«Նացիոնալ-նիհիլիզմի հերյուրանքը». Աշոտ Հովհաննիսյանի գրած ներածականը  

 

 

1937-ին ձերբակալվելուց ու աքսորվելուց հետո Աշոտ Հովհաննիսյանն արդարացվեց միայն 1954-ին: 1950-60-ականներին՝ հետստալինյան իրականության պայմաններում Հովհաննիսյանը 1920-ականների Խորհրդային Հայաստանի հիմնադիր գործիչներից միակն էր, որ վերապրել էր 1930-ականների ստալինյան բռնաճնշումները: Այս կերպ, 1950-60-ականներին Հովհաննիսյանը ներկայում էր ոչ միայն նախաստալինյան 1920-ականների ավանդույթը, այլև ստալինյան քաղաքականությունների հաստատման պատմությունը: Պատահական չէ, որ խռուշչովյան Ձնհալի տարիներին մեկնարկած ապաստալինացման պայմաններում Հովհաննիսյանը հրապարակայնորեն քննադատում էր ստալինիզմն ու երևան բերում հայ քաղաքական ու գիտական մտքի ավանդույթի, մշակութային ժառանգության վրա թողած դրա հետևանքները. հետևանքներ, որոնք, սակայն, չվերացան Ստալինի մահով, այլ հայտաբերեցին իրենց  նոր՝ հետստալինյան վերափոխումները: 

Ստորև ներկայացվող վավերագիրը Հովհաննիսյանի գրած ներածականն է 1962-ին Կենտրոնական կոմիտեին ներկայացված մի խումբ կուսակցականների զեկուցագրի համար: 1962-ին Կենտրոնական կոմիտեն կազմում է հանձնաժողով (անդամներ՝ Աշոտ Հովհաննիսյան, Գուրգեն Հովնան, Ռուբեն Զարյան, Գառնիկ Ստեփանյան, Գևորգ Էմին, Սուրեն Աղաբաբյան և Լևոն Խաչիկյան), որին հանձնարարվում է կարծիք ներկայացնել մի շարք հայ հեղինակների՝ Նարեկացու, Արշակ Չոպանյանի, Ռուբեն Զարդարյանի, Ռուբեն Սևակի, Սիամանթոյի, Լևոն Շանթի երկերի հրատարակության նպատակահարմարության մասին: Հովհաննիսյանի ներածական խոսքի առանցքում ստալինիզմի հաստատմամբ ասպարեզ եկած նացիոնալ-նիհիլիզմի քննադատությունն էր. նացիոնալիզմ, որ մերժում էր հայ ազգային մշակութային ժառանգությունն ու դատապարտում դրա վերհանման ու արժևորման փորձերը: Առանցքային է, սակայն, այն, որ ազգային մշակութային ժառանգության հանդեպ տասնամյակներ շարունակ նացիոնալ-նիհիլիզմի դրսևորած «գեզգոնության» մեջ էր հենց Հովհաննիսյանը տեսնում նացիոնալիստական մտայնության ծնունդը: Հովհաննիսյանը կարևորում էր ազգային մշակույթը քննադատող կեղծ օրակարգից հրաժարումն ու իրական նացիոնալիզմին բացճակատ քննադատություն հակադրելու մոտեցումը: Միայն այս կերպ, Հովհաննիսյանի հայացքում, հնարավոր էր զերծ մնալ ու հաղթահարել ստալինյան նացիոնալ-նիհիլիզմի դեմ, բայց միաժամանակ հենց դրանից ծնունդ առնող իրական նացիոնալիզմը:

Հովհաննիսյանը վավերագիրը որոշ խմբագրական միջամտությունների է ենթարկել, որոնք հրապարակվող տեքստում արդեն հաշվի առնված են: Հրապարակվում է ըստ՝ Մատենադարան, թղթ. 24415, վավ. 414, թթ. 2-4: 

 

Գրված որպես ներածական մաս կենտկոմին ներկայացված մի խումբ պարտիականների զեկուցագրի համար. 1962 թ. 

Անհատի կուլտի գաղափարական տիրակալության շրջանում հայ ազգային կուլտուրայի դեմոկրատական ժառանգության նիհիլիստական մերժումը հանդիսանում էր լենինյան ազգային քաղաքականությունը կասեցնելու և պարտիայի լենինյան կադրերը վարկաբեկելու առավել բանուկ միջոցը: Ազդու այդ միջոցի դեմ վահանավորվելու կանխահոգություն պիտի վերագրել թերևս այն փաստը, որ Հայաստանում սովետական կարգեր հաստատվելու առաջին քսանամյակի ընթացքում նախասովետական շրջանի հայ գրական երկերի հրատարակությունը սահմանափակվեց գրեթե միայն 90-ական թվականների գյուղագիրների կամ նրանց ժամանակակից գրական հատ ու կենտ այլ հեղինակների գործերով: Անգամ հայ նոր գրականության հիմնադիր Աբովյանի գրական ժառանգության հրապարակմանը պետք եղավ, որ կանխեր գրողի կյանքի և ստեղծագործության շուրջը ծավալված սուր դիսկուսիա: Հալածված էին ոչ միայն Ռ. Պատկանյանի երկերը, այլև նույնիսկ նրա մահարձանը: Րաֆֆիից հնարավոր համարվեց տպագրել սոսկ նրա առավել տկար գործերից մեկը «Ոսկի աքաղաղը»: Այդ երկը «անվնաս» էր նկատվել տպագրության համար, պարզապես այն նկատառումով, որ նրա մեջ չէր շոշափված որևէ ազգային-քաղաքական հարց:

Գրական ժառանգության նկատմամբ ցուցաբերված գերզգոնությունը արգելք չեղավ, որ ի վերջո անհատի կուլտի ծավալմանը զուգընթաց նացիոնալ-նիհիլիզմը գրոհի անցներ լայն ճակատով՝ Հայաստանի պարտիական ղեկավարությունը և գրական-կուլտուրական մարզի սովետահայ առավել որակյալ ու պատասխանատու կադրերը նշավակ դարձնելով  քաղաքական անլուր մեղադրանքների, նպատակ ունենալով «մերկացնելու» նրանց բուրժուական նացիոնալիզմը: Ծանր հարվածների տակ ընկան ոչ միայն հայ կլասիկ ժառանգության արժեքները, այլև այդ ժառանգության դեմոկրատական տրադիցիաները քննաբար օգտագործող սովետահայ գրողները: Նացիոնալիստական հակառևոլյուցիայի մեջ կասկածվեցին անգամ սովետահայ լավագույն գրողներն ու նրանց երկերը: Բավական է վերհիշել թեկուզ միայն մռայլ այն ստվերը, որ այդ տարիներին նետվեց Եղիշե Չարենցի և Ակսել Բակունցի պայծառ անունների վրա:

Հայտնի է, թե ինչի հանգեց մոլեգին այս գրոհը 1937-38 թվականներին: Սխալ կլիներ, սակայն, մտածել, թե հետագա տարիներին քաղաքական-գաղափարական պղտոր ալիքը չդիպավ հայ գրական կլասիկ ժառանգությանը: Ճիշտ է, որ վերահաս հայրենական պատերազմը մի պահ սանձեց նացիոնալ-նիհիլիստական քննադատության լայն երախը: Կարելի է ասել նույնիսկ ավելին: Հիմնավոր գիտելիքներից թափուր, պաշտպանած հայացքների հետևողականության մասին անփույթ և միջոցների խտրանք չորոնող նացիոնալ-նիհիլիստները լուռ մնացին այն իրողության հանդեպ, որ պատերազմի տարիներին գրական շուկան հեեղվում էր ցարական գեներալների ազգասիրական կենսագրականներով: Նրանցից ոմանք անձամբ իսկ ներբողներ էին ձոնում ազգային հին ու նոր հերոսներին ու մեծարում նրանց հայրենասիրությունը, օտարահաճ «կոսմոպոլիտիզմի» մեջ մեղադրելով մարդկային ամեն մի հույզ, որ չէր տեղավորվում ինքնամեծար ազգասիրության պատյանում:

Սակայն անցան պատերազմի տարիները և նացիոնալ-նիհիլիզմը նորից մտավ վաղեմի իր հունի մեջ, մոլեգնության զարթոնք ապրելով մանավանդ 1950-ական թվականների սկզբներին, այսպես կոչված «միասնական հոսանքի» շուրջը բորբոքված «դիսկուսիայի» ժամանակ: 1937-38 թվականների կադրերի ֆիզիկական ջարդերից կամ դրանց հաղորդած մասսայական աքսորումներից հետո «դիսկուսիայի» ժամանակ կադրերը ջարդվում էին սոսկ գաղափարաբանական առումով: Այնուամենայնիվ այդքանն իսկ բավական էր ռեսպուբլիկայի իդեոլոգիական կադրերի միտքը երկաթե կապանքներով շղթայելու համար: 1952 թվականի գաղափարաբանական ահեղ ջարդից հետո այլևս ի՜նչ խոսք կարող էր լինել անցյալի գրական ժառանգության դրական արժևորման մասին, երբ իդեոլոգիական ճակատի աշխատողներին իրավունք էր վերապահված որոճալու սոսկ մեկ անհատի տեսական հայտնությունները:

Չնայած նրան, որ 20-րդ և 22-րդ Համամիութենական Կոմպարտիայի համագումարներից հետո ներկայիս բացահայտված է անհատի կուլտի հակապարտիական էությունը՝ ասպարեզից վերացված չեն նրան ուղեկցած մի շարք հոռի երևույթները, այդ թվում նաև նացիոնալ-նիհիլիզմի հերյուրանքը:

Նման հերյուրանքը արդյունք է, երբ մեզանում նացիոնալիզմի ռեցիդիվ է համարվում այն, որ 1600 տարիներից ի վեր ազգային գիր ու գրականություն ունեցող մեր ժողովրդի մտավոր կադրերը պարծենում են ազգային կուլտուրայի հարուստ ժառանգությամբ, օգտագործում են այդ ժառանգության պրոգրեսիվ տրադիցիաները կամ տպագրությամբ լույս աշխարհ հանում դրանց առավել արժեքավոր նմուշները:

Միշտ չէ, հարկավ, որ անցյալի ժառանգությունը մատուցվում է հաջող ընտրությամբ կամ որ դրանց գնահատականը զերծ է ազգային սնապարծությունից: Բայց եթե հարկ կա ոչ միայն վեր հանել այս, այլև մատնանշել դրա իդեական ակունքները, ապա պիտի դիտել, որ հաճախ նացիոնալիզմի աղբյուր են հանդիսանում հենց նացիոնալ-նիհիլիզմի անպատիժ ելույթները: Նացիոնալ-նիհիլիզմի սանձազերծությունն է հենց, որ կոնտրաստների օրենքով սնունդ է տալիս ազգային ինքնամեծարման:

Այս առումով, եթե հարց է լինում նացիոնալիզմի ռեցիդիվներ կանխելու կամ դրանց դեմ պայքարելու մասին, ապա առաջին հերթին խոսք պետք է լինի հենց նացիոնալ-նիհիլիզմի ռեցիդիվների դեմ պայքարելու մասին, մերկացնելով նրա հակապարտիական էությունը ու հակահարված տալով հայ գրականության դրական արժեքների դեմ նացիոնալ-նիհիլիստների կողմից պարբերաբար կրկնվող ոտնձգություններին:

1962․ հունվ. 8