1967-ին Գիտությունների ակադեմիայի Պատմության ինստիտուտին հրատարակության ներկայացրած Ուրվագծեր 19-րդ դարի երկրորդ կեսի արևելահայ հասարակական հոսանքների և հայ ազգային-քաղաքական կուսակցությունների պատմության մենագրությունը դարձավ Հովհաննիսյանի գրած վերջին գիրքը, որը, սակայն, այդպես էլ լույս չտեսավ: Ինչպես Հովհաննիսյանն էր նշում՝ գրքում ինքն առաջադրում էր արևելահայ ազգային–քաղաքական կուսակցությունների սկզբնավորման տեսությունը: Սրանով Հովհաննիսյանը հավակնում էր հերքել հայ հասարակական-քաղաքական մտքի՝ 1930-ականներին կեղծված և իր հաստատումը գտած այն պատմությունը, որ 1960-ականները ժառանգել էին ստալինիզմից: Բրեժնևյան Լճացման տարիներին, սակայն, վերահառնող ստալինիզմը պետք է կանխեր գրքի տպագրությունը: Հովհաննիսյանը ստիպված էր պաշտպանել գիրքը քաղաքական ու պատմագիտական կռիվներում ու դրա հրատարակման ակնկալիքով՝ ընդհուպ մինչև 1972-ին իր մահը անընդմեջ խմբագրել ու նոր օրինակների վրա աշխատել:
Ստորև ներկայացվող վավերագիրը 1970-ի գրքի մեքենագիր օրինակներից մեկի առաջաբանից վերցված մի հատված է, որտեղ առկա պարբերություններից մեկը Հովհաննիսյանը հեռացրել է հետագա օրինակներից: Այդ պարբերության մեջ է Հովհաննիսյանն առաջադրում իր դիրքորոշումը ստալինյան պատմագիտության առաջ քաշած այն տեսության դեմ, որը հերքում էր արևելահայ իրականության մեջ հայ նարոդնիկների առանցքային դերը: Հակառակը՝ Հովհաննիսյանի գնահատմամբ խորհրդահայ պատմագրությունը պետք է առաջնային խնդիր դարձներ գաղափարական այն շրջափոխության ուսումնասիրությունը, որ հայ իրականության մեջ կատարել էր հեղափոխական նարոդնիկությունը՝ վերածվելով դեպի արևմտահայ ազգային–ազատագրական շարժումը կողմնորոշված յուրատեսակ «ազգային-նարոդնիկական» գաղափարախոսության: 1880-ականներին կազմավորված ու դեպի արևմտահայ ազգային–ազատագրական շարժումը կողմնորոշված ազգային-նարոդնիկական խմբավորումներից էին նաև 1890-ին Թիֆլիսում կազմակերպված Հայ հեղափոխականների դաշնակցությունն ու 1887-ին Ժնևում ստեղծված Հնչակյան կուսակցությունը: Այս պատմությունը վերհանելով՝ Հովհաննիսյանը ցույց էր տալիս հայաստանյան հասարակական–քաղաքական մտքի զարգացման ուղեգիծն ու մասնավորապես արևելահայ ազգային-քաղաքական կուսակցությունների առաջացման պատմությունը: Հովհաննիսյանի համար, սակայն, ներակա կապերով այս պատմությանը կապված էին նաև իրենք՝ մեծամասնականները: Ըստ Հովհաննիսյանի Խորհրդային Հայաստանի քաղաքական ու մշակութային կյանքի առանձնահատկությունները հնարավոր չէր բացահայտել, երբ դրանք չէին հանդիպադրվում հայ ազգային այն կուսակցություններին, «որոնց դեմ մղված պայքարի մեջ առաջացել էր ու կոփվել» կոմունիստական կուսակցությունը:
Հրապարակվում է ըստ՝ Մատենադարան, Աշոտ Հովհաննիսյանի ֆոնդ, թղթ. 2443, 3 ա, թթ. Ա-Գ:
Վավերագրում առկա են խմբագրական միջամտություններ: Հաշվի առնելով, որ դրանք ըստ էության լեզվական կամ ոճական խմբագրումներ են, ընթերցումը դյուրացնելու համար ընդմիջարկությունները չենք նշել: Տեքստում առկա ընդգծումները Հովհաննիսյանինն են: Առաջաբանից հետագայում հեռացված հատվածը տալիս ենք քառակուսի փակագծերի ([ ]) մեջ:
ԱՌԱՋԱԲԱՆ
Ներկա հատորյակի մեջ միավորված են պատմագիտական երկու ուրվագծեր:
Դրանցից առաջինը տալիս է 19-րդ դարի 50-60-ական թվականների արևելահայ հասարակական հոսանքների պատկերը:
Երկրորդն ընդգրկում է նույն դարի վերջերի արևմտահայ ազգային-ազատագրական շարժումը ղեկավարող հայ քաղաքական խմբավորումների ու կուսակցությունների տեսությունը: Ընդհանրացումների լույս հաղորդելով հայ պատմագրության մութ էջերին՝ առաջին ուրվագծում սահմանազատվում ենք այն պատմաբանններից, որոնք 19-րդ դարի ընթացքում արևելահայ իրականության մեջ նշմարում են միայն կղերա-պահպանողականների և լիբերալ-լուսավորականների հոսանքամարտը: Հետազոտության մեջ ցույց ենք տալիս, որ արևելահայ հասարակական հոսանքների պարզունակ այս դիմորոշումը խեղաթյուրում է արևելահայերի հասարակական զարգացման օբյեկտիվ ընթացքը՝ կղերա-պահպանողական հոսանքին միախառնելով հասարակական ակունքներով, քաղաքական միտվածության ու գաղափարախոսական ուղղությամբ նրանից տարբերանշվող կղերա-աղայական ռեակցիոն հոսանքը: Ընդսմին մեր կողմից մերժված տեսակետը լիբերալ-լուսավորականների հոսանքից ևս ոչ միայն չի տարորոշում 50-ական թվականների վերջերին սահմանազատված արևելահայ հեղափոխական-դեմոկրատական հոսանքը, այլև շրջանցում է ինչպես այս վերջինի, այնպես նաև շատ կողմերով նրա հետ լծորդված հետագա արևելահայ հեղափոխական նարոդնիկների՝ լիբերալիզմինկատմամբ ունեցած քննական դիրքավորումը:
Հիմք ընդունելով պատմական պրոցեսի իրական ընթացքը, 50-60-ական թթ. արևելահայերի հասարակական-քաղաքական զարգացման մեջ նշմարում ենք ոչ թե կարծեցյալ երկու կամ երեք, այլ չորս իրական հոսանքներ. 1. կղերա-աղայական, 2. ազգային-պահպանողական, 3. ազգային-լիբերալ, 4. հեղափոխական-դեմոկրատական:
[19-րդ դարի վերջին տասնամյակներում արևելահայ իրականության մեջ կազմավորված ազգային-քաղաքական կուսակցությունների սոցիալ-քաղաքական դիրքավորման և գաղափարական ակունքների հետաքննությունից ելնելով՝ երկրորդ մեր ուրվագծում առարկություններ ենք բերում անցյալ դարի 70-ական թվականների Ռուսաստանի և Անդրկովկասի հեղափոխական շարժումների մեջ արևելահայ նարոդնիկների մասնակցությունը թերագնահատող և 19-րդ դարի վերջին երկու տասնամյակներին նրանց ավանդների հիման վրա կազմավորված արևմտահայ ազգային-նարոդնիկական խմբավորումների առկայությունը անտեսող տեսության դեմ:]
Նախորդ ուրվագծում բնութագրված հայ հասարակական-քաղաքական մտքի վերլուծությունից ելնելով, երկրորդ մեր ուրվագծում փորձում ենք շարադրել 19-րդ դարի վերջին երկու տասնամյակներում կազմավորված արևելահայ ազգային-քաղաքական խմբավորումների ու կուսակցությունների առաջացման մեր տեսությունը: Այս կապակցությամբ ծանրանում ենք մի կողմից 70-ական թթ. վերջերին ծագած Բալկանյան պատերազմի և մյուս կողմից 80-ական թթ. սկզբներին Ռուսաստանում սաստկացած քաղաքական ռեակցիայի հայ կյանքի համար ունեցած հետևանքների քննարկման վրա: Ներկա ուրվագծում հատուկ խնդիր ունենք պարզելու 80-9-ական թթ. կազմավորված հայ ազգային-քաղաքական խմբավորումների ու կուսակցությունների առաջացման և մասնավորապես պարզելու դրանցից երկուսի՝ հնչակյան և դաշնակցական կուսակցությունների կազմավորման հարցը և Ռուսաստանի ու Անդրկովկասի նարոդնիկական շարժման հետ նրանց ունեցած աղերսները: Հետազոտության բուն այդ նյութին անցնելուց առաջ անհրաժեշտ տեսանք նախապես ուրվագծել Ռուսաստանի ու Անդրկովկասի 70-ական թթ. նրանց նախորդած հայ հեղափոխական-նարոդնիկների տեսությունը:
80-ական և 90-ական թթ. հայ ազգային նարոդնիկական խմբավորումների 70-ական թթ. հեղափոխական նարոդնիկների հետ ունեցած ընդհանրությունները տալուց զատ, ջանալու ենք մանավանդ ցույց տալ ազգային-նարոդնիկներին տարբերանշող քաղաքական ու գաղափարական առանձնահատկությունները:
Համառուսական ռեակցիայի տարիներին Անդրկովկասում առաջացած հայ ազգային-նարոդնիկական խմբավորումները և նրարնց ընդերքից ասպարեզ եկած հնչակյան և դաշնակցական ազգային-քաղաքական կուսակցությունների պատմական ակունքների ու սոցիալական և գաղափարախոսական արմատների բացահայտումը, ինչպես նաև արևմտահայ շարժման նրանց ծրագրերի քննական տեսությունը կազմելու են ընթերցողի ուշադրությանըհանձնվող երկրորդ մեր ուրվագծի հիմնական բովանդակությունը: Ներկա հետազոտության մեջ ուսումնասիրելով այդ կուսակցությունների ծագումնաբանության ու կազմավորման խնդիրները՝ մեր դրույթներն ու գնահատականներն ըստ էության առնչվելու են միայն այդ կուսակցությունների 1903-1905 թվականներին սկզբնավորված այսպես կոչված «կովկասյան գործունեությանը» նախորդած ժամանակահատվածի հետ:…