Նախաբան
Սույն հետազոտական աշխատանքը 1980-ականների վերջի և 1990-ականների սկզբի Հայաստանում անկախության մեր ըմբռնումները քննելու մի փորձ է։ Սակայն, հասկանալ անկախության մեր ըմբռնումները՝ հնարավոր չէ առանց Խորհրդային Միությունը հասկանալու փորձի նախևառաջ այն պարզ պատճառով, որ 1991-ին Հայաստանը հռչակվել է անկախ հենց ԽՍՀՄ-ից՝ այդ գործընթացում մեծապես հիմնվելով ԽՍՀՄ օրենսդրության ու սահմանադրության վրա։ Ուրեմն անկախությունը հասկանալու փորձերը մեզ անխուսափելիորեն տանում են դեպի ուշխորհրդային Հայաստան, մասնավորապես 1988 թվականին սկզբնավորված Արցախյան շարժման պատմություն, քանի որ ինչպես Հայաստանի երրորդ հանրապետության հիմնադրումը, այնպես էլ վերջինիս շուրջ երեսնամյա պատմությունը կապված է եղել արցախյան հիմնախնդրի հետ։ Ուրեմն, հասկանալ անկախության մեր ըմբռնումները՝ նշանակում է նախևառաջ հայացք ձգել հայոց պետականության կայացման համար վճռորոշ նշանակություն ունեցած Արցախյան շարժման շրջափուլի վրա. Շարժում, որի ի հայտ գալը կապված էր հենց 1980-ականների կեսերին Խորհրդային Միությունում տեղի ունեցող տեղաշարժերի հետ։
Հարկ է նկատել, որ 1980-ականների կեսերից Խորհրդային Հայաստանում սկիզբ առած փոփոխություններն ու հրապարակային ցույցերը մի զգալի չափով վերաբերում էին բնապահպանական խնդիրներին, որոնք հիմնականում կապված էին քաղաքն աղտոտող քիմիական արդյունաբերության, «Նաիրիտ» գործարանի, Մեծամորի ատոմակայանի հետ։ Արցախյան շարժման ակունքներում կանգնած գործիչներից Ալեքսան Հակոբյանը հետահայաց նկատում էր, որ արցախյան հարցը սկզբնապես մասն էր կազմում 1970-ականների վերջերից և 1980-ականների սկզբներից հայ հանրությանը հուզող հարցերի.
…Կար բնապահպանական շարժում, կար հայ հասարակության որոշակի շերտի պայքար հայերենի համար և ռուսերենի դեմ, քանի որ ռուսերենը սկսում էր սպառնալ հայերենի և հայ մշակույթի գոյությանը կամ գոնե դրա որակին, կային մայրաքաղաքաքի կենտրոնի պահպանության շարժումներ, կային երգի-պարի ազգագրական խմբեր, բանահավաքչական խմբեր….Կար նաև սոցիալական շարժում, որն ուղղված էր արդար հասարակություն կառուցելուն…. Եվ այդ բոլորի կողքին կար նաև Արցախի խնդիրը, որն աստիճանաբար գիտականից դուրս եկավ ոչ գիտական լսարաններ․․․․[1]Տե՛ս «Ղարաբաղի հարց լուծել՝ նշանակում էր գնալ կոնկրետ և ծանր քայլերի», ըստ՝ https://surl.lt/zcyioy, այց՝ 4 դեկտեմբերի 2025 թ.։
1988-ի փետրվարից Արցախի ազգային-քաղաքական հարցը վերաճում է համաժողովրդական լայն հարցի, որի լուծումը կապվում է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Խորհրդային Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Խորհրդային Հայաստանին միացնելու տարածքային պահանջի հետ։[2]Մինչև Արցախյան շարժման քաղաքական ծավալումը Երևանում տեղի ունեցած բնապահպանական ցույցերի ու հանրահավաքների մասին տե՛ս, օրինակ, «Շարժում 1988/25. բնապահպանական սկիզբը», ըստ՝ https://tinyurl.com/5bbuh6r8, այց՝ 4 դեկտեմբերի 2025 թ.։ Մեր հետազոտության առաջին գլուխը կենտրոնանում է Շարժման «ազգային-դեմոկրատական»[3]Լևոն Տեր-Պետրոսյանը 1990 թվականի մարտին Հայք թերթին տված իր հարցազրույցներից մեկում նշում էր. «Մեր Շարժումը բովանդակությամբ ազգային է, ձեւով՝ դեմոկրատական …. Առանց դեմոկրատիայի ազգայինը կվերածվի ազգայնականի, որն անհարիր է մեր ժողովրդի նկարագրին, իսկ առանց ազգայինի՝ դեմոկրատիան կվերածվի կոսմոպոլիտիզմի, որից ավելի մեծ չարիք դժվար է պատկերացնել մեր ժողովրդի համար»։ Ըստ՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Ընտրանի (Երևան։ Հայաստանի Հանրապետության Առաջին Նախագահի արխիվ, 2006), էջ 76։ փուլի ու դրա ներսում «Ղարաբաղ» կոմիտեի ղեկավարների կողմից ի վերջո ձևավորված անկախության ըմբռնումների վրա։ Կարևոր է նկատել, որ, թեև անկախության գաղափարը խմորվել ու ձևակերպվել է Արցախյան շարժման համատեքստում, մինչև Արցախյան շարժման սկզբնավորումը՝ 1960-ականներին, հիմնադրվել էր ընդհատակում գործող Ազգային միացյալ կուսակցությունը (ԱՄԿ), իսկ 1987-ին արդեն ԱՄԿ-ի գաղափարական հիմքերի վրա Պարույր Հայրիկյանը հիմնում է Ազգային ինքնորոշում միավորումը (ԱԻՄ), որի նպատակը, ինչպես ԱՄԿ-ի պարագայում, Խորհրդային Հայաստանի անկախացումն էր ԽՍՀՄ-ից։ Սա է պատճառը, ուրեմն, որ 1980-ականների վերջերի Հայաստանում անկախության ըմբռնումները քաղաքական ու գաղափարական տարբեր դիտանկյուններից շոշափելու ու դրանց առավել լայն պատկերը վերհանելու նպատակով՝ հետազոտության առաջին գլխում անդրադարձել ենք նաև ԱԻՄ-ի գործունեությանը։
Հայաստանի երրորդ հանրապետության հիմնադիր ղեկավարները, որ «Ղարաբաղ» կոմիտեի անդամներն էին, 1989-1990 թվականներին, տարբեր դիտանկյունից մոտենալով անկախությանը, վերջինս ուղղակի կամ անուղղակի կերպով կապել են Հայաստանի ու Արցախի միավորման նպատակի հետ։ Այս անկյան տակ թերևս պատահական չէ, որ արդեն 1990-ականների սկզբին անկախության ըմբռնումները վերհանելու մեր փորձերը մեզ պետք է բերեին նույն՝ արցախյան հարցի շուրջ տեղի ունեցող հասարակական-քաղաքական խմորումներին, որոնք էլ փորձել ենք երևան հանել մեր հետազոտության երկրորդ գլխում։ Այստեղ ի ցույց ենք դնում մասնավորապես այն փաստը, որ 1988-ի Արցախյան շարժման ազգային-ազատագրական պայքարի գաղափարաբանությունը շարունակվել է նաև Երրորդ հանրապետության սկզբնաշրջանում, երբ երկրի ղեկավարների համար Հայաստանն ինքը դարձել էր ազգային հարցը պետականորեն առաջ մղելու հնարավորություն։ Հայաստանի ու Արցախի գոյության համար այս քաղաքականության վտանգավոր հետևանքների մասին շեշտում էին այնպիսի գործիչներ, ինչպիսիք էին ՀՀՇ վարչության անդամներ Աշոտ Բլեյանն ու Կտրիճ Սարդարյանը։[4]Աշոտ Բլեյանն ու Կտրիճ Սարդարյանը ՀՀՇ վարչության անդամ են եղել 1989-1992 թվականներին։ Հայտնի է նաև, որ 1990 թվականի գարնանը Բլեյանը Ռիգայում մասնակցել է ՀՀՇ-ի ու Ադրբեջանի ժողովրդական ճակատի (ԱԺՃ) միջև բանակցություններին։ 1988-ի Շարժմամբ քաղաքական ասպարեզ իջած այս գործիչները արդեն 1990-ականների սկզբին՝ նոր-նոր սկսված Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, ահազանգում էին անկախ պետության պայմաններում Արցախյան շարժման տրամաբանությամբ առաջնորդվելու վտանգների մասին՝ ընդհուպ մինչև Արցախի ու Հայաստանի վերջնական կորուստ։ Այսպիսով հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ու արցախյան հարցի լուծման ճանապարհը նրանք տեսնում էին Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մեջ՝ ներառյալ Արցախը։
Արցախյան հարցի շուրջ Բլեյանի ու Սարդարյանի այս դիրքորոշումները, թեև 1990-ականների սկզբի հայ քաղաքական դաշտում «ծլարձակումներ» էին ու մեծապես մնում էին Երրորդ հանրապետության ղեկավարների պաշտոնական քաղաքականությունների ստվերում, այսօր հնարավորություն են տալիս Հայաստանի անկախության կայացման պատմության մեջ շոշափելու քաղաքական մտքի ու գործի այնպիսի շերտ, որը անկախությունը կապում է ոչ թե հայրենազրկության հաղթահարման, այլ, ինչպես իրենք էին ասում՝ «30 հազար քառ․ կմ տարածքում» Հայաստան պետության կայացման հետ։ Որքան էլ այս դիրքորոշումը արդիական է այսօր՝ նյութական կոնկրետ սահմաններում պետականության կայացման ճանապարհը բռնած Հայաստանի համար, մենք Աշոտ Բլեյանի և Կտրիճ Սարդարյանի քաղաքական մոտեցումներին անդրադառնում ենք նախևառաջ ուշադրություն հրավիրելու Հայաստանի անկախության կայացման ներքին լարումների և հակասությունների վրա։ Սա մենք փորձել ենք իրականացնել՝ հիմնվելով մամուլի, արխիվային նյութերի, հուշագրությունների, տեսանյութերի և այլ աղբյուրների վրա՝ հավատարիմ մնալով սկզբնաղբյուրների իսկ եզրաբանությանը։[5]Ինչպես օրինակ՝ ՄԱԿ, Եվրախորհուրդ, ԵԱՀԽ Մինսկ և այլն։ Այս իմաստով մեր աշխատանքը քաղաքական և կամ քաղաքագիտական վերլուծություն լինելու նպատակ չի հետապնդել, փոխարենը՝ այն մեր երկրի կայացման հակասություններն ու այս հակասություններում քաղաքական մտքի անտեսված շերտերն ու դրանց արժեքը բացահայտելու փորձ է։
Ամբողջական հետազոտությունը՝ այստեղ
Ծանոթագրություններ
| ↑1 | Տե՛ս «Ղարաբաղի հարց լուծել՝ նշանակում էր գնալ կոնկրետ և ծանր քայլերի», ըստ՝ https://surl.lt/zcyioy, այց՝ 4 դեկտեմբերի 2025 թ.։ |
|---|---|
| ↑2 | Մինչև Արցախյան շարժման քաղաքական ծավալումը Երևանում տեղի ունեցած բնապահպանական ցույցերի ու հանրահավաքների մասին տե՛ս, օրինակ, «Շարժում 1988/25. բնապահպանական սկիզբը», ըստ՝ https://tinyurl.com/5bbuh6r8, այց՝ 4 դեկտեմբերի 2025 թ.։ |
| ↑3 | Լևոն Տեր-Պետրոսյանը 1990 թվականի մարտին Հայք թերթին տված իր հարցազրույցներից մեկում նշում էր. «Մեր Շարժումը բովանդակությամբ ազգային է, ձեւով՝ դեմոկրատական …. Առանց դեմոկրատիայի ազգայինը կվերածվի ազգայնականի, որն անհարիր է մեր ժողովրդի նկարագրին, իսկ առանց ազգայինի՝ դեմոկրատիան կվերածվի կոսմոպոլիտիզմի, որից ավելի մեծ չարիք դժվար է պատկերացնել մեր ժողովրդի համար»։ Ըստ՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Ընտրանի (Երևան։ Հայաստանի Հանրապետության Առաջին Նախագահի արխիվ, 2006), էջ 76։ |
| ↑4 | Աշոտ Բլեյանն ու Կտրիճ Սարդարյանը ՀՀՇ վարչության անդամ են եղել 1989-1992 թվականներին։ Հայտնի է նաև, որ 1990 թվականի գարնանը Բլեյանը Ռիգայում մասնակցել է ՀՀՇ-ի ու Ադրբեջանի ժողովրդական ճակատի (ԱԺՃ) միջև բանակցություններին։ |
| ↑5 | Ինչպես օրինակ՝ ՄԱԿ, Եվրախորհուրդ, ԵԱՀԽ Մինսկ և այլն։ |