«Պարտվողի հետ ո՞վ է բանակցության նստում». Վարդգես Պետրոսյանը՝ Բլեյանի «ինքնառեպորտաժի» մասին

 

 

ՀՀՇ վարչության անդամներ Աշոտ Բլեյանը ու Կտրիճ Սարդարյանը այն գործիչներից էին, ովքեր, քաղաքական ասպարեզ իջնելով 1988-ի Շարժմամբ, 1990-ականների սկզբին զգուշացնում էին անկախության պայմաններում Արցախյան շարժման «պահանջատիրական փուլի» տրամաբանությամբ առաջնորդվելու՝ Հայաստանի ու Արցախի համար վտանգավոր հետևանքների մասին։ Վերջիններս արցախյան հակամարտության կարգավորման ու Հայաստանի անկախ պետության կայացման հնարավորությունը կապում էին Արցախը Ադրբեջանի տարածքում ճանաչելու հետ։ Այս դիրքորոշումը, ի թիվս աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային գործոնների, կապված էր նաև Արցախյան պատերազմում 1992-ին հայկական կողմի համար ստեղծված ծանր կացության հետ։ Ըստ պատմական որոշ աղբյուրների՝ 1992 թվականի ամռանը ու աշնանը Արցախում ծանր իրավիճակ էր ստեղծվել հայկական կողմի համար։ Ադրբեջանական բանակը, անցնելով լայնածավալ հարձակման, վերահսկողություն էր վերցրել Արցախի մի շարք բնակավայրերի նկատմամբ։ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու Բլեյանի ու Սարդարյանի դիրքորոշումները կապված էին հենց քաղաքական ծանրագույն իրականության՝ պարտության իրական վտանգի հետ և վերջիններիս համար Արցախի կորստի կանխման ու Արցախի հայապահպանման վերջին հնարավորություններն էին երևում։

Ստորև ներկայացվող վավերագիրը 1992 թվականի նոյեմբերի 11-ին Ազգ պարբերականում տպագրված գրող, հրապարակախոս Վարդգես Պետրոսյանի «Պարտվողի հետ ո՞վ է բանակցության նստում» հոդվածն է, որտեղ հեղինակը անդրադառնում է Բաքու Բլեյանի այցին ու այդ առթիվ գրված վերջինիս «Երբ շատ է դժվար, դիր փափախդ առաջդ ու խորհիր» հոդվածին (Բլեյանի հոդվածն ու դրան մեր անդրադարձը տե՛ս https://shorturl.at/rspRb)։ Հետաքրքրականորեն, հեղինակն ինքը, թեև արդեն հեգնականորեն, Բլեյանին մեղադրում էր հենց քաղաքական ծանրագույն իրականության պայմաններից ելնելու ու այդ պայմաններում «պարտվողական» դիրքորոշումներ արտահայտելու հապճեպության մեջ՝ մասնավորապես նկատելով. «Բլեյանը Բաքու է մեկնել պարտվողի, ո՛չ, արդեն պարտվածի հոգեբանությամբ, իրեն հաղթողների ողորմածությանը հանձնելու կեցվածքով»։

Հրապարակվում է ըստ՝ Վարդգես Պետրոսյան, «Պարտվողի հետ ո՞վ է բանակցության նստում…», Ազգ, 11 նոյեմբերի 1992 թ.։

 

 

Վ. ՊԵՏՐՈՍՅԱՆ 

ՊԱՐՏՎՈՂԻ ՀԵՏ Ո՞Վ Է ԲԱՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՍՏՈՒՄ…

 

Իբրև վերնագիր Բաքվի իր  նոթերին՝ Աշոտ Բլեյանը փոխ է առել ադրբեջանական մի ասացվածք. «Երբ շատ դժվար է, դիր փափախդ առաջդ եւ խորհիր»: Ես չգիտեմ, թե փափախն ինչով  է նպաստում խորհելու պրոցեսին (ներեցեք, «գործընթացին») եւ անկեղծ ասած փափախ էլ չունեմ՝ առջեւս դնելու համար: Իմ սեղանին 56 պատգամավոր գործընկերներիս ստորագրած «ուղերձն» է եւ Աշոտ Բլեյանի «ինքնառեպորտաժը» («ինքնառեպորտաժը» հիշյալ նոթերի ժանրային ճշգրիտ բնութագիրն է, որ պատկանում է «Ազգ» թերթին):

Համաձայն եմ Աշոտ Բլեյանի հետ. մենք դժվար, անասելի դժվար ժամանակ ենք ապրում, եւ մեզանից ամեն մեկը ցավատանջ խոհերի առիթն ու պարտականությունն ունի: Աշոտ Բլեյանն արդեն խորհել է: Ես էլ եմ փորձում նույնն անել, արդեն որերորդ անգամ վերընթերցելով մասնավորապես նրա « ինքնառեպորտաժը»:

Ինձ եւս տանջում է Ղարաբաղի հպարտ ու անկոտրում հայության ճակատագրի հեռանկարը, ես եւս երազում եմ, որ օր առաջ վերջ տրվի արյունահեղությանը ե՛ւ Ղարաբաղում, ե՛ւ հայ–ադրբեջանական սահմանների վրա: Ես գիտեմ յուրաքանչյուր նոր զոհ խորացնում է մեր մեջ գոյացած վիհը եւ հեռացնում բանակցությունների հնարավորությունը, իսկ պատերազմի ամեն օր նոր զոհեր են եւ նոր ավերածություններ: Հայոց մեծ ցեղասպանությունից 77 տարի է անցել, իսկ մենք չենք մոռացել ու երբեք չենք մոռանալու կատարվածը, եւ երբ էլ բանակցելու նստենք թուրքերի հետ, 1915 թվականը ներկա պիտի լինի սեղանի շուրջ եւ ներկա պիտի լինի ոչ իբրեւ վկա, այլ իբրեւ «բանակցող կողմ»: Իսկ այսօր զոհվող մարդի՞կ… Նրանք հիշողություն կամ լուսանկար չեն, այսօրվա մեր որդիներն են, հայրերն ու մայրերը, եւ ամեն նոր զոհ առնվազն մի քայլով հեռացնում է բանակցության հեռանկարը: Կարծում եմ, որ ադրբեջանցիների համար:

Ուրեմն, պիտի ուղիներ որոնել այդ արյունահեղությունը դադարեցնելու համար: Այստեղ բոլորս համաձայն ենք: Վստահ եմ՝ նաեւ ադրբեջանցիները: Բայց ինչպե՞ս…

Աշոտ Բլեյանն իր ուղին է առաջարկում եւ վստահ է, որ գտել է միակը, հնարավորը: Դա Հայաստան–Ադրբեջան երկկողմ բանակցություններն են, «անմիջական, ուղղակի, առանց որեւէ միջնորդի»: Գաղափարն ինձ էլ հրապուրիչ է թվում, բայց…

Բոլորովին վերջերս էր, որ հանրապետության նախագահն ասաց, թե հայ–ադրբեջանական «հակամարտությունն այնքան է խորացել, որ այլեւս այս փուլը, այսինքն երկկողմ բանակցությունների փուլն արդյունք չի կարող տալ»: Վստահ եմ, որ հանրապետության նախագահի «տառապանքը փորձ ունի» եւ շատերից ավելի լավ իմանալով իրավիճակը, նա գիտի, թե ինչ դառն իրողություն է ինքը հավաստում: Ուրեմն, գոնե այսօր Ա. Բլեյանի դեղատոմսը ճշմարիտ ուղին չէ:

Բայց ի՞նչ, այլեւս բանակցության ոչ մի փորձ…

Չեմ կարծում ադրբեջանական կողմի հետ բանակցություններ, շփումներ բոլոր մակարդակներով, նաեւ պատերազմի ամենաթեժ իրավիճակում անհրաժեշտ են: Անհրաժեշտ են, որովհետեւ երկկողմ, թե եռակողմ (միջնորդի առկայությամբ) ապագա բոլոր հնարավոր բանակացություններում, մեկ է, Ադրբեջանին պատկանելու է վճռական խոսքերից մեկը (Հայաստանի հետ), եւ ուրեմն մենք տրամաբանորեն պիտի շահագրգռված լինենք, որ փոխվի հոգեբանական մթնոլորտը եւ մեզանում, եւ մեր հարեւանների մոտ: Նման շփումներն էլ այն ժամանակ կարդարացվեն, երբ նպաստեն հենց այդ հոգեբանական մթնոլորտի բարեփոխմանը, որը պիտի նախորդի բանակցություններին: Հայ պատգամավորների հիշյալ «ուղերձը», կարծում եմ, նման խնդիր է, որ պիտի հետապնդեր եւ դրա համար երեւի խելամիտ չէր այն հապշտապ, թանաքը դեռ չչորացած, Բաքու ուղարկել: Հարկավոր էր բառ առ բառ տալ–առնել, հղկել, տեղ չթողնել կամայական մեկնաբանությունների համար (ցավոք, պարզվեց նաեւ, որ որոշ պատգամավորներ նույնիսկ լրջորեն չեն կարդացել, թե ինչ են ստորագրում, եւ նրանցից տասնվեցն արդեն հրաժարվել են իրենց ստորագրություններից): Շատ ավելի շտապեց Աշոտ Բլեյանը, անմիջապես Բաքու մեկնելով… Նա ասում է. «Ես Բաքու եմ մեկնել իբրեւ մասնավոր անձ, իբրեւ հայր, մտավորական, մի՞թե իրավունք չունեմ…»:

Չվիճարկելով այդ իրավունքը, այնուամենայնիվ միանգամից ուզում եմ միամտորեն զարմանալ – բայց չէ՞ որ դու մեկնել ես «Ուղերձից» հետո, եւ Բաքվում էլ գիտեին, որ դո՛ւ ես դրա գլխավոր հեղինակը եւ, ուրեմն, ինչպե՞ս կարող էիր այնտեղ ընկալվել իբրեւ մասնավոր անձ (եթե այդպես լիներ, ո՞վ էր «փառահեղ», ամենաբարձր պետական մակարդակներով ընդունելու մասնավոր մի անձի): Ադրբեջանը, որ դու ներկայացնում ես իբրեւ պետականության կատարելատիպ, ինչո՞ւ պիտի նման ընդունելություն ցուցաբերեր «մասնավոր անձին»: Ամենաշատը քեզ պիտի ընդուներ դպրոցի մի տնօրեն–պատգամավոր, իսկ քեզ չի ընդունել միայն երկրի նախագահը:

Սա իմիջիայլոց, եւ մի պահ ընդունենք, որ Աշոտ Բլեյանը Բաքու է մեկնել իրոք իբրեւ մասնավոր անձ, իր մեջ ունենալով ժողովրդի բախտի պատասխանատվությունը, նաեւ անձնական ծրագիր՝ արյունահեղ ճգնաժամից դուրս գալու: Այս դեպքում եւս գերխնդիրը նույնը պիտի մնար. անձնական շփումների միջոցով փորձ անել Ադրբեջան հասցնելու Հայաստանի ճշմարտությունը, թեկուզեւ ինչ–որ չափով ճիգ անել բարեփոխելու հոգեբանական մթնոլորտը: Մենք ուրախ պետք է լինեինք, եթե նա Բաքվից բերեր իր շփումների տպավորությունը, որովհետեւ գաղտնիք չէ՝ մենք շատ քիչ բան գիտենք Ադրբեջանում խմորվող շատ երեւույթների ու տրամադրությունների մասին:

Այնուհետեւ: Որքան էլ «մասնավոր» առաքելությամբ, մանավանդ, պատգամավոր լինելու իր հանգամանքը պիտի թելադրեր նրան, լինել իր ժողովրդի ցավի եւ իրավունքների դեսպանը, եւ իր ոչ հեշտ զրույցներում կարողանալ պահպանել մարդկային, նաեւ ազգային արժանապատվության թանկ զգացումը:

Ցավոք, այդպես չի եղել եւ դրա ապացույցը իր իսկ «Ինքնառեպորտաժն է»:

Ամենագլխավորը. նա Բաքու է մեկնել պարտվողի, ո՛չ, արդեն պարտվածի հոգեբանությամբ, իրեն հաղթողների ողորմածությանը հանձնելու կեցվածքով: Իսկ պարտվողի հետ ո՞վ է բանակցում:

Պարտվողին դասեր են տալիս, պարտվողին թելադրում են:

Եւ Բաքվում նրան դասեր եձն տվել:

Եւ թելադրել են:

Նաեւ «փառահեղ ընդունելություն» են ցույց տվել, հիացել նրա «անկաշառ ուղղամտությամբ», «խիզախությամբ»: Դատելով «ինքնառեպորտաժից», կրթական պատկառելի հաստատության մեր տնօրենը աշակերտի համեստությամբ ականջ է դրել այդ դասերին ու թելադրություններին, իբրեւ վստահելի մագնիտոֆոն ձայնագրել ու հիմա հրամցնում է մեզ: «Ես այսպես տեսա, ես այսքանը տեսա»:

Կարդալով եւ նորից կարդալով «ինքնառեպորտաժը», ես նաեւ դառը տարակուսանքի պահեր ունեցա, «անկաշառ ուղղամտությամբ» Բլեյանը մեջբերում է իր խոսակիցների մտքերը եւ դա ամեն դեպքում օգտակար է, մենք պիտի իմանանք, թե նրանք իրոք ինչ են մտածում: Բայց ի՞նչ է ասել ինքը՝ Բլեյանը, մանավանդ, ի պատասխան մյուս կողմի անվերապահ պնդումների, թե հայ–ադրբեջանական հակամարտության միակ մեղավորը Հայաստանն է, Ղարաբաղը: Գոնե փորձ՞լ է նրանցից էլ «անկաշառ ուղղամտություն» ակնկալել, թեկուզեւ զգուշորեն, բարեկիրթ առարկել, որ թերեւս իրենք էլ ինչ–որ մեղքեր ունեն, որ այնուամենայնիվ, չորսամյա այս արյունահեղությունը սկսվել է Սումգայիթով, որտեղ միայն հայեր են զոհվել… Այս պատասխանները չկան «ինքնառեպորտաժի» մեջ: Ուրեմն, ի՞նչ, կամուրջը միայն մի (հայկական) կողմի՞ց է քանդվել եւ ուրեմն միայն մե՞նք է, որ պիտի միակողմանիորեն վերականգնենք… «Դրկիցության,  համագործակցության որքան կամուրջներ այրեցինք… Հայերս ենք սկսել ու խորացրել», արդեն Ա. Բլեյանի բառերն են: Եւ այս «խոստովանությունից» հետո մի՞թե պիտի զարմանալ, որ Էթիբար Մամեդովը կասեր. «Հայերն են նախաձեռնողն այս խառնաշփոթի» (նույնիսկ ավելի մեղմ է ասում, քան Աշոտ Բլեյանը):

Հայ մտավորականը պատասխան բառեր չի գտնում անգամ կրթության նախարար Ֆիրուդին Ջալիլովի համար, որն իր իսկ բնութագրմամբ «փաստարկներ ընդունող» է: Իսկ նախարարն ահա թե ինչ է ասում. «Հայ մտավորականները պարբերաբար իրենց ժողովրդին քաշում են ահավոր խաղի մեջ, հետո իրենք սուսուփուս քաշվում են մի կողմ: Իսկ իրենց հանցագործ գրքերը մնում ու ծառայում են որպես դասագիրք սերունդներին»: Ի՞նչ է, սրա հետ է՞լ է համաձայն Բլեյանը, ի՞նչ է, նա «փաստարկներ» չուներ, որ ոչ թե 1988–ից սկսած, այլ անցած բոլոր յոթանասուն տարիներին Ադրբեջանում է, որ նենգափոխվել, աղավաղվել ու վերաձեւվել է հայոց պատմությունը, մշակույթը, քարտեզը, իսկ մենք հանուն «ժողովուրդների եղբայրության» հաճախ նույնիսկ կեսբերան չենք պատասխանել նրանց… Կրթության նախարարը, որ բնականաբար մտավորական է, նաեւ գիտության դոկտոր, ոչ ավել, ոչ պակաս հարցնում է. «Ե՞րբ եք հրապարակավ այրելու Զորի Բալայանի ու նրա նմանների գրքերը»: Իսկ հայ մտավորակա՞նը… թեկուզեւ դառը կատակիր տալով, հայ մտավորականը չէ՞ր կարող իր կողմից գոնե ավելացնել, թե՝ իսկ Ադրբեջանում ե՞րբ են այրելու, ասենք, Զիա Բունիաթովի հայատյաց գրքերը: (Էլ չեմ ասում, որ գրքեր այրելու գաղափարը, մանավանդ, կրթության նախարարի մտածելակերպի մեջ, մեղմ ասած, ինկվիզիցիայի կոչ է, եթե չգործածենք ավելի ճշգրիտ բառը՝ ֆաշիզմ):

Ղարաբաղյան շարժման ալիքի վրա վեր բարձրացած, հնչուն անուն–ազգանուն ձեռք բերած հայ մտավորականն անսքող հիացմունք է ապրում Բաքվում լսած «հատու պատասխանով», «Լեռնային Ղարաբաղը մեր, Զանգեզուրը ձեր օրինական հողն է» (գուցե նույնիսկ պետք էր շնորհակալությո՞ւն հայտնել, որ Զանգեզուրը «մեծահոգաբար» թողնում են մեզ…»:

Բանակցությունների գնո՞ւմ են ծնկաչոք…

Ծնկաչոք գնում են մեղքերը քավելու:

Մենք եւս մեղքեր ունե՞նք:

Երեւի, բայց դրանց մասին խոսելու ժամանակն էլ պիտի գա: Կարելի է նաեւ այսօր: Բայց չմոռանալով արմատական ճշմարտությունը: Այն, որ ղարաբաղցին սեփական հողի վրա իր ապրելու իրավունքն է պաշտպանում, եւ Հայաստանը պաշտպանում է իր սահմանները: Այդ պայքարի մեջ է, որ մենք էլ երեւի թույլ ենք տվել ինչ–ինչ ծայրահեղություններ: Անհնար էր թույլ չտալ. եւ մենք ուժ պիտի ունենանք նաեւ մեր մեղքերի մասին խոսելու. այո, բայց դա պիտի անենք գոնե նրանց հետ միաժամանակ, երբ նրանք կխոսեն իրենց մեղքերի մասին: Դատելով Բլեյանի մեջբերումներից, ադրբեջանական կողմը բառացիորեն ոչ մի մեղք չի զգում եւ, անգամ ձեւի համար, նրանցից ոչ մեկը պարզ ափսոսանք իսկ չի հայտնել գոնե… Սումգայիթի համար:

Ուրեմն, էլ ի՞նչ բանակցություններ, մեղքը մենք ենք գործել, մենք ենք սկսել, խորացրել այս արյունահեղությունը, մենք էլ միակողմանիորեն պիտի վերջ տանք, այսինքն, Ղարաբաղը պիտի հրաժարվի իր գոյակռվից, Հայաստանը՝ Ղարաբաղին սատար կանգնելուց, եւ ամեն ինչ տեղը կընկնի, կամուրջները կվերականգնվեն: Որքան էլ ցավալի լինի, սա է Աշոտ Բլեյանի «առաքելությունից» բխող մերկ ճշմարտությունը:

Եթե փորձենք երկու բառով բնութագրել Ա. Բլեյանի զգացողությունը Ադրբեջանից, երեւի այս բառերը կլինեն՝ սարսափ («ես, Ադրբեջանի հզորությունից սարսռեցի ու զարմացա… ինչպե՞ս ենք հանդգնում մեր թույլ թեւերով ճոճել–ճեղքել այդպիսի գոյությունը») եւ հիացում (Հայաստան մտնելով, «ես ինչպես հեքիաթում, լույս աշխարհից ընկա մութ աշխարհ»):

Նախ սարսափի մասին: Ես չեմ կարող ինձ թույլ տալ դատողություններ անելու Ադրբեջանի զինական զորության մասին: Դա մեր ռազմագետների իրավունքն է, բայց պատերազմի այսօրվա արդյունքներով դժվար պիտի լինի հաստատել, թե նրանք միայն հաղթում են, իսկ մենք միայն պարտվում: Անհեռանկար համարելով պատերազմը (անկախ մեր իրական հաղթանակներից), այնուամենայնիվ Հայաստանի ձայնը «վարձակալությամբ վերցրած» պատգամավորն առնվազն փափուկ պիտի հիշեցներ իր զրուցակիցներին, որ պատերազմը օգուտ չէ նաեւ Ադրբեջանին եւ նրան եւս վերջնական հաղթանակ չի խոստանում: Նա, ի՞նչ է, չգիտի, որ բանակցում են միայն ուժի, զորության հետ, իսկ թուլության նույնիսկ «անկաշառ ուղղամտությանը» նայում են մեղրածոր քմծիծաղով: Երեւի այդպես էլ եղել է, եւ ես այս դեպքում ադրբեջանցիներին բնավ չեմ մեղադրում:

