ՀՀՇ վարչության անդամներ Կտրիճ Սարդարյանն ու Աշոտ Բլեյանը 1990-ականների սկզբին ահազանգում էին, որ ՀՀ իշխանությունների որդեգրած քաղաքականությունը, այն է՝ արցախյան հարցի միջազգայնացումն ու հակամարտությունը միջնորդական առաքելությամբ լուծելը, շեղում էր նորանկախ Հայաստանին ու Ադրբեջանին անկախ պետականության կայացման ճանապարհից։ Վերջիններիս համոզմամբ՝ այդ քաղաքականությունը միաժամանակ անհնար էր դարձնում Արցախյան պատերազմն օր առաջ դադարեցնելու ու հայ–ադրբեջանական երկկողմ, անմիջական հարաբերություններ հաստատելու՝ երկու պետությունների շահերից բխող անհրաժեշտությունը։ Արցախյան հարցի խաղաղ կարգավորման ու հայ–ադրբեջանական երկկողմ հարաբերությունների հաստատման քաղաքական այս նպատակի ուղեծրում պետք է դիտարկել 1992 թվականի հոկտեմբերի 12-ին Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավորների անունից Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին, խորհրդարաններին, հասարակական–քաղաքական գործիչներին ու մտավորականներին հասցեագրված ուղերձը։ Ուղերձի հեղինակը Աշոտ Բլեյանն էր, որի տեքստը նա, իր իսկ վկայությամբ, խմբագրել էր «իր ընկերոջ»՝ Սարդարյանի հետ։ Ուղերձում հեղինակները, երևան հանելով Արցախյան պատերազմի ծանր հետևանքները հայ ու ադրբեջանցի ժողովուրդների կյանքի վրա, հակամարտող կողմերին կոչ էին անում «անմիջական, ուղղակի, երկկողմ բանակցությունների»։
1992 թվականի նոյեմբերի 4-ին՝ պատերազմի ամենաթեժ ժամանակ, Բլեյանը ուղևորվում է Բաքու՝ ուղերձն անձամբ Ադրբեջանի ղեկավարությանը հանձնելու և քաղաքական իր դիրքորոշումները գործնականում տեղ հասցնելու նպատակով։ Բլեյանը Բաքու է մեկնում ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավորների շուրջ մեկ երրորդի ստորագրությունը ձեռքին։ Այդուհանդերձ, ինչպես նշում էր Բլեյանը, չնայած իր բուռն ցանկությանը՝ իր այցը պաշտոնապես լիազորված չէր. այն մնաց որպես անհատական նախաձեռնություն։ Ստորև ներկայացվող վավերագիրը 1992 թվականի նոյեմբերի 11-ին նախագահական երդման առաջին տարելիցի առիթով տված հարցազրույցում Լևոն Տեր–Պետրոսյանի արձագանքն է ուղերձին։ Նախագահն ինքը, ուղերձը տեղակայելով խորհրդարանում գոյություն ունեցող «ամենածայրահեղ ռազմատենչ» և «ամենածայրահեղ պացիֆիստական» տեսակետների ներկապնակում, իր դիրքորոշման մեջ հստակ էր. «երկկողմ բանակցությունների փուլը, արդյունք չի կարող տալ»: Ուրեմն, ինչպես ցույց է տալիս Տեր–Պետրոսյանի գնահատականը այս փաստաթղթին, 1990-ականների սկզբին արցախյան հակամարտության հարցում Բլեյանի ու Սարդարյանի դիրքորոշումները մնում էին Երրորդ հանրապետության ղեկավարների պաշտոնական քաղաքականությունների ստվերում։
Հրապարակվում է ըստ՝ Լևոն Տեր–Պետրոսյան, «Մեր ամենակարևոր ձեռքբերումը Հայաստանի ներքին կայունությունն է», Հայաստանի Հանրապետություն, 14 նոյեմբերի 1992 թ.։
Լ. ՏԵՐ–ՊԵՏՐՈՍՅԱՆ
Պետք է սառնասրտորեն վերաբերվել քաղաքական տեսակետներին
Վերջերս հաճախ են բանավեճեր գնում մեր խորհրդարանի մի խումբ պատգամավորների՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին ուղղված դիմումի շուրջ: Այս դիմումը իսկապես ինչ–որ հուզմունքներ առաջացնում է, բայց ես հիմքեր չեմ տեսնում զգայական վերաբերմունք ունենալու նման փաստաթղթի նկատմամբ: Պետք է պարզապես սառնասրտորեն ընդունել, որ սա էլ մի քաղաքական տեսակետ է, որն այսօր գոյություն ունի մեր հասարակության մեջ, մեր խորհրդարանում: Տեսակետների մի հսկա գունապատկեր գոյություն ունի, սկսած ամենածայրահեղ ռազմատենչ տեսակետներից մինչև ամենածայրահեղ պացիֆիստական տեսակետը: Այս դիմումն էլ պետք է ընդունել որպես այս ներկապնակի ներկերից, գույներից մեկը, որը, ըստ երևույթին, նաև անհրաժեշտ է: Քաղաքական տեսակետից ես բավականին առողջ եմ գտնում այն դրույթը, որ ավելի հեշտ կլիներ այս հակամարտությունը լուծել երկու կողմերի բանակցությունների միջոցով: Բայց սա՝ որպես ընդհանուր դրույթ, սակայն այդ դրույթը տեղադրելով ռեալ իրադրության մեջ, տեսնում եմ, որ կոնֆլիկտն այնքան է խորացել, որ այլևս այս փուլը, այսինքն, երկկողմ բանակցությունների փուլը, արդյունք չի կարող տալ: Սա իմ տեսակետն է: Դիտենք նմանատիպ բոլոր կոնֆլիկտները, կհամոզվենք, որ առանց միջնորդների ոչ մի հարց չի լուծվի: Իսրայել–եգիպտական հարաբերությունները կարգավորվեցին Քեմպ Դևիդում՝ ԱՄՆ–ի միջնորդությամբ, արաբա–իսրայելյան խաղաղ կոնֆերանսն այսօր տեղի է ունենում ՄԱԿ–ի և նորից ԱՄՆ–ի միջնորդությամբ: Բոսնիայի և Հերցեգովինայի հարցը՝ նույնպես: Բոլոր նմանատիպ հակամարտություններում անպայման անհրաժեշտ է միջազգային հանրության միջնորդությունը: Գուցե հակամարտության սկզբնական փուլում հնարավոր լիներ նման երկկողմ հարաբերությունների միջոցով լուծել հարցը: Բայց հիմա ոչ, չեմ կարծում: Սա է այդ փաստաթղթի իմ գնահատականը: