Աշուղն իբրև ժողովրդական լուսավորչի նախատիպ. աշուղական արվեստի՝ Գևորգ Ախվերդյանի ընկալումը

 

 

Աղայանի՝ որպես լուսավորական գործչի առանձնահատկություններից մեկն այն է, որ վերջինս, վաղ հասակից տարված լինելով աշուղական արվեստով, հասուն տարիքում որպես գրող և գործիչ նույնանում էր ժողովրդական սեր վայելող արվեստագետ և դաստիարակ աշուղի կերպարի հետ։ Իր ժամանակակիցների աչքում նա նույնպես ընկալվում էր իբրև «մեծ աշուղ», «հայոց ազգի Բերանժե», ինչպես պատվում էր նրան աշուղ Ջիվանին։ Աշուղությունը, կարելի է ասել, այն կարևոր եղանակներից մեկն էր, որ թույլ էր տալիս նրան բնականորեն կապել իր որդեգրած լուսավորական գաղափարները ժողովրդական կյանքի հետ և անձնական փորձի ու հմտությունների հիման վրա ժողովրդականացնել իր քաղաքակրթական իդեալները (տե՛ս https://shorturl.at/N5sHU

Ընդհանրապես 19-րդ դարի առաջին կեսի հայ լուսավորիչները աշուղական արվեստը դիտարկել են որպես լուսավորական նախագծերը հայ ժողովրդական կյանքին խարսխելու հնարավորություն։ Հայ միջնադարի ու վաղարդիության սահմանագծին ապրող և հասարակական մեծ ընդունելություն վայելող հենց աշուղի կերպարի հետ էին հաճախ նույնանում հայ լուսավորիչները, երբ փորձում էին արդիացնել հայ մշակութային կյանքը։ Օրինակ, հայ գրաբարյան մշակույթի անմատչելիությամբ մտահոգ Խաչատուր Աբովյանը աշխարհաբար իր առաջին վեպի նախաբանում իրեն համեմատում էր ժողովրդական լեզվով ստեղծագործող «աշըղի» հետ։ Աշուղական արվեստի կրթական նշանակությունը մեծապես կարևորել են նաև Աբովյանի վեպով ոգեշնչված Թիֆլիսի ազգային-պահպանողականները, որոնք 1850-ականների վերջին և 1860-ականների սկզբին Թիֆլիսում գրաշարությամբ զբաղվող երիտասարդ Աղայանի աշխարհայացքի վրա վճռական ներգործություն են ունեցել։ Մասնավորապես մեծ նշանակություն էր տալիս աշուղական արվեստին երիտասարդ Աղայանի հովանավորներից մեկը՝ Թիֆլիսի ազգային-պահպանողական բանասեր Գևորգ Ախվերդյանը, ով 1852 թվականին լույս տեսած իր Սայեաթ-Նօվայ աշխատությամբ մեզանում հիմք էր դրել աշուղական արվեստի հետևողական ուսումնասիրությանը։

Ստորև հրապարակվում է հիշյալ աշխատության առաջաբանից մի հատված, որտեղ հեղինակը ստվերագծում է աշուղական արվեստի՝ կրթական նշանակություն ու արժեք ունեցող կողմերը։ Հատկանշականորեն, Ախվերդյանի մատնանշած առանձնահատկություններն աչքի առաջ ունենալով էր արդեն հասուն տարիքում՝ 1890-ականներին Աղայանն աշուղությունը դիտարկելու իբրև լուսավորությունը ժողովրդական կյանքին մերձեցնելու հնարավրություն։

Հրապարակվում է ըստ՝ ԳԷորգ Ախվերդեան, Սայեաթ-Նօվայ (Մոսկվա։ Վլատիմիր Գոտիէ, 1852), էջ ա-բ։

 

 

Յառաջաբան [հատված]

 

Էս անպաճոյճ խաղ հանօղներն հէնց էն գլխէն էնպէս գրաւեցին սիրտս, որ հաւաքած նիւթերիցս՝ առաջ սրանց պտուղներն եմ հաղորդում ազգակիցներուս, որք՝ գիտեմ, ուրախ կու ’լին ընծայիս վրայ, սրտանց էլ կու սիրեն ազգի սիրեկաններուն։ Սրանց ի՞նչպէս չը սիրենք, որ իրանք իսկի չ’են պակսեցրել սէրն. խրախճանում ուրախացրել ու տրտմութեան մէջ սուգ են արել ազգի հետ. ու ինչ տեղ վարդապետն պակսեցրել է քարոզն, սրանք անդադրիլ՝ թէ սիրտը շահելով, թէ խրատով, թէ պարսաւելով կրթել են իրանց ժողովրդին։ Միշտ ազգի մէջ ու ազգի հետ, իմանալով սրա պակասութիւններն, հէնց իրանք նոյն մեղքերով բեռնած, սրտումն էլ կրելով նրա զգացմունքն՝ զուարթ ու կոկած խօսքով սիրու կաթոգին գրգանքն, հետն էլ դէմուդէմ խօսելիս չ’են քաշվել՝ անպարկեշտ ու անգութ մարդուն հրապարակում հալածելուցն. ու իրանց գլխին խալխի նօքազ ասելով՝ անց են կացրել բոլոր կանքն խաղ ասելում, աւանդել են մեզ իրանց սրտի ցաւերն ու տարփանքն, ու վարքն ժողովրդի. էնդուր էլ սրանց մէ քանի խաղերից աւէլի ենք նկատում ազգային հոգին ու ոճն, քան թէ պատմագրական հաստ հաստ գրքերիցն։ Էս վերջի հանգամանքն աւելի յորդորում է ինձ, որ հաղորդեմ ազգակիցներուս մեր Աշուղներու երգերն՝ սկսելով Սայաթ-Նովու խաղերիցն. որոնցից կու յայտնվի մեզ՝ ազգի ճաշակն, ազգային բանաստեղծնեուր մտաց աճումն ու օտարական ազդեցութիւնն։