1920-ականների վերջին Հայաստանում հաստատվող ստալինիզմը ստեղծեց ներկայի քաղաքական օրակարգին ծառայող պատմական անցյալ: Հայ քաղաքական մտքի այս կեղծված պատմության մեջ մոռացության տրվեց հայ քաղաքական կազմակերպությունների ու ազգային կուսակցությունների, այդ թվում՝ Դաշնակցություն կուսակցության նարոդնիկական, մանրբուրժուական ծագումնաբանությունը: Միայն այդ կերպ Դաշնակցությունը կարող էր դիտվել որպես ի սկզբանե խոշոր արդյունաբերական բուրժուազիայի շահերը սպասարկող բուրժուա–նացիոնալիստական կուսակցություն: Միաժամանակ այս գնահատականն էր թույլ տալիս Դաշնակցությունը հռչակել Կոմունիստական կուսակցության քաղաքական ամենավտանգավոր թշնամին: Ստալինիզմից հայ քաղաքական մտքի այս պատմությունն անքննաբար ընդունեց 1960-70-ականների հետստալինյան իրականությունը:
1930-ականներին բռնաճնշումների ու աքսորի ենթարկված Աշոտ Հովհաննիսյանը 1920-ականներին Դաշնակցության մանրբուրժուական ծագման տեսության հետևողական պաշտպանն էր: Աքսորը վերապրելուց հետո էլ, սակայն, Հովհաննիսյանը ստիպված էր պաշտպանել Դաշնակցությունն իր ծագումնաբանությամբ նարոդնիկական, մանրբուրժուական կուսակցություն համարող լենինյան մոտեցումը: Այդ կերպ Հովհաննիսյանի պատմագիտությունը բրեժնևյան Լճացման տարիներին վերհառնած ստալինիզմի դեմ պայքարում էր հանուն արդի հայ քաղաքական մտքի պատմության վերականգնման:
Ստորև ներկայացվող վավերագիրը Հովհաննիսյանի արխիվում պահվող «Լենինը դաշնակցության մասին» վերտառությամբ թղթապանակի նյութերից մեկն է: 1960-ականներին արված Հովհաննիսյանի ձեռագիր այս գրառումը վերաբերում է պատմաբան Արամայիս Մնացականյանի աշխատության մեջ Դաշնակցությանը տրվող գնահատականին: Իր անդրադարձում Լենինի դիրքորոշման զանց առնելու մեջ է Հովհաննիսյանն ի հայտ բերում Մնացականյանի պատմաբանության մեջ գործող արևելահայ ազգային կուսակցությունների պատմության ստալինյան կեղծակերպման հիմքերը: Կուսակցությունների դասակարգման լենինյան դրույթների հանդեպ պատմաքննական մոտեցմամբ Հովհաննիսյանը բացահայտում է ըստ քաղաքական պատեհության այդ դրույթներն անվիճելի ճշմարտությունների վերածած ստալինյան տրամաբանությունը: Նույն այդ «ճշմարտություններն» էին, սակայն, որ 1960-ականներին դեռ շարունակում էին մնալ Դաշնակցությունը բուրժուա–նացիոնալիստական կուսակցություն հռչակող Մնացականյան իպատմագիտության ուղենիշը:
Արխիվային նյութը ձեռագիր է՝ խմբագրումներով ու ջնջումներով: Տեքստի սահուն ընթեցումն ապահովելու համար խմբագրումներն արդեն իսկ ներառված են վավերագրում, իսկ ջնջված հատվածները տրված են փակ փակագծերի մեջ՝ տեքստի վերջում: Վավերագրում առկա ընդգծումները Հովհաննիսյանինն են:
Հրապարակվում է ըստ՝ Մատենադարան, Աշոտ Հովհաննիսյանի ֆոնդ, թղթ. 2444, վավ. 14, թ. 12 և հակ.:
[Լենինը Դաշնակցության մասին]
Այսպես դեռ 1907 թ. Լենինը գրում էր, որ Ռուսաստանի յուրաքանչյուր ազգության մեջ երկու պարտիա են պայքարում պրոլետարիատի վրա ազդեցություն ձեռք բերելու համար՝ ռուսների մեջ՝ սոցիալ–դեմոկրատիան և սոցիալիստ–ռեվոլյուցիոներները, լեհերի մեջ՝ լեհական սոցիալ–դեմոկրատիան և լեհական սոցիալիստական պարտիան, լատիշների մեջ՝ լատիշական սոցիալ–դեմոկրատիան և լատիշական էսերները, հայերի մեջ՝ հայ սոցիալ–դեմոկրատիան և դաշնակցականները (Լենին, Երկեր, հատ. 13, էջ 99):
Այս սխեմայի մեջ Լենինը ամեն մի ազգում սոցիալ–դեմոկրատական կուսակցությանը հակադրում էր պրոլետարիատի վրա ազդեցություն ձեռք բերելու համար մարտնչող նարոդնիկական տիպի կուսակցություն: Հայ սոցիալ դեմոկրատների կողքին հիշատակելով դաշնակցականներին նա ակներևաբար վերջին տիպի կուսակցություն էր համարում դաշնակցությունը: [Մնացականյանը զանց է առնում Լենինի համադրությունից հետևող այդ ակներև եզրակացությունը և հետևցնում թե դաշնակցությունը հանդիսանում էր բուրժուա–նացիոնալիստական պարտիա (Ա. Մ. էջ 188-9):[i]
Պարտիաների լենինյան դասակարգման մեջ դաշնակների և էսերների մերձեցումը հանդիպում ենք նաև Պետ. Դումայի ֆրակցիաների ագրարային ծրագրերի բնութագրմանը նվիրված լենինյան հատվածում: Լենինը նշում էր այդտեղ, որ դաշնակները գնում են էսերների հետքերով: «Հողի նացիոնալիզացիայի ռեվոլյուցիոն ծրագրի փոխարեն էսերական ծրագրերի պաշտպանումով՝ դաշնակցություն պարտիան իր ստեղծման սկզբից և եթ գործում էր որպես հակաժողովրդական, հակառեվոլյուցիոն կուսակցություն, որի համար ենթարկվեց Վ. Ի. Լենինի խիստ քննադատությանը» – ասում է Ա. Մ. (էջ 192):][ii]
—————————————————————————————————————-
[i] Մնացականյանն իր հերթին Լենինի այս համադրությունից հանգում էր եզրակացության, որ հայ սոցիալ դեմոկրատիայի գլխավոր հակառակորդ Դաշնակցությունը «իրոք, իր սկզբնավորման օրերից հայ պրոլետարիատի և գյուղացիության մեջ ներարկում էր բուրժուական գաղափարներ, պայքար մղում մասսաների դասակարգային կազմակերպման մեջ, ռևոլյուցիոն–ինտերնացիոնալիզմի գաղափարներին հակադրելով նացիոնալիզմի գաղափարը» (ընդգծումները մերն են): Հովհաննիսյանը մեջբերումներ կատարելիս գրքի վերնագիրը չի նշում, բայց Մնացականյանի մեջբերվող դիտարկումները հանդիպում ենք նրա Լենինը և հայ ժողովրդի ազատագրական պայքարը մենագրության մեջ (Երևան: Հայկական ՍՍՌ ԳԱ Հրատարակչություն), էջ 181-182:
[ii] Տե՛ս Մնացականյան, Լենինը և հայ ժողովրդի ազատագրական պայքարը, էջ 183-186: