«Ղարաբաղ կոմիտեից» ելած Հայաստանի երրորդ հանրապետության հիմնադիր ղեկավարների քաղաքական խոսույթում անկախության գաղափարն ի հայտ է գալիս 1989 թվականի ամռանը, երբ վերջնականապես կորսվում է ԽՍՀՄ Վերակառուցման քաղաքականությունների պայմաններում ԼՂ-ի ու Հայաստանի վերամիավորման հույսը։ Պատահական չէ, որ դեռևս 1988-ին անկախության գնալու առումով մեծ տարաձայնություններ կային Ղարաբաղյան շարժման առաջնորդների և Պարույր Հայրիկյանի գլխավորած Ազգային ինքնորոշում միավորման (ԱԻՄ) միջև։ Հստակ վկայություններ կան այն մասին, որ ինչպես 1988-ի փետրվարյան հանրահավաքների օրերին, այնպես էլ ավելի ուշ, Հայրիկյանի անկախության գաղափարներն առանձնապես լայն արձագանք չէին գտնում ոչ՛ «Ղարաբաղ» կոմիտեի և ոչ՛ էլ ժողովրդական լայն խավերի կողմից՝ Հայրիկյանին այդպիսով «ուժի գործադրմամբ դուրս քշելով» հանրահավաքի հարթակներից։ Ուրեմն «իրական անկախականների» գաղափարական սկզբունքները պարզելու դիտանկյունից հատկապես կարևոր են դառնում Հայրիկյանի քաղաքական հայացքները։ Դրանք, անցնելով դեռևս 1960-ականների ազգային զարթոնքի բովով, 1980-ականների վերջերին մեծապես պայմանավորել են նաև ԱԻՄ-ի գործունեությունը։
Ստորև ներկայացվող վավերագիրը 1988-ի փետրվարին գրված Պարույր Հայրիկյանի ծրագրային հոդվածն է, որը լույս է սփռում 1980-ականների վերջերին ԱԻՄ-ի գաղափարական հիմնադրույթների ու դրանց իրագործման ռազմավարական ճանապարհների վրա։ Հետաքրքրական պետք է նկատել, որ, թեև Հայրիկյանն ինքը ԱԻՄ-ը դիտարկում էր իբրև «անկախության ձգտող միակ քաղաքական բացահայտ /լեգալ/ կազմակերպությունը» Խորհրդային Միությունում, այդուհանդերձ, նա անկախությունը դիտարկում էր իբրև իրենց առանցքային ծրագրի՝ «Հայկական հարցի լուծման» բաղադրիչներից մեկը միայն՝ ամենաարմատականը իր բնույթով։ Ինչպես անկախության, այնպես էլ հայկական հարցի մյուս բաղադրիչների, ինչպես օրինակ՝ «Հայաստանի տարածքային վերամիավորման», հայության «ազգային հոգեւոր վերածննդի», «Մայր Հայրենիքում հայության համախմբման» լուծման ուղին Հայրիկյանի համար ազգի՝ իր սեփական ճակատագիրն ինքնուրույնաբար տնօրինելու, այն է՝ ազգերի ինքնորոշման իրավունքն էր։ Թեև Հայրիկյանն ինքը ազգերի ինքնորոշման այս դրույթն օժտում էր խորապես աշխարհիկ՝ քաղաքական բնույթով, այդուհանդերձ, նա քրիստոնյա Եվրոպայի քաղաքական այս ժառանգությանը տալիս էր կարծես փրկչական այնպիսի նշանակություն, որը հավակնում էր լուծել հայ ժողովրդի առջև ծառացած քաղաքական գրեթե բոլոր խնդիրները։
Հրապարակվում է ըստ՝ Ազատության ասպետը (Երևան։ Հայրենիք, 1989), էջ 35-37։
ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀՈԴՎԱԾ
ՀԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՄԽԻԹԱՐ վիճակը վաղուց էր հուշում միաբանվել: Սակայն առ այսօր այդ ուղղությամբ նշանակալի առաջընթաց չկա: Դրսեկ նպատակները մեզ միավորել չկարողացան, որովհետև հիմնված լինելով քաղաքական հաշիվների ու շինծու դիրքորոշումների վրա, հաճախ իրարամերժ էին լինում: Ազգի միասնությունը պառակտելու առիթներ էին դառնում նաև այս կամ այն նպատակին մյուսի հաշվին առաջնություն տալը: Մինչդեռ Հայկական հարցի ՈՐԵՎԷ բաղադրամասը լուծելի կամ առաջնային համարելով մյուսներից հրաժարվելը ճիշտ չէ: Ոչ մեկին մարգարեանալու այնպիսի մի շնորհ չի տրված, որպեսզի կռահեի, թե այսօր կամ վաղը մեր հարցի ենթամասերից ո՞րն է լուծելի, որը՝ ոչ: ԺԱՄԱՆԱԿԸ ԻՆՔԸ ՑՈՒՅՑ ԿՏԱ ԴԱ:
Մեր այս պնդումը զորավոր հիմք ունի: Օրինակ՝ ցարական Ռուսաստանի հզորության գագաթնամերձ շրջանում՝ 1910–12 թթ., երբ հայ հասարակական–քաղաքական միտքը սևեռված էր Արևմտահայաստանն անկախացնելու վրա, ո՞վ կմտածեր, որ մենք անկախությունը վերականգնելու հնարավորություն կստանանք հենց ռուսական մասի Հայաստանում: Եվ բոլորովին պատահական չէր, որ այդ ժամանակ մենք հանկարծակիի եկանք և մեր անկախությունը հռչակեցինք ԱԿԱՄԱ, մեր հարևաններից հետո, երբ ԱՆԿԱԽԱՆԱԼՈՒՑ ԲԱՑԻ ԱՅԼ ԵԼՔ ՉՈՒՆԵԻՆՔ: Կամ՝ հարց ենք տալիս մեր ճակատագիրը «հավիտենորեն» Ռուսաստանին շղթայող և ոչ մի կերպ այդ երկրից անջատվել չկամեցող սակավաթիվ ստրկամիտների.
— Իսկ եթե Ռուսաստանը ԻՆՔԸ ՉՈՒԶԵՆԱ՞ ՄՆԱԼ ՄԵԶ ՀԵՏ:
Իսկ եթե վաղը Ռուսաստանը որոշի զորքերը կրկին դուրս հանել Հայաստանից, ինչպես արեց 1917 թ. դեկտեմբերին (31–ին) Թուրքահայաստանի վերաբերությամբ: Այդ ի՞նչ ուժեր պիտի տիրություն անեն մեր ժողովրդին:
Այդ ո՞վ պիտի հարկ եղած դեպքում նոր Սարդարապատ կազմակերպի:
Պատմության այդօրինակ դասերը մեզ պիտի դրդեն հասկանալու, որ միայն մեր հարցին ԲՈԼՈՐ ՀՆԱՐԱՎՈՐ կողմերից մերձենալու և Հայկական հարցի մեջ մտնող խնդիրների ՀԱՄԱՊԱՐՓԱԿ առաջադրման դեպքում մենք հնար կունենանք ապահովագրվելու սխալներից: Միայն այդ դեպքում մենք ոչ 1917–18 թթ. նման հանկարծակիի կգանք, ոչ էլ ՁԵՌՔԻՑ ԲԱՑ ԿԹՈՂՆԵՆՔ ՊԱՏԵՀ ԱՌԻԹԸ:
Այս նկատառումներով առաջնորդվելով Ազգային Ինքնորոշում Միավորումն իր առաջ խնդիր է դնում հասնել Հայկական հարցի համապարփակ լուծմանը՝
ա. ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ
բ. ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆԸ
գ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՄԱՆԸ
դ. ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԽՄԲՄԱՆԸ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ
ե. ԱԶԳԱՅԻՆ–ՀՈԳԵՎՈՐ ՎԵՐԱԾՆՆԴԻՆ:
Սա իհարկե չի նշանակում, որ եթե նշված կետերից որևէ մեկի լուծման համար իրական նախադրյալներ ծնվեն, մենք ձեռքներս ծալած պիտի նստենք, սպասենք մնացած հարցերի հասունացմանը:
Ոչ:
Նախ՝ Հայկական հարցի մեջ մտնող ցանկացած խնդիր ՄԵՆՔ պիտի հասունացնենք: Այսինքն՝ մեր գոյության խորյուրդներից մեկն էլ հենց ՀԱՐՑ ՀԱՍՈՒՆԱՑՆԵԼՆ Է:
Երկրորդ՝ մենք այնքան ճկուն պիտի լինենք, որ ամենաաննշան իսկ հնարավորության դեպքում կարողանանք վերակողմնորոշվել դեպի անսպասելի ծառացած ցանկացած խնդրի լուծմանը, եթե նման բարեպահ առիթ կա:
Հանուն այս նպատակների, մենք պարտավոր ենք ազգովին միավորվել և միասնաբար հանդես գալ բոլոր ճակատներում ու ասպարեզներում: Մեր սկզբունքը հետևյալն է՝ ԱՄԵՆ ԱԶԳ ԻՆՔՆ Է ԻՐ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՏԵՐԸ ԵՎ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԲՆՈՒՅԹԻ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐՈՒՄ ԱԶԳԻՆ Է ՊԱՏԿԱՆՈՒՄ ՎՃՌԱԿԱՆ ԽՈՍՔԸ:
Ո՞րն է մեր կարծիքով նպատակին հասնելու ճանապարհի առաջին քայլը:
Ինչպես բազմիցս նշել ենք, մեր որդեգրածը պայքարի ու գործունեության բացառապես ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒՂԻՆ Է՝ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՆՎԱՃՈՒՄԸ:
Թեև մենք ազգային պետականության վերականգնում ասելով հասկանում ենք Խ. Հայաստանի անկախացումը, սակայն դա քարացած ըմբռնում չենք դարձնում: Ազգային պետականություն կարող է ստեղծվել նաև մեր պատմական հայրենիքի որևէ այլ մասում (օրինակ՝ Թուրքիային անցած մեր տարածքի որևէ հատվածում): Կարող են ծագել Հայկական հարցի լուծման իրական այլ տարբերակներ ևս: Դրանցից ոչ մեկը մերժելու չէ: Ինչպես ասվեց՝ մենք պետք է պատրաստ լինենք Հայկական հարցի լուծման ցանկացած ուղու:
Մեզ հետ կարող են միաբանվել միայն նրանք, ովքեր պատրաստ են ընդունել, որ համազգային ցանկացած հարցի պատասխանը ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է տալիս:
Կրկնում ենք. ՀԱՆՐԱՔՎԵՆ է մեր ճանապարհը և այն չընդունողները բռնապետների դաշնակիցներն են, հետևաբար չեն կարող տեղ ունենալ մեր շարքերում:
Ազգային Ինքնորոշում Միավորումը հետզհետե ոտքի է կանգնում իբրև համազգային պահանջներ դնելու ընդունակ քաղաքական ուժ: Այդ ուժը զորացնելու համար ամեն հայ առանց երկնչելու պետք է միանա շարժմանը:
Մեր շարքերի ստվարացումը կանխելու համար հակառակորդը մեր միավորման մասին զանազան ահաբեկիչ, վանող ու վարկաբեկող լուրեր է տարածում՝ իր ստեղծած խմբավորումների միջոցով:
Մենք մեկ անգամ ևս շեշտում ենք.
գործել ու գործելու ենք օրենքների շրջանակներում, շարժվել ու շարժվելու ենք պայքարի ազգային ձևերով, ժխտել և ժխտելու ենք գործունեության ամեն մի ԲՌՆԻ ՁԵՎ՝ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆՆ անելով չեզոքացնելու համար մեզ զանազան սադրանքների մեջ քաշող ամեն մի փորձ:
ԽՍՀՄ Սահմանադրությունը հանրապետություններին երաշխավորում է ՑԱՆԿՈՒԹՅԱՆ դեպքում Խ. Միությունից անջատվելու իրավունք: Իսկ երկրի նոր ղեկավարությունը ամեն առիթով շեշտում է, թե աներեր է երկիրը դեմոկրատացնելու իր մտադրության մեջ: Մենք էլ մամուլի մեր մարմիններում տպագրած հոդվածներով ու այլ միջոցներով փորձում ենք հիմնավորել մեր տեսակետը, ապա մեզ համար պարզել.
ճշմարտությունն իմանալուց հետո Խ. Հայաստանի բնակչությունը ԽՍՀՄ–ից անջատվելու՝ այսինքն աղետից փրկվելու ցանկություն կունենա՞ թե ոչ:
Ուստի միավորումը լինելով ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՋԳՏՈՂ ՄԻԱԿ քաղաքական բացահայտ (լեգալ) կազմակերպությունը ԽՍՀՄ–ում, ոչ թե խոսքով, այլ գործով լծված է դեմոկրատացման գործընթացին: Այն իր գոյության փաստով կարող է նպաստել այս երկրի ներսում սկսված դրական տեղաշարժերի նկատմամբ վստահության աճին:
Ահա թե ինչու մեր պահանջները, նպատակներն ու գործունեության ձևերը ՕՐԻՆԱԿԱՆ ԵՆ, ԱՐԴԱՐ ՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏ:
Փետրվար 1988 թ.