Եւ ապա՝ անսանձ հիացումը: Հիմարություն կլինի ժխտելը, Ադրբեջանում, բնականաբար, կան նաեւ լավ բաներ, իրական ձեռքբերումներ, նոր–նոր պետական ասպարեզ մտած խելացի մարդիկ եւ սեփական նավթ ունեցող, նաեւ շրջափակման մեջ չգտնվող երկրում բենզինը կարող է եւ յոթ ռուբլի արժենալ: Ինձ պարզապես զարմացնում է իմ գործընկերոջ ամեն ինչ թափանցող, միանգամից ընկալող, պարզապես ռենտգեն հայացքը, ընդամենը հինգ օրում ինչպե՞ս է նա կարողացել համոզվել, որ, ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը պետական ներքին կայունության տիպար է դարձել, երբ Ադրբեջանում էլ բազում կուսակցություններ իրար կոկորդ են կրծում (նրանք, այո, իրար հետ համաձայն նե, բայց երեւի միայն Ղարաբաղի, Հայաստանի հարցում), երբ Ադրբեջանն էլ տնտեսական ճգնաժամի գալարումների մեջ է:

Եւ ինչ սքանչելի մարդիկ են հանդիպել մեր հայրենակցին՝ այդ «խաղաղ, մաքուր, հմայիչ ու բարեկեցիկ» Բաքու քաղաքում: Բոլորն «ասպետ» են, բարեկիրթ, պետական բարձր մտածողությամբ օժտված, բարյացակամ: Պետական գործիչները, բաքվեցի երիտասարդ դերձակը մի կողմ: «Գյանջայում ինձ դիմավորում են գեներալ Ռազաեւի զինվորները: Հիանալի տղաներ են»: Էքստազն էլ, երեւի, իր սահմանը պիտի ունենա, նաեւ այդ «հիանալի տղաները» չե՞ն հողին հավասարեցրել Ստեփանակերտը, սպանել, թալանել, նաեւ նրանք չե՞ն ամեն օր գնդակոծում Հայաստանի սահմանամերձ քաղաքներն ու գյուղերը… Այդ «հիացումով» ինչպե՞ս պիտի նայել հայ ազատամարտիկների, մանավանդ, որդեկորույս մեր մայրերի աչքերին…

Եւ, այնուամենայնիվ, հարկավոր են եւ բանակցություններ, եւ ամենօրյա շփումներ: Այսօր թվում է բանակցությունները մի նախապայման պիտի ունենան. մենք պիտի ասենք Ադրբեջանին, առայժմ մենք չենք խոսում ձեր, դուք մեր մեղքերի մասին: Պիտի ասենք՝ պատերազմը եթե շարունակվի անգամ տասնամյակներ, ոչ մի կողմին հաղթանակ չի բերելու, ուրեմն խելամտություն ունենանք վերջ տալու անիմաստ արյունահեղությանը, հետո, երբ կկարողանանք փոխել նաեւ հոգեբանական մթնոլորտը, բանակցությունների սեղանի շուրջ կքննարկենք ո՞վ ինչքա՞ն էր մեղավոր: (Այս տարվա հունվարի 6–ին, երբ մենք՝ մի խումբ հայ մտավորականներ Ղազախում հանդիպեցինք ադրբեջանական մտավորականության ներկայացուցիչներին, հենց սկզբից պայմանավորվեցինք՝ արմատական հարցեր չենք քննարկելու, այլ միայն կարո՞ղ ենք, ինչպե՞ս կարող ենք ետ շրջել պատերազմի անիվը, սրա մասին խոսենք: Կարծում եմ, որ այսօր ուզած հանդիպման սկզբունքը դա պիտի լինի՝ նախ վերջ տալ պատերազմին):

Եւ ամենացավալին. Աշոտ Բլեյանի «առաքելությունը», որի հայաստանյան արձագանքները, բնականաբար, արդեն հասել են Ադրբեջան, փաստորեն փակեց իրական երկխոսություն սկսելու, արդյունավետ բանակցությունների եւս մի հնարավորություն: Ադրբեջանցիները, որ «լուրջի էին առել» եւ «ուղերձը», եւ մեր պատգամավորի «անկաշառ ուղղամտությունը», այսօր իրավունք կունենան առնվազն կասկածելու մեր անկեղծությանը, բանակցությունների սեղանի նստելու մեր պատրաստակամությանը: Եւ արյունահեղությանը վերջ տալու մեր բարի կամքը հարցականի տակ կդնեն: Ցավոք, սա եղավ «առաքելության» իրական արդյունքը:

Բայց մի՞թե այս էր ակնկալում Աշոտ Բլեյանը:

Ուրեմն փափախ լիներ, դնեի սեղանիս ու… խորհեի ու կարողանայի պատասխանել այդ հարցին: