1990-ականների սկզբին՝ Հայաստանի անկախ պետականության կայացման շեմին, արցախյան հարցի շուրջ խմորվող ազգային պահանջատիրությունն ի հայտ էր բերում իր լարումները։ Նորանկախ պետականության կյանքում այս լարումներն արտահայտվում էին իրենց աղետալի ողջ հետևանքներով՝ հայ-ադրբեջանական խորացող հակամարտությամբ ու սահմանային բախումներով, շրջափակված տնտեսությամբ, բազմաթիվ մարդկային կորուստներով ու արցախահայ գաղթականության հոսքերով։ ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, նախկինում ՀՀՇ-ական Աշոտ Բլեյանը մեկն էր այն գործիչներից, ովքեր արցախյան հարցի լուծումը կապում էին Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու հետ։ Արցախյան հարցի լուծման այս տարբերակը Բլեյանը դիտարկում էր իբրև Հայաստանի անկախության կայացման ու Արցախի հայապահպանման միակ երաշխիքը։ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ու հայ-ադրբեջանական երկկողմ հարաբերությունների հաստատման մտահոգություններն էին միաժամանակ, որ 1992-ի նոյեմբերին՝ ղարաբաղյան պատերազմի ծանր շրջանում, Բլեյանին ուղղորդել էին Բաքու։ Իր այս այցի մասին մանրամասները Բլեյանը հետագայում տպագրում է Ազգ օրաթերթում՝ հայ հասարակական-քաղաքական դաշտում բուռն քննադատությունների ալիք բարձրացնելով։
Ներկայացվող վավերագիրը 1992-ի նոյեմբերի 17-ին ՀՅԴ կուսակցության Երկիր պաշտոնաթերթում Բլեյանի հոդվածի դեմ ուղղված սուր քննադատություններից է։ Հոդվածի հեղինակներն իրենք հստակ էին, որ թուրքերի մասին «հայի ձեռքով գրված ավելի խանդավառ ու ինքնամոռաց զեղումների չեն հանդիպել»։ Հետաքրքրականորեն, հոդվածագիրները կարծես Արցախն արդեն Հայաստանի տարածք երևակայելու դիրքերից է, որ քննադատում էին Բլեյանին, երբ նշում էին, օրինակ, «Արցախը կամովին ադրբեջանցիներին հանձնելու բլեյանական տեսակետի» մասին։ Իրենց այս դիրքորոշումներում հեղինակներն իրենք հենվում էին ոչ ավել, ոչ պակաս՝ Հայաստանի օրենսդրության ՝ 1992-ին ՀՀ Գերագույն խորհրդի հուլիսի 8-ի այն որոշման վրա, որով արգելվում էր ՀՀ իշխանություններին ստորագրել Արցախը Ադրբեջանի կազմում ամրագրող քաղաքական որևէ փաստաթուղթ։ Սա մի որոշում էր, որն ինքնին արդեն «օրինական» զենք էր դարձել՝ ուղղված Հայաստանի Հանրապետության դեմ։ Ի վերջո հեղինակներն իրենք համոզված էին, թե «Արցախյան հիմնահարցի լուծման բլեյանական տարբերակն այս դժվարին օրերում է միայն թվում տարբերակ». մի գնահատական, որ, ըստ էության, նույնանում էր ադրբեջանական ղեկավարության այն դիրքորոշման հետ, թե Բլեյանի ուղերձի ի հայտ գալն ու Բաքու այցը պայմանավորված էին Հայաստանում ու Արցախում հայերի համար ստեղծված քաղաքական ծանր իրավիճակով։ Սա մի գնահատական է, որ երևան է հանում այս շրջանում հողային պահանջատիրության գաղափարից հրաժարվելու ու Հայաստանի՝ 29.800 քառ. կմ տարածքը կարևորելու, ըստ էության, սոցիալ-տնտեսական անմխիթար հետնախորքը։
Հրապարակվում է ըստ՝ Է. Հարությունյան, Ա. Մարության, «Անալի էր, դարձավ խանձրահամ», Երկիր, 17 նոյեմբերի 1992 թ.։
ԱՆԱԼԻ ԷՐ, ԴԱՐՁԱՎ ԽԱՆՁՐԱՀԱՄ
Հայկական ասացվածք
Քենուն պատճառ է բռնել, յարին տեսնելու է գնում:
Հայկական ասացվածք
Եթե «Ազգի» նոյեմբերի 14–ի համարում տպագրված «Երբ շատ է դժվար, դիր փափախդ առաջդ ու խորհիր» երկար հոդվածը Աշոտ Բլեյանի քաղաքական առայժմ վերջին «կողմնորոշման» հերթական արտահայտությունը չլիներ, կմտածեինք՝ պատգամավոր–մանկավարժը, երկու ճակատում աշխատելով, գերհոգնածություն է ստացել, ինչն էլ հանգեցրել է մտավոր խանգարման: Բայց հոդվածը սույն պատգամավորի մշտական երգի քառատողերից մեկն է, ավելի ճիշտ՝ վերջինը, քանի որ խտացնում–ամփոփում է Ադրբեջանի կազմում Արցախը թողնելու այս խանդավառ երգչի քաղաքական դավանանքը: Իր աշակերտների պայծառ ապագայով «մտահոգված» մանկավարժը առաջին անգամ չէ, որ հանդես է գալիս հարևանից խաղաղություն մուրալու առաջարկություններով ու «թուրքի հանդեպ վախից ծնված ատելությունը» հաղթահարելու կոչերով: Բայց այս վերջին հոդվածը նոր որակ է՝ խմբագրության ծանոթության մեջ «համարձակ կարծիք» անվանյալ, իսկ իրականում՝ սրբապղծության հասնող արհամարհանք սեփական (՞) ժողովրդի հանդեպ և մեր ազգային արժանապատվությունը ցեխակոլոլ անելու անթաքույց կիրք: Մենք գոնե թուրքական քաղաքների, թուրքերի «բարեկեցության» ու նրանց «բնորոշ հյուրասիրության» մասին հայի ձեռքով գրված ավելի խանդավառ ու ինքնամոռաց զեղումների չենք հանդիպել:
Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններին հղած տխրահռչակ ուղերձի փաստը պրն Բլեյանին չի բավարարել, և «հոր, ուսուցչի, համայնքի ներկայացուցչի, այս մի քանի սար ու ձոր Հայաստան երկրի զավակի գիտակցումը» նրան տարել է Բաքու՝ ուղերձը անձամբ Ադրբեջանի ղեկավարներին հանձնելու: Սա «առաքելություն» է՝ «մի քանի սար ու ձոր Հայաստան երկրի զավակի» իր ընկալմանը հարիր, որ տեղավորվում է բլեյանական բարոյականության շրջանակներում: Եվ ինքն էլ Բաքվում «խցկվել–տեղավորվել է» իր ունեցած հինգ օրվա մեջ, ընդ որում, այնպես հիմնավոր, այնպես հարազատորեն է ձուլվել կասպիականին, որ կարծես ողջ կյանքն այնտեղ է անցկացրել:
Բանից պարզվում է՝ խավարամիտ ենք եղել, մեր ազգային սնապարծությամբ կուրացած ու չենք իմացել, որ մեր սահմաններից մի քանի քայլ այն կողմ դրախտ կա, անկրակոց ու խաղաղության մուղամներով լցված մի աշխարհ՝ լույսերի մեջ ողողված, առատությունից շնչահեղձ լինող, օրինապահ հպատակներով ու հպատակասեր ղեկավարներով: Եվ կմնայինք խավարի ու տգիտության մեջ, եթե նորօրյա առաքյալը Մոսկվա–Բաքու–Երևան ուխտագնացությունից չվերադառնար և «փափախը առաջը դրած»՝ խոհերն ու հարևանների գերիմաստուն պատգամները Ղազախի ճանապարհով չհասցներ «Ազգի» խմբագրություն: Բաքու–Արևի քաղաքի բարեկեցիկ կյանքի իդիլիային ծանոթանալուց, համաշխարհային քաղաքակրթության կենտրոն Թուրքիայից նոր վերադարձած լայնախոհ այրերին ու չգերազանցված մտավորական–ղեկավարներին ճանաչելուց հետո, հայ ժողովուրդն ավելի շատ կզգա հացի պակասությունը, քիչ ավելի կմրսի, կըմբռնի, վերջապես, իսկական կյանքի իմաստը, կհրաժարվի Հայրենիքի սնապարծ կարոտից, ինքնապաշտպանության ազգային էգոիզմից ու կերկրպագի այն լուսավորիչին, որ փափախի առաջ ծալապատիկ նստած՝ փրկության դուռ ցույց տվեց:
Խաղաղության ու դրկիցի հետ համերաշխ ապրելու ձգտում բոլորս ունենք, բայց ի՞նչ գնով, Արցախի վերջնական հոշոտմա՞ն: Պրն Բլեյանը հաճախ է սիրում խոսել այն մասին, որ մենք պատմությունից դասեր չենք քաղում, իսկ իր՝ պատմությունից դասեր քաղածի քաղաքական հավկուրությունն այնտեղ է հասնում, որ գրում է. «Հայաստան պետության, Լեռնային Ղարաբաղի, նրա ժողովրդի ու հայերի նկատմամբ չարություն չզգացի»: Ապա՝ «Շարունակ շեշտում են Լեռնային Ղարաբաղի ու նրա ժողովրդի՝ իր հողում ապահով ապրելու իրավունքի օրինականությունը: Չեն կասկածում, որ իրավասու են և կարող են լինել այդ իրավունքի ապահովողները: Չեն խուսափում ապահովության ցանկացած երաշխիքների քննարկումից, պատրաստակամ են անցնել այդ երաշխիքների իրագործմանը, եթե Ղարաբաղի ժողովուրդը հարգում է Ադրբեջանի սահմանադրությունը, ընդունում Ադրբեջանի քաղաքացիությունը»: Այս տողերը մեջբերելիս մարդ ինչ–որ զգացում է հաղթահարում ու ապշում, որ այսօր էլ թուրքի խոստացած երաշխիքներին հավատացող հայ մարդ կա, որ կոչ է անում զենքը վայր դնել ու հանձնվել նրա ողորմածությանը: Պրն Բլեյա՜ն, ապահովության այդ նույն երաշխիքներով ողջակիզվեցին ու մորթոտվեցին Սումգայիթի հայերը, Ձեզ հիացրած այրերը բորբոքեցին «խաղաղասեր» խուժանի մոլուցքը ու հրահրեցին Բաքվի ջարդերը: Ապահովության նույն երաշխիքներով են ռմբակոծվում արցախյան բնակավայրերը: Դուք իր հայրենիքի համար կռվող ժողովրդին կոչ եք անում ծնկի գալ թշնամու առաջ, սիրելով «հաղթել» նրան: Անբարոյականությունն էլ ինչպե՞ս է լինում: Դուք մինչև այսօր չեք հասկացել Արցախի Ազատամարտի էությունը և թուրքի պատգամախոս դարձած՝ մեր գլխին քարոզ եք կարդում, թե՝ «Դրկիցության, համագործակցության որքան կամուրջներ այրեցինք: Մենք ենք այրել: Հայ ու ադրբեջանցի այսօրվա սերունդը: Իմ սերունդը: Հայերս ենք սկսել ու խորացրել»: Ի՞նչ ենք սկսել, պրն Բլեյան, Ձեզ այդքան անհանգստացրած ինքնապաշտպանությունը որ չլիներ, այսօր Արցախ գոյություն կունենա՞ր, թե՞ Ձեզ խոստացվել էր նրա անվտանգությունը:
Երանի դարասկզբին ադրբեջանական մի խաղաղարար էլ մեր դուռը գար՝ հարևանի մեծահոգությամբ բերելով Նախիջևանի ու Արցախի հայկական տարածքները Հայաստանին վերադարձնելու որոշումը։ Բայց Ադրբեջանը խաղաղարար լուսավորիչների երկիր չէ։ Նրանց կենսական տարածքներ են պետք, մանավանդ որ մեզանում միշտ գտնվել են բլեյաններ, որ ընդառաջ են վազել։
Արցախյան հիմնահարցի լուծման բլեյանական տարբերակն այս դժվարին օրերում է միայն թվում տարբերակ։ Իրականում այն հայրենիքը կամովին թշնամուն հանձնելու փորձ է, որը մատուցվում է սոցիալական հոգսերի սպեկուլյացիայի միջոցով։ Արցախյան «գլխացավանքից» ազատվելու և հանգիստ իշխանավարելու ջայլամային քաղաքականության արտահայտություն։
Արցախը կամովին ադրբեջանցիներին հանձնելու բլեյանական տեսակետը չի ճանաչում ոչ ազգային արժանապատվություն, ոչ էլ բարոյականություն։ Խաղաղության հաստատման քաղաքական ուղիների որոնման փոխարեն նա առաջարկում է ստորագրել ստորացուցիչ մի պայմանագիր, որով մեկ սև էջ էլ կավելանա հայ ժողովրդի պատմության մեջ։ Եվ այս ամենն արվում է ազգի ժամանակավոր խեղճությունն ու դժվարությունները շահարկելով։ Պատահական չէ, որ Բլեյանը այդքան գունագեղ է նկարագրում Ադրբեջանի բարեկեցիկ կյանքը։ Չէ՞ որ դրանով ավելի են ընդգծվում արցախյան պատերազմի բացասական հետևանքները։ Բայց էժան հնարք է։ Ո՞ւմ պարզ չէ, որ Ադրբեջանի հետ ստորացուցիչ պայմանագրի կնքումով չի ավարտվի Հայաստանի շրջափակումը։ Մի՞թե դրանով խաղաղություն կհաստատվի Վրաստանում, Կովկասում և Ռուսաստանի հարավում։ Մի՞թե պարզ չէ, որ Հայաստանն այլևս ոչ մի գնով չի կարող դառնալ խաղաղության ու բարեկեցության կղզի, քանի դեռ վերջնականապես չեն ավարտվել դարասկզբին սկսված ու կիսատ մնացած ազգային պետականությունների ձևավորման գործընթացները։ Բլեյանի տեսակետը շատ է հիշեցնում մեկ առանձին երկրում սոցիալիզմ կառուցելու տեսությունը։
Ինչ վերաբերում է հակառակորդի կերպարի բնութագրման ոճին, ապա այն պարզապես հուսալքված մարդու ոճ է։ Այն վախեցած մարդու ոճ է, որը մեկ անգամ արդեն ընկնելով հիվանդագին սևեռումների մեջ, այլևս չի կարողանում դրանցից ազատվել։ Այլապես Ադրբեջանի կառավարության շենքն ու նավահանգիստը Բլեյանի մեջ այդքան սարսուռներ չէին առաջացնի։ «Ես Ադրբեջանի հզորությունից սարսռացի ու զարմացա՝ ո՞նց ենք կարողանում թերագնահատել այդպիսի ամուր պետությունն ու ինչպե՞ս ենք հանդգնում մեր թույլ թևերով ճոճել–ճեղքել այդպիսի գոյությունը»։ Հարցրեք արցախահայությանը, Ա. Բլեյան, հարցրեք նաև Ազատամարտիկներին, փառք Աստծո, նրանց արյունը դեռևս ջուր չի դարձել։ Հարցրեք նաև ադրբեջանցիներին, նրանք հաստատ Ձեզ պես չեն մտածում և Ձեր կարծիքին չեն։ Ինչ–ինչ, նրանք լավ գիտեն հայի ոգին։ Այլապես Ձեզ խորհուրդ չէին տա հայ ժողովրդին դաստիարակելու, քաղաքակիրթ դարձնելու համար հրաժարվել հայ մտավորականներից, այրել Զորի Բալայանի գրքերը (գուցե կրակը բորբոքողներից մեկն էլ Դուք լինեք), զգուշանալ Դաշնակցությունից։ «Հայ մտավորականները,— խրատում են Բլեյանի թուրք գործընկերները,— պարբերաբար իրենց ժողովրդին քաշում են ահավոր խաղի մեջ, հետո իրենք սուսուփուս քաշվում են մի կողմ։ Իսկ իրենց հանցագործ գրքերը մնում ու ծառայում են որպես դասագիրք սերունդներին։ Ե՞րբ եք հրապարակավ այրելու Զորի Բալայանի ու նրա նմանների գործերը… Դա ձեզ է պետք»։ Տեսնո՞ւմ եք, թե ինչ են ասում մեր հակառակորդները։ Իսկ Դուք ասում եք, թե Բաքվում հայ ժողովրդի նկատմամբ թշնամանք չզգացիք։ Չլինի՞ Բլեյանը կարծում է, թե հայ մտավորականները, սփյուռքահայությունը, Դաշնակցությունը այլևս հայ ժողովրդի մասնիկ չեն։ Այդ նույն ոգով չէ՞ր, որ 15 թ. գարնանային մի օր սրի քաշվեցին հայ մտավորականները։ Կասկած չկա։ Ադրբեջանցիները շատ կուզեին, որ հայ ժողովուրդը իր պատմությունը սերտեր բունիաթովների գրքերով և իր մասին դատեր անարների կաղապարներով։ Ասենք, Դուք էլ եք այդպես դատում։ Եթե խորապես համոզված եք, որ այս պատերազմում հաղթողը նրանք են, ու մենք սուր ենք ճոճում պարտության հաստատ ելքով, ուրեմն Դուք ևս հայ ժողովրդին մազոխիստ եք համարում։ Դե, էլ ինչու պատեպատ խփվել, իրերն իրենց անունով կոչեք, որ իմանանք՝ ով ով է։
Ա. Բլեյանը հաստատ համոզված է, որ Հայաստանի ներքաղաքական կյանքը համեմատաբար կայուն է։ Համենայնդեպս չես համեմատի Ադրբեջանի հետ։ Ինչ–ինչ, բայց Հայաստանում կուսակցական «գզվռտոց» չկա։ Սարսափահար մարդու երևակայություն է պետք այդ ամենը չտեսնելու և հիանալու Ադրբեջանի ներքաղաքական կայունությամբ։ Ասես ոչ թե Ադրբեջանում, այլ Հայաստանում է եղել նախագահների հերթափոխման շարանը։ Բայց հակառակորդի ուժի ու հնարավորությունների գովերգը դրանով չի ավարտում։ Բլեյանը մի չքողարկված հիացմունքով է խոսում իրենց պետության մի թիզ հողի համար պայքարելու ադրբեջանցիների հաստատակամության մասին։ Չէր խանգարի դաս քաղել։ Մինչդեռ այդ վճռականությունից Բլեյանն անում է տարօրինակ եզրակացություն՝ իզուր ենք կռվում։ Իզուր ենք բարեկամի մեջ հակառակորդ փնտրում։ Պարզվում է՝ Զանգեզուրի վերաբերյալ ադրբեջանական նկրտումները հայերի հորինածն է։ Ադրբեջանի դիրքորոշումը հստակ է, Զանգեզուրը՝ հայերին, Արցախը՝ ադրբեջանցիներին։ Ինչպիսի՜ մեծահոգություն։ Գուցե Սևանն էլ մեզ բաշխեն։ Դե ինչպես չհարգես ու զենքը վայր չդնես նման մեծահոգի հարևանի առջև։ Ինչևէ։ Բլեյան–անհատի ազգային արժանապատվության հարցը իր գործն է։ Բայց չէ՞ որ նա նաև հավակնում է քաղաքական գործչի պատվավոր դերին, գործիչ, որը պարտավոր է նման առաքելությամբ հակառակորդի մոտ գնալուց առաջ պարզել սեփական իշխանությունների, ժողովրդի և, ինչ խոսք, առաջին հերթին արցախահայության և նրա կողմից ընտրված օրինական իշխանությունների կարծիքը։ Անտեսել Արցախի օրինական իշխանությունների կարծիքը, հարցն այնպես ներկայացնել, թե հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև է՝ նշանակում է հաստատել ադրբեջանական կողմի քաղաքականությունը։ Ի վերջո, ուզում ենք մեկ անգամ ևս հարցնել. վերջապես, Հայաստանի քաղաքացիները պարտավո՞ր են ենթարկվել և սրբությամբ կատարել հայրենիքին ծառայելու Հայաստանի Հանրապետության օրենքները, թե՞՝ ոչ։ Չէ՞ որ ՀՀ ԳԽ որոշմամբ բացառված է Արցախը Ադրբեջանի կազմում թողնելը։ Շրջանցել այդ որոշումը և հակառակորդի հետ տարածքային առևտուր անել՝ նշանակում է դավաճանել պետությանը։ Ի՞նչ երաշխիք, որ վաղը մեկ այլ «քաղաքական գործիչ» խաղաղության պատրվակով պետության թիկունքում առևտրի առարկա չի դարձնի Հայաստանի այս կամ այն տարածքը։
Ո՞վ է տեսել, որ փաստական պատերազմի մեջ գտնվող իր հայրենիքի պաշտպանության ամրապնդման համար մատը մատին չխփած պատգամավորը, «անպաշտպանվածությունը մեր պաշտպանվածությունն է» անհեթեթության ամենանվիրյալ հետևորդը անսքող հիացմունքով նկարագրի հակառակորդի պաշտպանական համակարգը։ Սա ծաղր չէ՞ միթե։ Ավելի ճիշտ՝ անանուն մի երևույթ է, որ բանականության սահմաններում չի տեղավորվում։ Ընդհանրապես, Բլեյանի հոդվածում նման երևույթներ շատ կան։ Միայն մի հարց ուղղենք հայ պատգամավորին. թուրք դերձակի հյուրասիրությունը վայելելիս հիշեցի՞ք ցեխոտ խրամատներում կանգնած Ազատամարտիկներին, և եթե այո, հիշեցի՞ք նրանց դեմքի արտահայտությունը ու նրանց ընտանիքներում հորը սպասող զավակների հայացքները։ Ու ութ ռուբլիանոց լավորակ հացի պատառը ո՞նց կուլ տվիք…
Ձեր ողջ հոդվածի «տրամաբանությունը», կարոտած հայրենիքի սիրով Ղազախի լուսավոր ու վաճառաշահ ճամփաների նկարագրությունը հուշում է, որ Դուք թուրք դերձակին համերաշխության չալմա էլ պատվիրած կլինեք, որովհետև հաստատ է Ձեր «կոնցեպցիայի» կիրարկումից ու Արցախ–Հայաստանի վերջնական կործանումից հետո, որպես նախկին հարևանների ներկայացուցիչ, Ադրբեջանի միլլի մեջլիսում Ձեր պատվավոր տեղը կունենաք…