Լուսավորականի ներքին բախումների ինքնահայեցման մի փորձ. Թեմական տեսուչ վիպակը

 

 

Քաղաքակրթական իդեալների և զգայա-նյութական կյանքի սուր հակադրումը կարելի է համարել 19-րդ դարի հայ լուսավորական մտքի առանցքային բնութագրական գծերից մեկը։ Մեզանում լուսավորիչները, որպես կանոն, հնարավորինս ծայրահեղացրել են արդիականացմանն ուղղված նախագծերի և հաստատված սովորութային կյանքի ու վարքուբարքի միջև լարումները՝ վեհացնելով առաջինները և պախարակելով երկրորդները։ Լուսավորականի ինքնաըմբռնումը ևս մեծապես հենվել է այս լարման վրա: Նա հանդես է եկել իբրև բարոյական վեհ իդեալների մարտիկ ընդդեմ կենցաղային պայմաններով ու մարմնական կարիքներով սահմանափակված բարքերի աշխարհի և դրանում արմատավորված նախապաշարմունքների ու սնահավատությունների։ Հատկանշական է, սակայն, որ թեև այս հակադրումն ինքնին շատ վառ է արտահայտված լուսավորական մեր ավանդույթի ներսում, այդ նույն լարման հետևողական ուսումնասիրումը լավագույն դեպքում պետք է համարել լուսանցքայնացված։ Այս իմաստով լուսավորական մեր ավանդույթը շատ քիչ հնարավորություն է տալիս իր հիմքում ընկած առանցքային լարումը և ուրեմն ինքն իրեն հասկանալու համար։

Ղազարոս Աղայանը 19-րդ դարի այն հատուկենտ մտածողներից է, ով թե՛ որդեգրել է լուսավորության մեր ավանդույթը՝ իր ներքին լարումներով, թե՛ միաժամանակ հաճախակիորեն իր ընթերցողների ուշադրությունն է հրավիրել լուսավորական այս իդեալները որդեգրածի հակասական կացության վրա։ Հայ լուսավորականի ինքնահայեցման այսպիսի մի նշանակալի օրինակ պետք է համարել նրա՝ 1881 թվականին գրած անավարտ Թեմական տեսուչ վիպակը, որի առաջին գլխից մի հատված հրապարակում ենք ստորև։ Վիպակի առանցքում է ցարական Ռուսաստանի հայաբնակ գավառներում երկարամյա կրթական գործունեություն ծավալող լուսավորականի՝ թեմական տեսուչի կերպարը։ Հատկանշական է այն երկդիմի վերաբերմունքը, որ հեղինակը ցուցաբերում է այս կերպարի հանդեպ։ Մի կողմից նա ակհայտորեն նույնանում է տեղական կյանքի «ապականարար ազդեցությունների» դեմ անողոք մարտի բռնված նվիրյալ տեսչի կերպարի հետ։ Մյուս կողմից, սակայն, Աղայանը չի հապաղում երևան բերել այս պայքարի արդյունքում նույն հերոսի ֆիզիկական ու բարոյական արատները։ Կայտառությունը, հոգևոր զվարթությունն ու մեծահոգությունը գրեթե ամեն ինչից վեր դասող Աղայանի նկարագրություններում այս լուսավորիչը հանդես է գալիս ֆիզիկապես հյուծված, բարոյապես դառնացած ու նեղսրտված անհրապույր կերպարանքով։ Իհարկե դժվար է գնահատել, թե որքանով է տեսուչի այս նկարագրով Աղայանը գիտակցաբար քննադատում հակասությունները ծայրահեղացնող ու սրող մեր լուսավորական ավանդույթը: Սակայն աներկբայորեն լուսավորականի այս աննախանձելի պատկերն առաջին պլան է բերում վեհացված քաղաքակրթական իդեալների և հաստատված բարքերի միջև հակասությունները և դրանց առաջ բերած հետևանքները։

Հրապարակվում է ըստ՝ Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հ. 1 (Երևան։ Հայպետհրատ, 1962), էջ 241-243։

 

 

Գյուղական ազգասեր և թափառական ուսուցիչ [հատված]

Ա

 ԳՅՈՒՂԱԿԱՆ ԱԶԳԱՍԵՐ ԵՎ ԹԱՓԱՌԱԿԱՆ ՈՒՍՈՒՑԻՉ

 

Հայաստանի հյուսիսային սարսարուտ գավառներից մեկի մեջ կա Հացիկ անունով մի գյուղ: Այդ գյուղի հին ավերակներից և կիսակործան տաճարներից երևում է, և հին զրույցներն էլ վկայում են, որ այդտեղ մի ժամանակ մի մեծ մարդ է եղել կենալիս, և այդ մեծ մարդը եղել է հայոց, վրաց և աղվանից գրերի գտնողը: Յուր ծննդարանին անվանակից գյուղում բույն դնելով՝ հրեղեն Մեսրոպը յուր թռիչքն այդտեղից ուղղել է մերթ դեպի Սյունիք և մերթ դեպի Աղվանք:

Մի աշնանային գեղեցիկ օր հիշյալ ավերակների ստվերախիտ ծառերի տակ նստած էին երկու երիտասարդ, և ոգևորված սույն վայրերի անցյալի հիշատակներով՝ օդային ամրոցներ էին շինում, կրկին քանդում, կրկին նորոգում… Դրանցից մինը շատ նիհար էր, դեղներես, գլխի մազերը վաղօրոք թափված և դեմքի վերա ցավ, տխրություն, հուսահատություն և զզվանք դրոշմված: Այդ տարաժամ ծերացած երիտասարդը մի թափառական ուսուցիչ էր եղած, իսկ այժմ այդ պաշտոնից զզված՝ չոլեչոլ էր ընկել և բուի պես հայրենի ավերակներն էր ողբում: Մյուսը մի առույգ ու զվարթադեմ երիտասարդ էր, ազգային լրագիրներ կարդացած՝ հայի հառաչանք լսած, նրա սիրով վառված, և այժմ անհամբեր սպասում էր, թե երբ կլսի ազգային ցանկալի հրավիրական ձայնը, որ իսկույն բանաստեղծի ասածի պես՝ «Նժույգ ձի նստած՝ բեղերն ոլորած, ձեռքը սուր առած» օգնության հասնի: Միքայել էր ուսուցչի անունը, իսկ ազգասերինը՝ Առստամ: Դրանց խոսակցությունը անցյալից ներկային հասնելով՝ հետևյալ ոճն ստացավ.

— Միքայել, ես զարմանում եմ քո անհաստատամտության վերա,— ասաց Առստամը:— Էլ ինչո՞ւ համար է քո առած ուսումն ու գիտությունը, որ հիմա պետք է այդպես աննպատակ չոլեչոլ ընկած թափառես: Ավելի լավ չի՞ լինիլ, որ մի տեղ հաստատ բուն դնես, քեզ օգնականներ հասցնես և բոլոր գյուղերը վարժապետներով լցնես:

— Առստամ, այդպես ասելն է հեշտ միայն, իսկ կատարելը շատ դժվար և մինչև անգամ անհնարին է,— պատասանեց Միքայելը.— դու ի՞նչ կասես, եթե ես քեզ ասեմ, թե ինչո՞ւ ես դարտակ ա՜խ ու օ՜խ քաշում, և զուր ժամանակ անցկացնում. ավելի լավ չի՞ լինի, որ գնաս Հայաստան մի հայասորաքրդական միություն կազմես և հարեմական բռնությունից ազատես քո հայրենիքը:

— Ինչպես ասացի՞ր—հայ–ա–սո–րա–քր–դա–կան… Քո տունը շինվի, Մի՛քայել, ո՞րտեղից ստեղծեցիր այդ ահագին բառը: Դրա ասելն անգամ դժվար է, ուր մնաց կատարելը: Եվ ի՞նչ համեմատություն, մի՞թե լուսավորություն տարածելը պատերազմելու չափ դժվարություն ունի:

— Ես կարծում եմ, որ տգիտության դեմ, խավարի դեմ, ապականարար ազդեցությունների դեմ պատերազմելը ավելի դժվար է: Մի՞թե դու ինքդ չե՞ս տեսնում, թե որքա՜ն փչացել, որքա՜ն վատացել, որքա՜ն ապականվել է մեր ժողովուրդը թե՛ քաղաքներում և թե՛ գյուղերում առհասարակ: Մի՞թե դու չե՞ս տեսնում, որ էլ գլուխ վայր դնելու տեղ չի գտնվում, միայն այդ խոսքն ասող Քրիստոս չկա, որ հավատան: Մարդու կատարելության բուն նշանը վերացել է և նրա տեղը բռնել է մի կլոր խարան: Նա է մեզանում մարդ համարվում, ում ճակատին որ դրոշմված է այդ խարանը, անխարան ճակատից դուրս եկած միտքը չվանի դնող չկա: Գյուղացին սովորել է մի բան անել՝ մտրակի ազդեցությամբ, իսկ մտրակը գտնվում է միայն խարանավորների ձեռքին: Ժողովուրդը ինքնատյաց, յուրատյաց է դառել, նա գազանացել ու անասնացել է: Նա չարչիացել է, այս բառի մի նոր նշանակությամբը: Նա փողի հետ փոխանակում է ամենայն ինչ՝ մինչև իր ընտանեկան սրբությունն անգամ, նա ամեն ինչ կշռի ու կանգունի տակ է ձգել, և ինչ որ կարելի չէ ոչ չափել և ոչ կշռել, այն չկա նրա համար: Առաքինությունը, ազնվությունը, վսեմը և բոլոր մյուս ոգեկան պահանջները, որոնք միայն մարդուն են հատկական, վերացել է մեր անասնացած և անբարոյականացած ժողովրդից:

Միքայելի այս խոսքերը թույնի պես էին թափվում Առստամի քնքուշ սրտի վրա: Ճշմարիտ որ Միքայելը իբրև մի վիրավորված և գրգռված օձ, պատրաստ էր յուր մաղձն ու լեղին թափել ամեն բանի վերա: Եվ այդ շատ հասկանալի է՝ գոնե ինձ, որ ուրիշ կերպ չեմ կարող մտածել, քան որ մտածում էր Միքայելը: Ես նրա խոսքերի մեջ գտնում եմ միայն զուտ և անհերքելի ճշմարտություն ու պատրաստ եմ նրա ասածների տակ ստորագրել իմ անունը: