1928-ին առաջին ստալինյան հնգամյակի մեկնարկը միաժամանակ ազդարարում էր ստալինյան մշակութային հեղափոխության սկիզբը: Ստալինյան քաղաքականությունների վերջնական հաստատումը Հայաստանում տեղի էր ունենում տասնամյակի սկզբին երկրի ղեկը ստանձնած կոմունիստ գործիչներին ղեկավար պաշտոններից հեռացնելու գործընթացին զուգահեռ: Խորհրդային Հայաստանի առաջին ղեկավար կազմին «աջ ազգայնականության» մեջ մեղադրող ձայները 1920-ականների երկրորդ կեսին հնչում էին քաղաքական ամենաբարձր ամբիոններից: Հին ղեկավարության դեմ սուր քննադատությունն իր ուղիղ արձագանքն էր գտնում նաև արվեստում ու ճարտարապետության մեջ: Որքան սրվում էր երկրի նախկին ղեկավար գործիչների որդեգրած քաղաքական կուրսի դեմ քննադատությունը, այնքան սրվում էր քննադատությունն այն արվեստագետների դեմ, որոնց գործունեությունը Հայաստանում ընթացել էր նույն այդ քաղաքական ղեկավարության անմիջական հովանավորությամբ ու աջակցությամբ:
Ստորև ներկայացվող վավերագիրը նկարիչ Սարգիս Հովհաննիսյանի ընկերական շարժն է, որ պատկերավոր է ի հայտ բերում 1920-ականների առաջին կեսի քաղաքական ու արվեստային օրակարգերի դեմ հնչող քննադատությունը: Պատկերում կենտրոնական ֆիգուրը Հողագործության ժողովրդական կոմիսար Արամայիս Երզնկայանն է, որը ձեռքին պահում է անհամեմատ փոքր չափերով նկարված ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանին՝ շինության մանրակերտը ձեռքին: Առաջին պլանում մաշիկներով, գորգին նստած, խաղողի ողկույզներով ու ցորենի հասկերով «զարդարված» Երզնկյանի հետևում հողժողկոմատի նորակառույց շենքն է, որի պատկերին Հովհաննիսյանը հավելել է միջնադարյան հայկական եկեղեցիներին բնորոշ մեծ ու փոքր երկու գմբեթ:
Հովհաննիսյանի այս պատկերը վեր է հանում թե՛ Երզնկյանի, թե՛ Թամանյանի դեմ ուղղված քննադատական հայացքը: «Աջ ազգայնականության» մեջ մեղադրվող Երզնկյանը քաղաքականապես հովանավորում էր միջնադարյան «հայկական ոճը» վերածնող ճարտարապետին: Պատկերում Հովհաննիսյանի շեշտած մանրամասները՝ գորգը, մաշիկները, խաղողն ու հասկերը դառնում են հայաստանյան միջնադարյան այն ավանդույթի հղումները, որի քաղաքական պաշտպանը Երզնկյանն էր, իսկ այդ ավանդույթը գործնականում կյանքի կոչողը՝ Թամանյանը: Պատահական չէ, որ շարժին կից գրաբարով գրված տեքստում հողժողկոմատի շենքն անվանվում է տաճար:
Հրապարակվում է ըստ՝ Գրական դիրքերում, 1928, թիվ 11-12, էջ 182: