Աղայանի Արություն և Մանվել վեպի ընթերցումը՝ հայ լուսավորական մտքի կողմից

 

 

Իր մտերմիկ զրույց-հեքիաթներով, զգայուն ու նրբանկատ մանկավարժական մոտեցումներով, «համով-հոտով» գրական ոճով Ղազարոս Աղայանն ամենալայն ժողովրդականություն վայելող և սիրված գրող-մանկավարժներից է եղել։ Նա լայնորեն ընկալվել է իբրև ժողովրդական բարքին արժանին մատուցող և այդ բարքից սնվող գրող։ Միաժամանակ Աղայանի ժամանակակիցները նույնչափ շեշտել են նրա գործունեության ու երկերի խորապես լուսավորական բնույթը։ Մասնավորապես Աղայանի 1866 թվականին գրված՝ Արություն և Մանվել ինքնակենսագրական վեպն առանձնակի տեղ է գրավում 19-րդ դարի հայ լուսավորական մտքի ներսում։ Մի կողմից՝ գաղափարական ուղղվածության տեսանկյունից վեպը շեփորում է հայ ժողովրդական կյանքին հակադրված, այդ կյանքն արմատականորեն արդիականացնելու լուսավորական օրակարգը։ Մյուս կողմից, սակայն, վեպում առկա մթնոլորտը, հեղինակի տոնայնությունն ու շեշտադրումները, արդեն զգայական մակարդակում, Աղայանի որդեգրած լուսավորական իդեալները նրբորեն տեղակայում են ժողովրդական կյանքի ներսում և այդ կերպ կարևորում ոչ միայն երկուսի հակադրությունը, այլև կապը (Տե՛ս https://shorturl.at/563w9

Հատկանշական է, սակայն, որ, դեռևս Աղայանի գործունեության առաջին օրերից սկսած, ժամանակակիցները Աղայանին որպես լուսավորիչ արժևորելիս շեշտում են նրա մոտեցումների արմատականությունը միայն։ Ընդգծվում է Աղայանի ընդվզումն ընդդեմ հայ իրականության մեջ հաստատված բարքերի ու կարգերի և կարևորվում նրա անզիջում վերաբերմունքը «խավարամտության» հանդեպ։ Աղայանը ներկայանում է որպես լուսավորության գործի նվիրյալ մարտիկ, ով «հայկական ճահճում» անողոք կերպով պայքարում է ժողովրդի մեջ արմատավորված նախապաշարմունքների ու սնահավատությունների դեմ, ջանում ազատվել հայ գյուղական կյանքից անքակտելի այս տարրերից։ Աղայանի լուսավորական հայացքների այսպիսի ընկալման լավագույն օրինակներից է Արություն և Մանվել վեպի՝ մանկավարժ Սեդրակ Մանդինյանի 1867 թվականին լույս տեսած գրախոսականը, որտեղ շեշտը դրվում է վեպում առկա գաղափարների ու հայ իրականության հակադրության վրա, իսկ այս երկուսի ներքին կապը՝ մատնվում անուշադրության։ Աղայանն այստեղ ավելի շուտ հանդես է գալիս իբրև լուսավորական գործի նվիրյալ մարտիկ, քան թե լուսավորությամբ հայ իրականության մեջ ի հայտ եկած հակասություններն բացահայտող և դրանց հետ աշխատելու ուղիներ փոտրող գրող։

Լուսավորական գաղափարների և գյուղական բարքի միջև լարումը շեշտող Արություն և Մանվել վեպի այս ընթերցման օրինակով տեսանելի է, որ Աղայանի մոտեցումների առավել նրբանկատ կողմերը՝ բարքի ու լուսավորական օրակարգի միջև նրա անցկացրած զգուշավոր կամրջումները, մեծապես աննկատ են մնացել հայ լուսավորականության մտավոր շրջանակի ներսում։ Սա մի հանգամանք է, որը ևս մեկ անգամ շեշտում է Աղայանի մտքի այն երեսը, որը համեստ և սահմանափակ չափով թույլ է տալիս արդի հայ իրականության մեջ բարքի ու լուսավորական իդեալների միջև հատման կետեր որոնել։

