Հայագետ, լեզվաբան Ռաֆայել Իշխանյանը 1980-ականների վերջերին անկախության ամենաարմատական գաղափարախոսներից մեկն էր, որը միաժամանակ սերտ կապերի մեջ էր գտնվում «Ղարաբաղ» կոմիտեի անդամների հետ։ 1980-ականների վերջերին Իշխանյանի հրապարակախոսական հոդվածները հայերի արդի պատմության քննադատական վերանայման հետաքրքրական նմուշներից պետք է նկատել։ Իր այս հոդվածներում հեղինակը, ի թիվս այլոց, երևան էր հանում հայ ազգային-ազատագրական պայքարի գաղափարաբանությանը բնորոշ մի առանձնահատկություն, որը, ըստ նրա, հատուկ էր նաև ղարաբաղյան շարժմանը։ Դա նախևառաջ ազգային-ազատագրական ծրագրերում «երրորդ ուժին»՝ սովորաբար քրիստոնյա Արևմուտքին կամ Ռուսաստանին ապավինելու հայերի քաղաքական մտայնությունն էր։ 1988-ին սկզբնավորված ղարաբաղյան շարժումը, որ ԼՂ-ի ու Հայաստանի վերամիավորման հույսը կապում էր ԽՍՀՄ վերակառուցման քաղաքականությունների հետ, ըստ Իշխանյանի, «երրորդ ուժին ապավինելու» հայ քաղաքական մտքի այս ավանդույթի շարունակումն էր ներկայում։
Ստորև ներկայացվող վավերագիրը 1990-ին հրապարակված «Մեր արցախյան շարժման սխալները» վերտառությամբ հոդվածն է։ Այստեղ հեղինակի քննադատության թիրախում Ղարաբաղյան խնդրի լուծման հարցում Մոսկվային ապավինելու Շարժման քաղաքականությունն էր ու հայության կյանքում դրա բերած քաղաքական աղետալի հետևանքներն ինքնին։ Ինչպես նկատում էր Իշխանյանը. «Շարժման մոլուցքի մեջ չէինք հասկանում, որ հայ-ադրբեջանական առճակատման հեղինակը հաճախ Մոսկվան էր՝ առաջնորդվելով իր փորձած՝ բաժանիր, որ տիրես սկզբունքով»։ Իշխանյանի այս քննադատությունների գաղափարական ետնախորքում 1980-ականների վերջերին ձևավորված քաղաքական իր հիմնական գաղափարախոսությունն էր՝ հայտնի «երրորդ ուժի բացառման օրենքը» կարգախոսով։ Վերջինս, որ ենթադրում էր քաղաքականության մեջ օտարի վրա հույս չդնելու, տարածաշրջանին «հարմարվելու», հարևանների հետ երկխոսելու, ազգային լեզվի պահպանության ու մի շարք այլ սկզբունքներ, Իշխանյանի համար այդուհանդերձ ոչ այլ ինչ էր, եթե ոչ «այս հողակտորի վրա» հայության գոյատևման, անկախության միջոցով հզորացման ու տարածքային հարցերը «սեփական ուժերով» լուծելու ռազմավարություն։
Հրապարակվում է ըստ՝ Ռաֆայել Իշխանյան, Երրորդ ուժի բացառման օրենքը (Երևան։ Ազատ խոսք, 1991), էջ 112-117։
ՄԵՐ ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՍԽԱԼՆԵՐԸ
Խոսքը արցախյան շարժման ընթացքում որևէ կազմակերպության կամ անհատի սխալների մասին չէ, այլ մեր բոլորի, գրեթե ամբողջ հայ ժողովրդի գործած սխալների։ Ես արդեն առիթ ունեցել եմ փաստերով ցույց տալու, որ ժողովուրդն էլ է սխալներ գործում, հաճախ ավելի ճակատագրական, քան անհատների գործած սխալներն են։
Հայերս չենք սիրում մեր սխալների մասին խոսել։ Մեր պատմաբանները սովորաբար հայոց հին թե նոր անցյալի մասին գրելիս մեզ շատ լավ գծերով են օժտում, մեր հակառակորդներին՝ չափազանց վատ։ Միշտ մեղավորը նրանք են, մենք անմեղ ու անսխալ։ Հաճախ մեր պարտությունները կոծկում ենք, նույնիսկ իբրև հաղթանակ ներկայացնում։ Այդ կերպ չենք կարողանում ճանաչել ինքներս մեզ, մեր ուժերը, ինչի ենք ընդունակ, ինչի՝ ոչ։
Գրում ենք ֆիդայիների քաջությունների մասին, բայց մեզ հաշիվ չենք տալիս, որ ֆիդայական շարժումը չհաղթեց, մեր երկրի մեծագույն մասը կորցրինք։ Ի՞նչն է պատճառը։ Կամ ինչո՞ւ մենք ահավոր պարտություններ կրեցինք 1915, 1918, 1920 թվականներին։ Եվ կամ ինչո՞ւ հրաշալի ամրացված Կարսից երկու անգամ փախանք, իսկ պաշտպանվելու տեսակետից խիստ անբարենպաստ Արարատյան դաշտում (Սարդարապատում) հաղթեցինք, ինչո՞ւ 1920–ին Սարիղամիշ–Կարս ճակատում խայտառակ պարտություն կրեցինք, իսկ նույն ժամանակ Սուրմալուի ճակատը կարողացանք պահել։ Այսպիսի շատ հարցեր կան, որոնք պատասխանի են սպասում, իսկ ինքնագովությունից հոգնել ենք։ Փառաբանում ենք որևէ զինվորականի, բայց երբ քննում ենք պատմության ընթացքը, չենք հասկանում, թե որն է փառաբանության արժանի նրա արած գործը, ինչ արդյունք է դրանից ստացել իրականում եղած այս Հայաստանը։ Չէ՞ որ մեր կորցրած Հայաստանը որևէ օգուտ որևէ մեկից, որևէ խմբից չի ստացել, այլ միայն վնաս, քանի որ իբրև Հայաստան չկա, մեռավ։
Իմ բարեկամ Խաչիկ Սաֆարյանն ասում է. «Քաղաքականության մեջ շախմատ պիտի խաղալ, իսկ մենք նարդի ենք խաղում»։ Ցավոք, ճիշտ է այս խոսքը։
Արցախյան շարժման անցած մոտ 3 տարվա դեպքերի շղթան երբ այսօր քննում ենք, տեսնում ենք, որ շատ բան արվում էր բախտի վրա հույս դնելով։ Այսինքն խաղում էինք նարդի և ոչ թե շախմատ։
Մեր գլխավոր սխալը հետևյալն էր. հայ ժողովուրդը համոզված էր, որ Արցախը Հայաստանի հետ վերամիավորվելու գործը արդար է՝ պատմականորեն հայկական հող, արցախահայերի բացարձակ գերակշռություն ինքնավար մարզում և նրանց միահամուռ ցանկությունը միավորված ապրելու հայրենակիցների հետ։ Մյուս կողմից բնազդ կար մեր մեջ, որ կարելի է այսպես արտահայտել. ռուսները քրիստոնյա, մենք քրիստոնյա, հայերը անչափ ծառայություններ են մատուցել Ռուսաստանին, ուրեմն Արցախը Մոսկվան կմիացնի Հայաստանին։ Այս երկու կռվանները հայ ժողովուրդը բավարար համարեց, որ Մոսկվային դիմի խնդրելով, պահանջելով Արցախի և Հայկական Հանրապետության միացումը։ Սրան գումարվեցին Մոսկվայի բարձրաստիճան որոշ անձանց (Միխայլով, Աղանբեկյան և այլն) հավաստումները, որ միացումը հեշտ գործ է, գլուխ կգա։
Եվ սկսվեց. Արցախում ու Երևանում, Հայաստանի մյուս քաղաքներում կազմակերպվեցին ցույցեր, ստորագրությունների հավաքում, գրվեցին բազում դիմումներ, բացատրագրեր, պատմական տեղեկանքներ և այլ թղթեր, ու այդ թղթերի հեղեղը անվերջ շարանով թռչում էր Մոսկվա։
Բայց սիրելի հայեր, ի՞նչ հիմք ունեիք մտածելու, որ Մոսկվան մեզ Արցախ կտա, կմիավորի մեր ազգի երկու հատվածները, որ կկատարի արցախահայերի ցանկությունն ու պահանջը։ Որտեղի՞ց էր այդ համոզումը։ Ո՞վ ասաց, որ քրիստոնյա ազգն անպայման մի քրիստոնյա ազգի է պաշտպանում ընդդեմ մի մահմեդական ազգի։ Որտեղի՞ց էիք վերցրել, որ պատմական գործոնը որևէ դեր ունի այսպիսի դեպքերում։ Ինչպե՞ս չէիք հասկանում, որ ինքնորոշման օրենքը ամբողջությամբ կեղծիք է։ Վերջապես մի՞թե անմտություն չէր մեր համոզումը, թե Մոսկվան արդարության պաշտպան է։
1988 թ. փետրվարի սկզբում մի ժողովի ժամանակ ասվեց, որ Ռուսաստանը անցած 300 տարվա ընթացքում հայերի հողային որևէ պահանջ չի լուծել, սկսած 1917 թվից, Հայաստանին ոչ մի թիզ պատմական հայկական հողերից չի տվել, հայկական շատ հողեր պոկել է Հայաստանից, հարևանին տվել, ի՞նչ հիմք ունեինք մտածելու, որ հիմա կտա Արցախը։ 1921 թ. Մոսկվան Արցախը տվեց Ադրբեջանին, հիմա ինչո՞ւ պիտի հետ վերցնի ու մեզ տա։ Ժողովին ներկա էր Հայաստանի գործուն մտավորականությունը (Կապուտիկյան, Բալայան, Սարգսյան, Խանզադյան և այլն)։ Նրանք միահամուռ պնդեցին, որ «պերեստրոյկա» է, միացումն անպայման կլինի։
Այո, միացման հույսը Մոսկվայի վրա դնելը, Մոսկվայի արդար լինելու համոզումը մեր ժողովրդի ամենամեծ սխալն էր, և մյուս սխալները բխեցին դրանից։
Շարժումը ահագին թափով սկսեցինք, որևէ հետևանք հաշվի չառնելով, քանի որ Մոսկվայի վրա մեր հավատը մեծ էր։ Շարժման առաջատարները և բոլոր մասնակիցները բնավ հաշվի չառան Հայաստանի աշխարհագրական վիճակը, Ադրբեջանի կողմից հնարավոր շրջափակումը, հաշվի չառան, որ Ադրբեջանում կարող է հայերի կոտորած լինել, որ կարող են երկրաշարժ սարքել, որ հնարավոր է գազն ու էլեկտրականությունը անջատեն, հայկական գյուղերից անասուն առևանգեն, հովիվներ սպանեն և այլն։ Հրապարակներում հավաքվում էինք, բռունցք բարձրացնում ու գոռում՝ «Մի–ա–ցում», «Պայքար, պայքար, մինչև վերջ» ու նման բաներ, կարծելով, թե այդ կերպ միացում կլինի։ Գործադուլ էինք անում, մեր Հայաստանի տնտեսությունը քայքայում, կարծելով, թե Մոսկվան կվախենա ու Արցախը կտա։
Մոսկվան մի քանի որոշումով կտրականապես մերժեց վերամիացումը։ Բայց մենք չխրատվեցինք, դարձյալ հայացքներս Մոսկվային՝ բացատրում էինք, խնդրում, պահանջում,— ամենը ձայն բարբառո հանապատի։ Հետո որոշ հայեր Մոսկվային վախեցնելու համար սկսեցին պանթուրքիզմից խոսել, թե տես Մոսկվա, պանթուրքիզմ կա, քեզ կուտի, Արցախը տուր մեզ, որ ուժեղանանք, պանթուրքիզմին դիմադրենք։ Իհարկե, Մոսկվայի գեներալներն ու ղեկավարները միայն քթների տակ ծիծաղեցին «արմյաշկաների» գժության վրա։ Վերջերս էլ Մոսկվայի ղեկավարության խիղճը արթնացնելու համար մի քանի հայտնի հայեր Մոսկվա թռան ու այնտեղ հացադուլ արեցին։ Դարձյալ հույսը Մոսկվան էր։ Իհարկե, այս անգամ էլ՝ ոչ մի արդյունք։
Մեր սխալներից մեկն էլ Հայաստանի Գերագույն խորհրդի ու Արցախի ազգային խորհրդի համատեղ որոշումն էր Հայաստանի ու Արցախի վերամիավորման մասին։ Թուղթ սիրող ազգ ենք, կարծում ենք, որ եթե միացման որոշում ընդունվեց, թղթի վրա գրվեց, միացումը կատարված է։ Դարձյալ նարդու խաղ։
Շարժման մոլուցքի մեջ մենք չէինք հասկանում, որ հայ–ադրբեջանական առճակատման հեղինակը հաճախ Մոսկվան էր լինում՝ առաջնորդվելով իր փորձած՝ Բաժանիր, որ տիրես սկզբունքով։
Ուրիշ շատ սխալներ էլ կարելի է նշել, ահա մի «փոքր» սխալ ևս։ Ունենք ավանդական հայերեն Արցախ անունը (ստուգաբանում են՝ Արաց–աղխ) և ադրբեջաներեն Ղարաբաղ–ը, շարժման հենց սկզբից եթե գործածեինք Արցախ («Արցախ» կոմիտե, արցախյան շարժում և այլն), աշխարհով մեկ կտարածվեր հայկական անվանումը, բայց մենք գերադասեցինք ադրբեջաներեն Ղարաբաղ–ը («Ղարաբաղ» կոմիտե, ղարաբաղյան շարժում և այլն), և այդ անունը տարածվեց աշխարհով մեկ։
Սխալ մտածելու «շնորհք» ունենք։ Օրինակ, երբ մեր սխալների պատճառով արցախյան շարժումը ձախողվեց, սկսեցինք մտածել, թե Մոսկվայի ղեկավարության մեջ ով է թուրք կամ թուրքի խնամի։ Միամիտ էինք ու մինչև վերջ էլ չէինք հասկանում, որ Մոսկվայի 300–ամյա քաղաքական գիծը բնավ մեր օգտին չի եղել։ Մեզնից ոչ մեկի մտքով չէր անցնում մտածել, որ օրինակ, Բաղիրովը, Վեզիրովը կամ Մութալիբովը ինչ կապեր ունեն ռուսների հետ, որ չեն ուզում Արցախը մեզ տալ։ Շատերն էլ մեզնից մեղադրում են Գորբաչովին, չմտածելով, որ Արցախը Հայաստանին չտալը ոչ թե Գորբաչովի քաղաքականությունն է, այլ Մոսկվայի ընդհանրապես։ Եվ որ ոչ ոք մեղավոր չէ մեր սխալների համար, բացի մեզնից։
Արդ, եթե մենք ոչ թե նարդի, այլ լրջորեն «շախմատ խաղայինք» և նկատի ունենայինք, որ ի հետևանք մեր սկսած շարժման հայերի կոտորած, տեղահանություն է լինելու, որ Հայաստանի ու Արցախի շրջափակում է լինելու, զորք են մտցնելու Արցախ, որ ժողովրդին խեղդված պահեն, որ հանրապետության գազը կարող են կտրել, նաև՝ էլեկտրականությունը, մեր առանց այն էլ փոքրաքանակ անասունները առևանգեն և որ մանավանդ այդ բոլորից հետո Մոսկվան կտրականապես մերժելու է միացումը, և Արցախի վիճակն ավելի վատ է դառնալու, քան նախքան շարժումն սկսելն էր, այս ամենը եթե նկատի ունենայինք, արդյո՞ք նույն կերպ կսկսեինք շարժումը։ Հազիվ թե։ Ժողովրդին պետք էր բացատրել այս ամենը։ Բայց, ցավոք, ոգևորությունն այնքան մեծ էր, հավատը, որ Մոսկվան հարցն արդար լուծելու է, այնքան հսկա, որ եթե մեկը ծպտուն էր հանում, թե Մոսկվան մեզ Արցախ տվողը չէ, որ կարող է կոտորած լինել, շրջափակում, այդպիսինի բերանին իջնում էին, սրիկա հայտարարում։ Իսկ եթե մեկն ասում էր, որ Արցախի հարցով ավելի ճիշտ կլինի Բաքվի հետ բանակցել, որ ամենաշատը դա այն հետևանքն է տալու, ինչ Մոսկվային դիմելը, այսինքն միացման մերժումը, բայց գոնե կոտորած չի լինի, շրջափակում ու գազը կտրել չի լինի, և Արցախի ազգային վիճակը, թերևս, ինչ–որ չափով բարելավվի,— այդպես ասողը դավաճան էր հռչակվում։
Պետք է ասեմ, նաև, որ «Արցախ» կոմիտեն, ավելի ճիշտ նրա մի քանի անդամները երբեմն գլխի էին ընկնում, որ իրենք խաղաքարտ են դառնում Մոսկվայի ձեռքին, որ Մոսկվան միացմանը դեմ է և այլն։ Ընդհանրապես արցախյան շարժմամբ ոգևորված բոլոր անձանց ու կազմակերպությունների մեջ, համեմատաբար ավելի չափավորը «Արցախ» կոմիտեն էր, և եթե այդ կոմիտեն հրաժարվեր շարժմանը մասնակցելուց, ղեկավար կդառնային շատ ավելի անհեռատես, հոխորտացող ու մոլեռանդ խմբեր և այսօր Արցախի ու Հայաստանի վիճակն ավելի ծանր կլիներ։ «Արցախ» կոմիտեն պարզապես հաճախ էր ենթարկվում ժողովրդական տարերքի և մոլեռանդ խմբերի ճնշմանը, տուրք էր տալիս նրանց զգացմունքներին։
Այսպես ընթացավ մեր սխալաշատ շարժումը և ի վերջո հաղթանակ չտարանք։ Ոմանք ասում են, որ շարժման շնորհիվ հայ ժողովուրդը խրատվեց ու համոզվեց Մոսկվային կամ մի այլ հզոր պետությանը դիմելու անիմաստ լինելը։ Ոչ, չխրատվեց, վկա մեր պատգամավորների հացադուլը ուղղված Մոսկվային, և մեր խորհրդարանի ծափահարությունները հացադուլավորների պատվին, վկա նոր դիմումներն ու նամակները Արցախի հարցով Մոսկվա թռչող։ Ցավոք, չենք խրատվել, մանավանդ, որ հրապարակորեն խրատող չունենք։