն շեղվում է նախապաշարմունքներն անխնա դատափետելու ու պարսավելու՝ մեզանում հաստատված լուսավորական միտումից։ Փոխարենը նա խոսակցությունը բարոյախրատական հարթությունից բերում է գործնական հարթություն և ուշադրություն հրավիրում, մի կողմից, նախապաշարվելու անխուսափելիության, մյուս կողմից՝ անհրաժեշտաբար ի հայտ եկող նախապաշարմունքներից որոշների հնարավոր բարերար ազդեցությունների վրա։ Նախապաշարմունքներն այս իմաստով նրա համար ոչ թե թշնամիներ են, այլ մարդու հոգևոր կյանքի իրողություններ, իսկ խնդիրը ոչ թե այդ իրողություններից ձերբազատումն է, այլ դրանց հետ այնպիսի հարաբերության հաստատումը, որը կօգնի, այլ ոչ թե կխանգարի մարդուն։
Խնդրի այս դրվածքը թույլ է տալիս լուսավորականին հանդես գալ իբրև ժողովրդական հավատալիքների ու բարքերի շրջանակը կիսող գործիչ, կամրջել իր իդեալների և հաստատված ընկալումների միջև վիհը։ Այսպես նա հավատալիքներն ու բարքերն իսպառ նսեմացնելու փոխարեն որոշակիորեն հաշվի է նստում դրանց անխուսափելիության ու զորության հետ և փորձում ժողովրդական կյանքի այդ զորավոր ուժերից բարիք ստեղծել։
Հրապարակվում է ըստ՝ Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հ. 4 (Երևան։ Հայպետհրատ, 1963), էջ 335-337։
Մարդ նախապաշարվում է մի բանով, նախքան իմանալը, որ նույն բանը մի ստություն է և մոլություն։ Իսկ երբ վերահասու է լինում, որ հավատացել է մի սուտ բանի և նույնը իր համար մի ցավ շինել, դրանով նույն ցավիցն իսպառ չի ազատվում։ Բայց այս էլ բան է, որ իմանում է, թե իր ունեցածը մի ցավ է և գիտե էլ, թե ինչից է ստացել այդ ցավը։ Սրանով նա մտքով, այսինքն՝ դատողությամբ միայն ազատվում է նույն նախապաշարմունքից, իսկ հոգեպես՝ ոչ։ Հոգին այնպիսի կապրիզներ ունի, որ շատ անգամ ոչ մի դատողություն նրան սանձահարել չի կարողանում։ Այս հանգամանքն արժանի խորին ուշադրության, որովհետև դաստիարակության տեսակետից մեծ նշանակություն ունի։
Եթե Մակբեթը չհավատար վհուկ պառավների գուշակությանը և չնախապաշարվեր, էլ այն չէր անիլ, ինչ որ արավ։ Այս միևնույնը կարելի է ասել և Օհաննա Դարքի մասին. նա էլ էր նախապաշարված։ Առաջինն իր նախապաշարմունքով չարություն գործեց, երկրորդն իր հայրենիքն ազատեց։ Ուրեմն նախապաշարմունքն ևս մեծամեծ գործեր է կատարել տալիս՝ թե՛ չար և թե՛ բարի։ Չարի կամ բարու ձեռքին կույր գործիք դառնալու համար էլ բացառիկ բնավորություններ են հարկավոր։ Եթե չասենք նախապաշարմունք, այլ՝ հավատ, այնուհետև ամեն ոք կհավատա, որ հիրավի, հավատը սարեր շարժելու չափ ուժ ունի։ Մի՞թե քիչ կան բարոյական սարեր, որոնք փուլ են գալիս հավատի առջև։
Մարդս երեխայական հասակում թույլ դատողություն ունի կամ բնավ չունի, բայց ունի անպայման և անկասկած հավատալու տրամադրություն, ուրեմն և շուտ նախապաշարվելու։ Հիմա խնդիր է, թե պե՞տք է արդյոք նախապաշարել երեխային գիտության համար սուտ հավատալիքներո՞վ, թե՞ ոչ։ Ես այսքանը կասեմ միայն, որ պետք է մի կողմ դնել սուտն ու ճշմարիտը և վերցնել բարին և չարը, վնասակարը և օգտակարը։ Ոչ մի վնասակար և չար բանով չպետք է նախապաշարել երեխային, իսկ բարի և օգտակար բաներով նախապաշարելը շատ արդյունավետ է։ Երբ երեխայի համար գուշակություն են անում, թե նա որպիսի մարդ պետք է դուրս գա, նա հավատում և նախապաշարվում է։ Հիմա ո՞րն է լավ, չա՞ր գուշակությունը, թե՞ բարի։ Կասկած չկա, որ բարին նրան կտանի դեպի բարին, իսկ չարը՝ դեպի չարը։ Եթե երեխան հավատում է և՛ օրհնության և՛ անեծքի, ուրեմն պետք է օրհնություն տալ և անեծքից զգուշանալ։ Եթե նա հավատում է չար և բարի ոգիների, պետք է ոչնչացնել և ստել չարը և բարվո գոյությունը պաշտպանել։ Երեխան աստուծոն պետք է հավատա, թե նա է անսահման բարի հայր։ Թող հավատա, որ նա է աղբյուր ամենայն բարյաց, որ նա իր հովանավորությունը տարածում է մեզ վրա ամենայն տեղ։ Մեծ է այս հավատի զորությունը, շատ մեծ։ Եվ ինչո՞ւ երեխան իր սրտումը չկրե այդ ամենամեծ և անսահման բարի զորությունը, այդ ամենաքաղցր հոր ամենասուրբ անունը։ Հայրեր կան, որ շատ չար են և անպիտան։ Երեխաներին պետք է հասկացնել, որ հայր աստծուն իրանց հայրերին չնմանեցնեն։