Հրապարակվում է ըստ՝ Ասատուր Ասատրյան, Աղայանը ժամանակակիցների հուշերում (Երևան։ Հայաստան, 1967), էջ 15-20։ 

 

 

ՍԵԴՐԱԿ ՄԱՆԴԻՆՅԱՆ

 ԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԱՆՎԵԼ

 ԱԶԳԱՅԻՆ ՎԵՊ, ՀԱՏՈՐ ԱՌԱՋԻՆ

 Աշխատասիրություն Ղազարու Աղայանց, 1867

 

Մարդս ինչո՞ւ է ծնվել.— Կյանքի քաղցրությունը վայելելու համար, ասում է այժմյան գիտությունը: Բայց ի՛նչ ենք տեսնում մեր չորս կողմը.— նա ամեն տեղ տանջվում է և կարոտության մեջն է, թեև քաղաքակրթությունը մինչևի էսօր դրա շատ ցավերը և կսկիծները պակասեցրել է: Ինչու է մարդուս կյանքը շատ անգամ դառն և անտանելի.— էնդուր, որ ինքը իրան դեռ չէ ճանաչել, ինչպես պատվիրել է նրան իմաստուն հույնը («Ծանիր զքեզ»): Քանի մարդս շատ է ճանաչում իրան, էնքան աշխարքումը նա վտանգներից ու փորձանքներից ազատ է, կույր բախտի ստրուկ չէ, իրա բանականութենով իշխում է բնության մեջ, կռվում է, հաղթում է և ստանում է երջանիկ կյանք: «Գիտությունը — զորություն է» դրոշմել է մեր ժամանակը իրա ճակատը էս ոսկե տառերով: Շատ գիտես — իշխան ես, քիչ գիտես – ծառա ես: Ամենօրյա կյանքը էդ է վկայում, բանականությունը էդ է վկայում, պատմությունը էդ է վկայում: Ամեն ազգերը էդ ճանապարհով են ստացել բարօրությունը, մեր ազգն էլ էդ ճանապարհով պիտի ստանա: Ես ևս քեզ պես կարող եմ աշխատել, բայց դու կուշտ ես, իսկ ես քաղցած. ես ևս քեզ պես ֆիզիկական զորություն ունեմ, բայց դու իշխան ես, ես ծառա. ես ևս քեզ պես մարդ եմ ստեղծված, բայց դու շատ իրավունք ունես, ես պակաս: Ինչի՞ցն է էդ անհավասարակշռությունը, էնդուրից, որ դու ինձանից պակաս սխալ ես անում քու կյանքում, էնդուրից, որ դու խելքդ, բանականությունդ գործ ես դնում, իսկ ես աչքերս ծածկած իմ կյանքս քարշում եմ էնտեղ, ուր կույր բախտը ինձ տանում է, էնդուրից, որ դու գիտես քու ցավն ինչ է և ուրեմն գիտես էդու ճարը, իսկ ես իմ հիվանդությունս չեմ տեսնում և բժշկելու վրա կմտածեմ միայն էն ժամանակ, երբ մահի դուռը կհասնեմ: Ես էլ պետք է քեզ պես իմ ցավս և հիվանդությունս տեսնեմ, որ հետո դյուրությամբ բժշկությունը գտնեմ և բժշկեմ: Հեշտ է ասել տեսնել, բայց միթե մարդս հեշտությամբ է տեսնում, և որն է ճանապարհը, որ պարզ տեսնե: Էդու ճանապարհն էլ կա, եթե ուզենանք միայն օգուտ քաղել — անցյալի փորձը, մեր հանճարի ու աչքերի քննությունը. պատմություն, գիտություն և գրականություն, ահա ճանապարհը: Պատմությունը ցույց կտա մեզ, թե մեր պապերը ի՛նչ միջոցներից օգուտ են քաղել և ի՛նչ հնարքներից վնաս են կրել, գրականությունը ցույց կտա մեր այժմյան միջոցները և հնարքները, մեր տանջանքի, կարոտության, ցավերի, կսկիծների, ախտերի շոշափելի պատկերը, իսկ գիտությունը մեզ բժիշկ կլինի, որից խորհուրդներ կհարցնենք հարկավոր եղած ժամանակը: Էսպես ուրեմն, գրականության արդյունավոր նշանակությունը պարզ երևում է, պարզ երևում է նմանապես, թե գրականության կոչումն ի՛նչ է,— նկարագրել պատկերներ և միայն պատկերներ, բայց և ստույգ, ճշմարիտ պատկերներ, էսպեսով կգտնենք պատճառներ, թե գողն ինչո՞ւ է գող, ավազակն ինչո՞ւ ավազակ, տգետն ինչո՞ւ է տգետ և այլն — հենց էդ էլ մեզ հարկավոր էր: Իսկ գրականության մեծ բաժինն է րոմանը, վեպը: Եթե վերևից պարզ հասկանալի է րոմանի նշանակությունը, հապա այժմ կասեմ, որ պ. Աղայանցը փառավոր հանդիսացավ էդ նոր… գրական ասպարեզում: «Արություն և Մանվելը» մի վեպ է, որը ուրախությամբ կկարդա ծերը, երիտասարդը և մանուկը, տղամարդը և կինը, փոքր ինչ գիտցողը և ոչինչ չգիտցողը, միով բանիվ դա ամենու համար միևնույն նշանակություն կունենա, ամենուն արցունքներ թափել կուտա, ամենուն խնդիրքներ կառաջարկե, որոնց վրա պիտի մտածել և լուծել.  ամենուն էն մարդիկ ցույց կտա, որոնց մենք ամեն օր տեսնում ենք, որոնց հետ ամեն օր հարակցություն և գործ ունենք: Դա կենդանի մարդիկ ցույց կտա, կենդանի բուն հայերին ցույց կտա և ոչ թե էնպես մեղրամոմից ձուլած մարդիկներ, ինչպեսիները «Սոս և Վարդիթերի» մեջն են երևում: Արությունը, Մանվել, Ավետիք, Օվակիմ, Տեր Մարկոս քահանան, աշըղ Շոհլային, փռանգստնու քահանան, որսորդ Պողոսը — սրանք վաղուցվա մեր ծանոթ մարդիկներ են. Գյուլ–Ջհանը, Օսանան, Հոռոմսիմը — սրանք էլ մեզ ծանոթ կանայք են: Դրանք բոլորը Աստծու ստեղծած մարդիկ են, կենում են, խոսում են՝ ինչպես մարդիկ, սիրում են, ատում են՝ ինչպես մարդիկ: Ահա մարդիկ, էն էլ հայ մարդիկ, որոնք, ինչպես ամենայն արարած, հաղթում են և հաղթվում են, որոնք անց են կացել կենաց ամենայն ջրերի և կրակների մեջ, որոնք կյանքի ամենայն հարվածներին, հանգամանքներին, ճակատագիրներին հանդիպել են և որոնք դրանց տակից դուրս գալով էլի դրանց կնիքը և հետքը ունեն դրոշմած ճակատին: Դառն է դրանց կյանքը, բայց ինչ անես — ճշմարիտ կյանքն էդ է: Արությունը խո հրաբուխ սիրտ ունե. խո երկաթե կամք ունե, գերբնական զորություններ ունե՝ կյանքի ամենայն հարվածներին դիմանալու համար, բայց դա էլ համարյա թե կիսով չափ հաղթվեցավ, երբ դա ծնողական տունն եկավ և հայրը դրան հարազատ որդի չճանաչեց. հայրը «գիժ և հերետիկոս» մականունները կպցնում է որդուն և շուռ է գալիս նրանից, և նրանք իրարուց բաժանվում են: Իհարկե, պղնձե գլուխ ունեցող մարդը կդատապարտե Արությունին էդու համար, բայց երբ վեպումը պարզ նկարագրած է էդու պատճառը, մտածող մարդը ոչ թե կդատապարտի Արությունին, այլ իր խորին սրտով կսիրե նրան և նմանապես խորին սրտով կցավե նրա հոր — Ավետիքի վրա, որ նրան շրջապատող հանգամանքները էդպես անարդարության սերմեր ցանեցին նրա սրտի մեջ, և ուրեմն մտածող մարդը առավել մեծ ջերմեռանդությամբ կաշխատե օգնություն հասցնել ոչ թե Ավետիքներին, որոնք մի ոտով գերեզմանն են մտիկ տալի, այլ մեր մանուկ սերունդին, որը էքուց Ավետիքների տեղ կբռնե: Վեպի մեջ ամենքը ցավ ունեն, ամենքը սրտի վերքեր ունեն, կարծես կարոտություն, հարվածք, սով, մերկություն մեզ ավանդել են մեր պապերը, որոնց ընդդեմ մենք հնարքներ պիտի գտնենք և մտածենք մեզ վրա, բոլոր էտունք էնպես բնական են նկարագրած, էնպես շոշափելի, էնպես ազդու, էնպես ճիշտ և ճշմարիտ, որ ակամա ցավում ես, թե ինչու երկրորդ հատորն էլ չէ տպած և պ. Աղայանցը ծուլացել է (թող ներվի մեզ) ու ժամանակին չէ հասցրել, որ շուտով տպվեր. կամ կարելի է պ. Աղայանցը նյութական միջոց չուներ տպագրությունը շարունակելու համար, և միթե ճշմարիտ դա .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  . միջոց չունե:

Խոսելով պ. Աղայանցի վեպի անհերքելի արժանավորությանց վրա, մենք պարտք ենք համարում նրա մի քանի պակասություններն էլ ցույց տալ, եթե պ. հեղինակը կկամենա օգուտ քաղել, երբ տպում լինի էն վեպի մյուս հատորը:

Վեպի առաջի վեց գլուխը, որտեղ նկարագրված են Արությունի և Մանվելի մանկությունը, շատ գեղեցիկ են գրած: Դրանց մեջ պարզ երևում է, թե ինչպես էդ երկու մանուկները ծաղկում են և զարգանում են, թե ինչպես, չնայելով էն անբախտ հանգամանքներին, որոնցով դրանք բոլորի շուրջ պատած էին, չնայելով էն նախապաշարմունքներին, սնապաշտություններին, աղքատության, տգիտության և այլն,— դրանք էլի էնքան զորություն ունեին իրանց փափուկ կազմվածքի մեջ, որ հավիտյան կորստի մեջ դեռ չեն ընկել և մի ուրիշ հանգամանքների մեջ ընկնելով՝ էլի կարող են հուսալի ուղղություն ստանալ, էլի կարող են ապագայում առատ վարձատրություն ստանալ՝ անդարձուցանելի կորցնելով անցյալը: Էդ ուրիշ հանգամանքը դրանց համար Թիֆլիսն էր, գալիս են և մտնում են մի ուսումնարան: Ընթերցողին միտը կբերեմ, որ էդ երկու մանուկները Թիֆլիսում մի լավ բարեկամ ունեն Օվակիմ անուն, որը բավականին առողջամիտ մարդ է և դեպի որը դժվար խնդիրներ լուծելու համար մանուկները միշտ դառնում են: Անց է կենում երկու տարի և յոթներորդ գլուխը նկարագրում է էդ ժամանակը: Էդ գլուխը կոչվում է. Պարզ դատողություն: Գլխի ճակատագիրը արդեն հայտնում է, որ մանուկները բոլորովին փոխվել են, և ճշմարիտ, դրանց բնության մեջ մի մեծ հեղափոխություն է երևում, գիտակցությունը սկսում է արմատ ձգել դրանց սրտերի մեջ, միտքը սկսում է ուղղություն ստանալ, ուղեղը — մի նոր կազմություն: Բացի մանուկների տարիները, թե ինչն ունեցավ նրանց վրա էն հզոր զորություն, որ էդպես փոխարկվեցան մանուկները՝ ոչինչ չէ ասված վեպի մեջ…

Եթե ասենք, թե ուսումնարանը ունեցավ մանուկների վրա արդյունավոր ազդեցություն, էդ առավել կասկածելի է, որովհետև ինչպես իրանք երեխայքը, էնպես էլ առողջ Օվակիմը ասում են, որ ուսումնարանը անկարգության մեջն է ընկել «Խաչագող Սալմաստեցու շնորքովը»: Իսկ միայն մենակ «Վերք Հայաստանին» էդ հեղափոխություն չէր կարող ձգել մանուկների մեջ, դժվար թե մի ոք մեզ հետ չհամաձայնի: Երբ Արությունը գալիս է Թիֆլիսից իրա ծնողական տունը՝ օգնություն խնդրելու՝ ուսում շարունակելու համար և երբ հորից գգվանքի տեղ, բիրտ և կոշտ խոսքեր է ստանում, նա իրա հայացքը դարձնում է էլի դեպի իրա սերտ բարեկամ Մանվելը, որը մի ուրիշ գյուղ է գնացել, ուստի նստում է և իրա դարդերը թղթի վրա է տպավորում, որ Մանվելն էլի մխիթարիչ լինի նրան: Նամակը շատ գեղեցիկ է գրած, բայց վերջանում է, թեև նմանապես գեղեցիկ, բայց փոքր ինչ ճշմարտությունից զուրկ. «Իմ վերջին կտակը, որ ուզում եմ քեզ ասել, այս է.— եթե Աստված տա, լավ ուսումն ստանաս, գեղացոց համար մի ամսական տետրակ հրատարակիր հասկանալի լեզվով և նոցա մեջ ազգություն և գիտություն տարածիր, որ ուրիշներն էլ ինձ նման անմուրազ չմնան: Ողջ լեր:» Արությունը անմուրազ մնալու վրա կխոսեր, բայց ամսատետրակի վրա դժվար: …Հետո խոսակցության մեջ լսվում են՝ Շեքսպիր, Բայրոն, տալանտ, րոման, պոետ և այլն, որոնք նմանապես փչացնում են բանը, ըստ որում չի երևում, թե որտեղիցն ունեն դրանք էդ տեղեկությունները:

Պ. Աղայանցը երես 190–ին ասում է. «Թողնենք ճառախոսությունները ուրիշ օրի և ժամանակի, պատճառ չոր ու ցամաք դատողութենից քիչ օգուտ կարելի է քաղել: Լավ կլիներ, որ ով ինչ առարկայի վերա ուզում էր խոսել, ներկայացներ նույն առարկայի բուն պատկերը և ոչ թե յուր ձայնի բոլոր ուժը մի տեղ հավաքած բղավեր այն խոսքերը, որ ամեն մարդի բերանում պտտվում է»: Գաղափարը ճշմարիտ և ստույգ է, բայց էդ գաղափարը իստակ պահպանելու համար հեղինակը մի ուրիշ սխալ է անում: Մենք վերևը արդեն ասացինք Օվակիմի ով լինելը, իսկ հեղինակը տեսեք ի՛նչ մտքեր է նրան սեփականացնում: Օվակիմը առողջ աչքով է նայում չորս կողմը, բայց, այնուամենայնիվ, նրա համար էդ մտքերը դյուրամատույց չեն. և եթե էս վերջին պակասությունը իսկույն չէ երևում ընթերցողին, էդ էնդուր համար, որ մտքերը շատ առողջ և ճշմարիտ են և ոչինչ սուտ, մեկ էլ էնդուր, որ փոքր ինչ ընթերցողին մտավորական կերակուր են տալիս, որո համար և կրկնում եմ, թե ինքը հեղինակը պիտի խոսեր, որ փոքր ինչ ընդարձակ և պարզ լիներ ասածը:

Եթե մենք էդ պակասությունները ցույց տվինք, որոնք ուրիշի գրվածքների մեջ արժանավորություն կարող էին լինել, էդ էնդուր համար, որ մեր երիտասարդ հեղինակը էնքան շնորհալի է, որ կարող էր էդպիսի պակասություններ չունենալ: Կրկնում ենք, պ. Աղայանցի վեպի մեջ էնքան գեղեցկություններ կան, որ ամենքը սիրով կընդունեն և սիրով կկարդան: Անկեղծ ցանկանում ենք, որ պ. Աղայանցը շարունակե էդպես փառավոր պսակել իրա ապագա գործունեությունը… Չգիտենք կարողացանք արդյոք ընթերցողի հետաքրքրությունը շարժել, եթե չէ, ուրեմն մեր մեղն է, չէ թե պ. Աղայանցի: