Հայաստանի անկախության «ռեալ երաշխիքները». Կտրիճ Սարդարյանը ղարաբաղյան հակամարտության մասին

 

Ներկայացվող վավերագիրը Կտրիճ Սարդարյանի՝ 1991-ին գրված «Եթե չսթափվենք այսօր, դարը կփակենք այնպես, ինչպես սկսել ենք» վերտառությամբ հոդվածն է։ Կտրիճ Սարդարյանը 1990-ին Անկախ պետականության հաստատման և ազգային քաղաքականության հանձնաժողովի նախագահն էր։ Նրա այս հոդվածը լավագույնս վեր է հանում 1990-ականների սկզբի հայ քաղաքական դաշտում ղարաբաղյան ազգային-ազատագրական պայքարից դեպի անկախ պետականության կայացման կարևորությանն անցումը։ Սարդարյանի քաղաքական դիրքորոշումների ետևում Հայաստանի առջև անկախությամբ բացված նոր իրականությունն էր՝ տարածաշրջանում Թուրքիայի և Ադրբեջանի հետ խաղաղ ու «առանց միջնորդների» գոյակցելու անխուսափելիությունը, ինչը Սարդարյանը համարում էր մեր «անկախության ռեալ երաշխիքները»։ Այս կետում է, որ Սարդարյանը տեսնում էր ղարաբաղյան հակամարտության խոչընդոտը ու դրա լուծումը կապում Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու հետ։ Համոզված լինելով, որ «առանց Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման, չի լինի անկախ Հայաստան»՝ Սարդարյանը այս խնդիրն ուղղակիորեն առնչում էր նաև Հայաստանի՝ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը՝ նշելով, որ եթե չկարգավորվի Ղարաբաղի հարցը, «կձգձգվի նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը»։

Եթե Սարդարյանի դիրքորոշումների մի կողմում տարածաշրջանային խնդիրներն էին, ապա մյուսում՝ համաշխարհային մեծ քաղաքականություններն ու ղարաբաղյան ազգային-ազատագրական պայքարի երկամյա փորձը։ Դրանք էին, որ Սարդարյանին հանգեցրել էին այն հետևությանը, թե արևմտյան քաղաքակրթության ցուցիչ հանդիսացող մարդու իրավունքների կամ ազգերի ինքնորոշման գաղափարները ոչ այլ ինչ են, եթե ոչ ուժեղների կամքը թելադրող քաղաքական միություններ։ Եվ ուրեմն, ըստ Սարդարյանի, Հայաստանն ինքը ղարաբաղյան պահանջատիրության հարցում չուներ քաղաքական այդ ներուժը և դա էր, որ միաժամանակ Սարդարյանին հանգեցրել էր Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մտքին։ Հոդվածում Սարդարյանն այսպիսով փորձում էր նժարել մի կողմից ազգային ցանկությունների, մյուս կողմից սեփական հնարավորությունների միջև անհամաչափությունը։

Հրապարակվում է ըստ՝ Կտրիճ Սարդարյան, Պատմություն եւ իրականություն (Երևան։ Պարբերական, 1991), էջ 133-141։

 

 

ԵԹԵ ՉՍԹԱՓՎԵՆՔ ԱՅՍՕՐ, ԴԱՐԸ ԿՓԱԿԵՆՔ ԱՅՆՊԵՍ,

ԻՆՉՊԵՍ ՍԿՍԵԼ ԵՆՔ

Վերջերս, ուրիշ առիթով, ես գրեցի այս տողերը, սարսռեցի: Գիտակցում եմ, որ դաժան վերնագիր է, բայց քանի որ միշտ գրել ու ասել եմ, որ մեր անիրատես և հոխորտացող բնավորությունը մեր առաջին թշնամին է, ուստի այսօր, երբ իմ կարծիքով հասել ենք մի սահմանագծի, որից այն կողմ անդունդ է, պատասխանատվության գիտակցությունն ինձ ստիպում է ասել բաներ, որոնք կարևոր եմ համարում:

Այն, ինչ որ գրելու եմ, բնավ չի միտում ընդդիմախոսի անպտուղ կեցվածքի, որն այսօր սովորական երևույթ է դարձել մեր քաղաքական խմբավորումներից շատերի համար: Շատերն այնպիսի եռանդով են պղտորում ջուրը, որ կարծես բոլոր հարցերը լուծել ենք, կայուն պետություն ենք դարձել և տրվել ենք միջկուսակցական անպտուղ վեճերի խրախճանքին:

Շուրջ մեկ տարի, ես ոչինչ չեմ գրել, որովհետև կառավարության անդամ լինելուս հանգամանքը ստիպում էր զերծ մնալ կուսակցական վեճերից: Բացի այդ, մտածում էի, որ արդեն գործնական քաղաքականությամբ պետք է իրականացնենք այն գաղափարները, որոնք անզիջում պրոպագանդել էինք իշխանության գալուց առաջ: Համոզված էի, որ իշխանության մեծ և ծանր պատասխանատվությունը մեր միջից դուրս կվաներ աղմկարարությունն ու ամբոխավարությունը: Առավել ևս համոզված էի, որ լրջորեն կնժարենք մեր ուժերն ու հնարավորությունները և մեր քաղաքական վարքագիծը կհամապատասխանեցնենք դրան: Համոզված չէի միայն, որ պետականության գաղափարները հեշտությամբ կդառնան համակարգված քաղաքական գիծ: Այդ մտավախությունն իմ մեջ կար նաև մինչև իշխանության գալը և այն գնալով խորացավ, մանավանդ երբ ՀՀՇ–ի կողմից ընտրված պատգամավորները հեշտությամբ անցան այս կամ այն կուսակցության շարքերը: Նաև պատմական փորձով գիտեի մեր ժողովրդի և նրա կուսակցությունների հոգեբանությունը: Տեսնում էի, որ օպոզիցիոների հոգեբանությունը խանգարում է պետական, կառուցողական աշխատանքներին:

Գիտեի նաև, որ մեր ժողովուրդը իր ցանկություններն ու զգացմունքները չափավորում է միայն հերթական պարտությունից հետո:

Չգիտեմ ինչու, միշտ ինձ թվացել է, որ սա մեր վերջին հնարավորությունն է: Եվ եթե այս անգամ էլ չկարողացանք օգտվել պատմության ընձեռածից, կկործանվենք վերջնականապես: Տար Աստված, որ ես սխալվեի և հեռանայի քաղաքական արենայից հանգիստ խղճով: Սակայն օր–օրի զարգացող իրադարձությունները ոչ միայն չեն փարատում կասկածներս, այլևս տեսանելի են դարձնում այն անդունդը, որի մեջ մենք կարող ենք հայտնվել: Արդեն տարի ու կես է, ինչ մենք համառորեն փորձում ենք համատեղել անհամատեղելին: Մի կողմից Ղարաբաղի, մյուս կողմից անկախ պետության ստեղծման խնդիրն էր: Ո՞րն էր հիմնականը: Կամ մեկը, կամ մյուսը: Երկուսը զուգադրելով, մենք պետք է կորցնենք և՛ մեկը, և՛ մյուսը:

Որպես քաղաքական կազմակերպություն մենք ասացինք, որ կարևորը պետականությունն է, իսկ որպես իշխանություն չկարողացանք այն հստակ և ընդունելի քաղաքական գիծ դարձնել: Ճշմարտություն է նաև, որ այս հարցում իշխանություններին մեծապես խանգարեց ընդդիմությունը: Բայց չէ՞ որ ընդդիմության իմաստը հենց նրանում է, որ իր գիծն առաջ տանի: Կորստաբեր է այն ժողովրդի համար, թե ոչ, դա նրան բացարձակապես չի հետաքրքրում: Նրանք միայն կրկնում են, որ հիմնահարցը Արցախն է: Սակայն իմ խոսքն ընդդիմախոսներին չի վերաբերում, որովհետև պատմության առաջ պատասխանատու են ժողովրդի կողմից ընտրված իշխանությունները: Հասկանում եմ նաև այն մարդկանց վիճակը, որոնք պատասխանատվություն են զգում Ղարաբաղի ճակատագրի համար: Սակայն հենց այդ հանգամանքը պետք է ստիպեր գործնականապես հրաժարվել առճակատումից: Ասում են Ղարաբաղը կորցնելը Հայաստանի մահն է: Այսպես մտածողները ոչ մի կերպ չեն ուզում հասկանալ, որ մի բան կորցնելուց առաջ այն պետք է ունենաս: Նաև չեն ցանկանում հասկանալ, որ այդ ճանապարհը, որով իրենք գնում են, միանգամայն ձեռնտու է Ադրբեջանին: Կյանքը ցույց տվեց, որ Արցախի մահը մեզ համար նրա հայաթափումն է, մանավանդ, որ դու ուժ չունես այն կանխելու: Դրա լավագույն ապացույցը պատմությունն է: 1990 թ. սեպտեմբերին, երբ բարենպաստ պայմաններ էին ստեղծված հարցը կարգավորելու, մենք չօգտվեցինք հնարավորությունից: Արդյունքում հայաթափվեցին մի շարք գյուղեր: Աղմկեցինք, դիմեցինք աշխարհին: Հսկայական, բայց ապարդյուն ջանքեր գործադրեցինք համաշխարհային դեմոկրատիային հասկացնելու, որ անտեսվում է՝ մարդու, ազգի իրավունքները: Գտանք նոր բարեկամներ աշխարհի տարբեր երկրներում: Եկան, արձանագրեցին, վշտացան, մեղադրեցին, բայց դրանից ի՞նչ օգուտ: Մենք հո սեփական փորձով գիտենք, որ այս տարածքներում չեն գործում միջազգային նորմեր: Ուժ ունես, հարցերդ լուծիր, չունես՝ ոտքդ գցիր վերմակիդ չափով: Հետո օգոստոսին տեղի ունեցավ մոսկովյան «անհաջող» հեղաշրջման փորձը: Հրապարակից հեռացան պուգոներն ու կրյուչկովները: Այս միջադեպը ևս մեծապես խանգարեց մեր գործերին: Կրկին քաղաքական այս տեղաշարժի մեջ սկսեցին համառորեն մեր շահը փնտրել: Չնայած որ քանիցս փորձով համոզվել էինք, որ մեծ տեղաշարժերը միայն ավելորդ ոգևորություն են առաջացնում: Ինչքան որ Գորբաչովի սկսած վերակառուցումը կապ չուներ Ղարաբաղի հետ, այնքան էլ այս հեղաշրջումը: Բայց քանի որ մենք փորձի վրա չենք սովորում, սկսվեց անիմաստ ոգևորությունը: Ղարաբաղը հայտարարվեց հանրապետություն: Սկսված գործը փաստորեն կիսատ մնաց: Անմիջապես Ադրբեջանի հետ բանակցություններ սկսելու փոխարեն, փորձեցինք գործը կարգավորել Ելցինի և Նազարբաևի միջնորդությամբ: Միամտորեն հավատալով, որ մենք մտել ենք պետական խորհրդի մեջ և քանի որ Ադրբեջանը չի մտել, ուրեմն մեր գործերը լավ կգնան: Անտեղի ոգևորությունից օգտվեցին նաև որոշ ուժեր և սկսեցին իրենց անօրինական գործողությունները սահմանամերձ շրջաններում, որի հետևանքով 42 օր շարունակվեց երկաթուղային շրջափակումը: Նույնանման գործողությունների հետևանքով ադրբեջանցիները պայթեցրին «Կրասնի մոստի» գազամուղը, այնուհետև փակեցին գլխավոր գազամուղը: Այս ինքնագլուխ գործողություններից վնասվում է միայն Հայաստանը: Ի հեճուկս մեզ, յուրաքանչյուր քաղաքական շրջադարձից շահած է դուրս գալիս Ադրբեջանը:

Ռուսաստանը գորբաչովյան է, թե ելցինյան, միևնույնն է, որովհետև քաղաքականությունը մնում է քաղաքականություն, իր դաժան օրենքներով: Ասածներս բնավ չի նշանակում, որ պետք է հիասթափվենք Ռուսաստանից: Ընդհակառակը, Ռուսաստանի հետ ամենասերտ հարաբերություններով պետք է հասնենք այն բանին, որպեսզի նա ճանաչի Հայաստանի անկախությունը: Բայց ընդհանրապես մտքներիցս պետք է հանենք, որ Ռուսաստանի միջոցով մենք կարող ենք ազդել Ադրբեջանի վրա: Պատմությունը ցույց է տվել, որ միշտ հակառակն է ստացվել և կստացվի այդպես հետայսու: Ընթերցողը կասի, որ քննադատելը հեշտ է, մանավանդ, որ ես ևս մեղքի բաժին ունեմ այն հարցում, որ մեր քաղաքականությունն այսպիսի ընթացք է ստացել: Եվ ճիշտ էլ կանի: Այդ պատճառով էլ ես չեմ փորձի արդարանալ և ապացուցել, թե որքան եմ վիճել և փորձել ապացուցել, որ այդ ճանապարհը մեզ տաճար չի հասցնի, և կկանգնենք ծանր վիճակի առաջ: Կարծում եմ, որ քաղաքականության մեջ այդ հիմնական բացթողման համար բոլորս ենք մեղավոր: Այս հարցում կան և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ բազմաթիվ պատճառներ, որոնց կանդրադառնամ ուրիշ առիթով:

Վերջապես իմ մտահոգությունը ոչ թե մեղավորներ փնտրելն է, այլ որպեսզի կտրուկ շրջադարձ կատարենք մեր քաղաքականության մեջ և փորձության չենթարկենք մեր նորաստեղծ պետությունը:

Այս առումով ինձ հատկապես մտահոգում է հանրապետության ղեկավարների նոյեմբերի 5–ի տնտեսական ընկերակցության երկրների ղեկավարներին հղած դիմումի ոգին: Ուրեմն մի կողմից մենք ասում ենք, որ պատրաստ ենք Ադրբեջանի հետ հարցերը լուծել բանակցությունների միջոցով, մյուս կողմից էլ պահանջում ենք, որ ոչ միայն նրանք, այլև աշխարհի երկրները պատժամիջոցներ կիրառեն Ադրբեջանի նկատմամբ: Այս դիմումը ցույց է տալիս, որ մենք իշխանություն դառնալուց հետո էլ չենք մոռացել աղմկարարի մեր սովորությունը և, որ ավելի կարևոր է, հավատում ենք, որ մեզ կօգնեն: Բերեք մտովի հաշվենք, թե քանի այսպիսի հայտարարություններ ու դիմումներ ենք գրել: Վերջապես մենք ունեցել ենք գաղափարախոսություն, թե՞ ոչ: Եթե ունեցել ենք, իսկ որքան ինձ հայտնի է՝ ունեցել ենք, ուստի պետք է գործնականում այն կիրառենք: Պետություն ենք՝ պետական քաղաքականություն վարենք և ոչ թե դիմումներ տարածենք, որ կարդան ու ասեն՝ «խեղճ հայ ժողովուրդ»: Եվ վերջապես ամենակարևորը, որ այս դիմումներն ու գրությունները պահանջատիրական կեցվածքին վայել բաներ են: Լավ, ենթադրենք, որ սա էլ մի վերջին փորձ էր: Համոզվեցինք, որ էդ պետական խորհրդի անդամները մեզ չեն օգնի: Եթե համոզվեցինք, ուրեմն վերջնականապես ընդունենք, որ Ղարաբաղի հարցում Մոսկվա տանող բոլոր ճանապարհներն անցնում են Ադրբեջանով, որը մեր անմիջական  հարևանն է, և գործ ունենանք նրա հետ: Այս է եղել իմ առաջարկը միշտ և այսօր էլ խնդրելով պնդում եմ գնալ Բաքու: Գիտեմ դժվար է, նույնիսկ շատ դժվար, որովհետև հարմար պահերը բաց ենք թողել: Բայց միևնույն է, այլ ճանապարհ չկա: Պետք է մի կողմ թողնել միջնորդությունը, որովհետև դա երկար կտևի, իսկ պատմությունը սպասել չի սիրում, և անմիջական բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ: Գիտեմ նաև, որ ծանր են լինելու բանակցությունների արդյունքները: Անչափ ծանր են լինելու: Մենք այդպիսի ժողովուրդ ենք, ժամանակին չենք ընդունում նպաստավորը, հետո ստիպված ենք լինում ընդունել աննպաստը: Չգնացինք այսօր այդ քայլին, վտանգելու ենք նաև Հայաստանը: Առանց Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու, չի լինի անկախ Հայաստան:

Չնայենք մեղադրողներին և մեր խրոխտ պահանջատերերին: Նրանք արդեն մեզ որակել են… Հայ դատ և պահանջատիրություն չհետապնդելու համար։

Հասկացողը կհասկանա, որ Հայաստանի Հանրապետությունը Ղարաբաղի համար արեց հնարավոր և նույնիսկ անհնարին ամեն ինչ։ Փորձվեցին բոլոր ճանապարհները և բոլորն էլ տարան փակուղի։ Մնում է, որ և՛ Հայաստանում, և՛ Ղարաբաղում հաշտվեն այն մտքի հետ, որ Ղարաբաղը մնալու է Ադրբեջանի կազմում։ Եթե մի քիչ էլ ուշացնենք՝ Ղարաբաղն առանց հայերի կմնա Ադրբեջանին, որից հետո պարզապես կպայթի Հայաստանի համար կործանարար, հայ–ադրբեջանական պատերազմը։ Այս պարագայում, իսկապես, Ղարաբաղի կորուստը Հայաստանի մահը կդառնա։ Ի՛նչ է, այդքանը պետք է ապրենք, որպեսզի մեր հոխորտանքը խոհեմության զգեստ հագնի։ Բերեք գոնե մի անգամ վնասի կեսից ետ կանգնենք, այլապես, ծանր, շատ ծանր ժամանակներ են սպասվում մեզ։ Ես շատ եմ վախենում, որովհետև նոյեմբերի 5–ի դիմումի ոգին և տիրող մտայնությունը հուշում է, որ եթե ակնկալվող օգնությունը չլինի, իսկ այն չի լինելու, սկսվի համաշխարհային աղմուկը։ Արդեն մի քանի ամիս է, ինչ շեփորվում է, որ իբր ռուսական և նաև համաշխարհային դեմոկրատիան պարտք է Ղարաբաղին, ուստի Ղարաբաղի հարցը պետք է դարձնել համաշխարհային հարց։ Քաղաքականության հետ ոչ մի կապ չունեցող նման մտայնությունը սնվում է այն կեղծ և ինքնամեծար հարցադրումից, որ իբր վերջին տարիներին կատարված համաշխարհային դրական տեղաշարժերը սկսվեցին ղարաբաղյան շարժումով։ Չնայած կեղծ հարցադրում է, բայց ենթադրենք, թե այդպես է, բայց դրանից ինչ օգուտ։ Այդ տրամաբանությամբ աշխարհի քրիստոնյա երկրները հազար անգամ պետք է փրկած լինեին Հայաստանը, որովհետև նա առաջինն էր ընդունել քրիստոնեությունը։ Քանի անգամ մենք պետք է խաղալիք դառնանք հզորների ձեռքին, մեզ օգտագործեն, հետո գցեն մի կողմ, իսկ մենք աղմկենք, որ համաշխարհային տեղաշարժերի մեջ մեծ ներդրում ունենք, օգնեք մեզ։ Այս առումով, իսկապես որ համաշխարհային ազգ ենք։

Եթե ասածներս չեն համոզում, բերեմ պատմական օրինակ։ Հայ իրականության մեջ նույն հոգեբանությունն էր իշխում նաև դարասկզբին։ Մեր այնօրյա քաղաքական գործիչները փոխանակ ընդունեին, որ առաջին աշխարհամարտում իրենք խաղալիք են դարձել, որի պատճառով մեծ զոհեր տվեցինք, աշխարհամարտի ավարտից հետո համառորեն պնդում էին, որ Հայաստանը հաղթանակած մեծ տերությունների դաշնակիցն է եղել և մեծ դեր է խաղացել նրանց հաղթանակի գործում (երևակայական ինչպիսի հիվանդություն)։ Իրենց համար այս բանը հորինել էին և կառչելով դրան քաղաքականություն էին կառուցում, համոզված լինելով, որ եկել է պարտքը փոխհատուցելու ժամանակը։ Սրանից էլ կործանարար այն հետևությունը, որ Եվրոպան անպայման իրեն կօգնի։ Թուրքիայից Հայաստանի պատմական հողերը խլելու և իրենց է տալու։ Այս հոգեբանությունն էլ հիմնականում խանգարեց հարևան երկրների հետ հարաբերություններ հաստատելուն, որը կործանարար հետևանք ունեցավ։

Այժմ գամ հիմնական հարցին, թե ես ինչու անցած շրջանում այսպիսի սրությամբ չէի զգում վտանգի մոտալուտ լինելը։ Խնդիրն այն է, որ ընդհանուր քաղաքականության մեջ կատարվում են մեծ տեղաշարժեր, իսկ մենք շատ դեպքերում շարունակում ենք քաղաքականությունը կառուցել առանց այդ գործոնները հաշվի առնելու։ Խոսքս վերաբերում է մտահոգող այն հանգամանքին, որ Թուրքիան, որը մինչև մեր անկախության հռչակելը պասիվ գործոն էր, այժմ դառնում է ակտիվ գործոն և չի կարող անմասն մնալ Անդրկովկասում կատարվող իրադարձություններին։ Ինձ մեծապես մտահոգում է այս հարցը, նաև այն պատճառով, որովհետև բազմիցս գրել ու ապացուցել եմ, որ անկախության գնալիս Թուրքիայից չպետք է վախենալ։ Այսօր էլ եմ պնդում, որ Թուրքիան Հայաստանի անկախությունը կճանաչի 30 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա։ Այս կարծիքին ես եկել եմ հայ–թուրքական հարաբերությունները մանրակրկիտ վերլուծելուց հետո։ Չնայած դրան, այսօր մեծ մտավախություն ունեմ, որովհետև պետություն դառնալուց հետո էլ, մեր քաղաքական վարքագծի մեջ խորը տեղաշարժեր չեն կատարվում։

Այս հոդվածը գրելու հիմնական շարժառիթներից է նաև այն, որ նոյեմբերի 9–ին թուրքական կառավարությունը ճանաչեց Ադրբեջանի անկախությունը։ Շատերը կասեն՝ ինչ անենք, որ ճանաչեց, որն է դրա վտանգը։ Առաջին հայացքից ոչ մի վտանգ չկա, որովհետև ընթանում են պատմական պրոցեսներ և միանգամայն բնական է, որ Թուրքիան ճանաչում է հարևան Ադրբեջանի անկախությունը։ Իրոք որ այս փաստի մեջ անբնական կամ մեր նկատմամբ թշնամական արտահայտության նշույլ անգամ չկա։ Կա միայն մտահոգող հանգամանք, որը վերաբերում է ոչ թե նրանց, այլ մեզ, որովհետև մեր քաղաքականությունը չենք համապատասխանեցնում կատարված տեղաշարժերին։ Խոսքը վերաբերում է հարևան երկրների հետ հարաբերություններ հաստատելու մեր քաղաքական վարքագծին։ Այս պարագայում էլ նույն վիճակն է։ Մեր քաղաքական գործիչները խոսքով քանիցս (ավելի շատ քան անհրաժեշտ է) նշել են, որ Թուրքիայի հետ պետք է հաստատել տնտեսական հարաբերություններ։ Սկզբից Թուրքիան հակված էր հարաբերություններ հաստատելուն, սակայն մենք այնքան խոսեցինք մեր նեղ տնտեսական վիճակի մասին, որ նրանք կամաց–կամաց եկան այն համոզման, թե հայերին միայն տնտեսական նեղ վիճակն է ստիպում հարաբերվելու Թուրքիայի հետ։ Պարզ է, որ նրանք գնալով պետք է ձգձգեն տնտեսական պայմանագրի ստորագրումը։ Մի խոսքով, հարմար ժամանակ կորցրինք նաև Թուրքիայի հետ հարաբերություն հաստատելու հարցում։ Գնալով ավելի կդժվարանա այս գործը, որովհետև շուտով կկնքվի ադրբեջանա–թուրքական ռազմաքաղաքական պայմանագիր, որն էլ ավելի կդժվարացնի մեր գործերը։ Ադրբեջանը կդառնա Թուրքիայի վրա ազդող գործոն։

Ամենամտահոգողն այն է, որ Ադրբեջանը կձգտի Թուրքիային ներքաշել հայ–ադրբեջանական վեճի մեջ՝ որպես միջնորդի։ Այդ ինչու հեռավոր Ղազախստանը և Ռուսաստանը կդառնան միջնորդ, իսկ հարևան Թուրքիան՝ ոչ։ Հենց այդ պատճառով էլ պետք է ձեռք քաշել միջնորդներից և կարճ ժամանակում կարգավորել հայ–ադրբեջանական կնճիռը անմիջական բանակցություններով։

Եթե մենք չկարողանանք կարգավորել Ղարաբաղի հարցը և վերջ տանք Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցող սահմանային բախումներին, կձգձգվի նաև հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը։

Ընդհանրապես ասած, մեր քաղաքականության մեջ ես հիմնական բացթողում եմ համարում հարևան երկրների հետ միջպետական հարաբերությունների հաստատումը։ Այս հարցերն են մեր անկախության ռեալ երաշխիքները։ Այս կարևոր բացը կարճ ժամանակահատվածում շտկելու համար անհրաժեշտ է ոչ միայն ցանկություն, այլև հստակ գործողությունների ծրագիր։ Մեր պետության գոյության և միջազգային ճանաչման անհրաժեշտ նախապայման պետք է նկատել նրա ճանաչումը Անկարայի, Բաքվի և Մոսկվայի կողմից։ Այս երեքի հետ Հայաստանը հարաբերություններ պետք է հաստատի՝ բացառելով միջնորդությունը։ Այս խնդրի հետ կապված ևս մի մտահոգություն, որն ինձ կարևոր է թվում։

Եթե Թուրքիան խառնվի մեր գործերին, անկախ քաղաքական գործիչների կամքից, հայկական հարցը կրկին կարող է դառնալ միջազգային հարց։ Տիրապետող այս հոգեբանությունը չի կարելի անտեսել։ Վերջապես, չի կարելի անտեսել, որ հայկական բացբերան, անպետական հանդեսները պահանջատիրություն ու հայ դատ են քարոզում օրնիբուն։ Թուրքիան լավ հետևում է այդ ամենին, և միայն քաղաքական առաջնորդների խոսքերը նրանց չեն համոզում, որ հայերն իսկապես  ցանկանում են կայուն հարաբերություններ հաստատել իրենց հետ։ Ասենք ինչու միայն թերթերն ու հանդեսները։ Մեր քաղաքական գործիչներից շատերն էլ պետական քաղաքականությունը չեն տարբերում պատմության կամ աշխարհագրության դասագրքից։ Հիշենք, թե խորհրդարանն ինչպես հռչակագրին պարտադրեց Ղարաբաղի և ցեղասպանության հարցը։ Ինչ մոլուցքով էին պատգամավորները ձգտում խորհրդարան մտցնել և ընդունել տալ, որ Հայաստանը գտնվում է ազգային–ազատագրական պայքարի մեջ։ Կամ 1921 թ. ռուս–թուրքական պայմանագրի բեկանման հետ կապված հարցը։ Եթե այս հարցերում չլիներ Լ. Տեր–Պետրոսյանի հստակ քաղաքական դիրքորոշումը, մեր վիճակն այսօր ավելի ծանր կլիներ։ Ճիշտ է, նախագահ է ընտրվել Լ. Տեր–Պետրոսյանը, բայց դա դեռևս չի նշանակում, որ որևէ հնարավոր տեղաշարժից չի բեկվի քաղաքական կուրսը, և իրատես պետական քաղաքականությանը փոխարինելու չի գա հայկական ավանդական քաղաքական վարքագիծը։

Հնարավոր է, որ ես սխալվում եմ, բայց ինչպես պատմական փորձը, այնպես էլ այսօր տիրող մթնոլորտը չեն բացառում այդ տեղաշարժը, որը կործանարար կլինի մեր ժողովրդի համար։

Ի՞նչ է անհրաժեշտ նման տեղաշարժերը բացառելու համար։ Իմ կարծիքով առաջին և ամենակարևոր նախապայմանը քաղաքականությունը վերջնականապես ռոմանտիզմից ձերբազատելն է։ Լավ ուսումնասիրել և վերլուծել անցած շրջանի բացթողումները և համարձակորեն շտկել դրանք։ Վճռականապես ձեռք քաշել մեծ քաղաքական տեղաշարժերի մեջ մեր շահը փնտրելուց։ Ձերբազատվել օտարներին մեր ցավերին ծանոթացնելու հին հիվանդությունից։ Չոգևորվել օտարի՝ ականջ շոյող խոսքերից և հուսադրումներից։ Ընդհանրապես, ինչքան օտարները քիչ խառնվեն մեր խնդիրներին, այնքան մեր գործերը լավ կգնան։ Մեզ համար մեկընդմիշտ քաղաքական վարքագիծ դարձնենք, որ մեր, ինչպես արտաքին, այնպես էլ ներքին բոլոր հարցերը ինքներս ենք լուծելու։ Իհարկե, ինչպես երեկ, այնպես էլ այսօր կան և կգտնվեն քաղաքական գործիչներ, մտավորականներ, որոնք ճշմարիտ կամ ճշմարտանման հոդվածներ կգրեն։ Ադրբեջանին կհամարեն դահիճ, Հայաստանին՝ զոհ։ Ճառեր կասեն, կմեղադրեն, բայց դրանից ուժերի հավասարակշռությունը չի փոխվի և մենք դրանից ոչինչ չենք շահի։ Որպեսզի հերթական բարոյական հաղթանակների հոգեբանական խաբկանքից ձերբազատվենք, պետք է ընդունենք և հասկանանք, որ աշխարհի բոլոր քաղաքական կազմակերպությունները ուժեղների միություն են, այլ ոչ թե արդարների դատը հետապնդողներ։ Այդպիսին էր աշխարհը երեկ, այսօր և վաղը նույնպես այդպիսին կլինի։ Ինչ պետք է անենք։ Արդեն քանի դար է համոզվում ենք, որ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի փրկության, աշխարհը չի փոխում իր «վարքագիծը»։ Ուրեմն, բերեք հարմարվենք աշխարհի օրենքներին, փոխենք մեր վարքագիծը և մեր փրկությունը փնտրենք մեր մեջ, մեր հավաքական կամքի մեջ, որը կոչվում է Պետություն։

Ելնելով բնականոն զարգացման օրինաչափություններից, պետք է ընդունենք նաև, որ իր ուժի չափը չճանաչող անհանգիստ ժողովուրդը չարիք է ոչ միայն իրեն շրջապատող երկրների, այլև աշխարհի համար։ Աշխարհը հոգնել է բախումներից, ազգամիջյան–տարածքային վեճերից և ձգտում է ներդաշնակող հանգստության։ Թե Հայաստանը Տիգրան Մեծի ժամանակ ինչ տարածքներ է ունեցել, բացարձակապես նրան չի հետաքրքրում։ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է, անկախ է, թե Հայաստանի կազմում, դա ևս նրան չի հետաքրքրում։ Բնության և հասարակության զարգացումը ունի իր անխախտ հավասարակշռող օրենքները, որոնք խախտելու իրավունք ունեն միայն ուժեղները։ Ելնելով այդ օրենքներից, անթույլատրելի է, երբ թույլերը ուժեղի կեցվածք են ընդունում։ Ճիշտ է, նման կեցվածքով կարելի է որոշակի ժամանակահատվածում խախտել հավասարակշռությունը, բայց միևնույնն է, դրա վերջը ինքնակործանումն է։ Այս ճշմարտությունը կամ մենք կհասկանանք և կփոխենք մեր վարքագիծը, կամ էլ մեր վշտի ու կարոտի ազգային տեսլականով կգնանք դեպի կործանում։

Չարագուշակ, դառը, դաժան բաներ եմ ասում։ Գիտեմ։ Հայհոյեք ինձ որքան ցանկանում եք։ Անվանեք վատ հայ, ազգի դավաճան, ինչ ուզում եք։ Միայն ձեր զգացմունքները բավարարելուց հետո հանդարտվեք և հասկացեք, որ իմ մտահոգությունը ակունքվում է մեր ժողովրդի դաժան պատմությունից։ Եվ եթե մենք ցանկանում ենք, որ պատմությունը չկրկնվի և դարը չփակենք այնպես ինչպես սկսել ենք, պետք է ազգովին սթափվենք այսօր, քանի դեռ ժամանակ կա։