ԽՍՀՄ Վերակառուցման քաղաքականությունների պայմաններում ղարաբաղյան հարցը մեծապես հանդես էր գալիս իբրև Խորհրդային Միության ներքին սահմանների վարչատարածքային փոփոխության հարց։ Մինչդեռ Հայաստանի ու Ադրբեջանի անկախությունից հետո Հայաստանի իշխանությունները շեշտն առավելապես դրեցին միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկի՝ ազգերի ինքնորոշման վրա։ Թեև այս դրույթը դեռևս ամրագրված էր 1988-ի օգոստոսին կազմված ՀՀՇ օրակարգում, այդուհանդերձ, Հայաստանի անկախությունից հետո այն նախևառաջ ենթադրում էր ղարաբաղյան հարցի միջազգայնացում ու միջազգային քաղաքական ատյաններում ղարաբաղյան խնդրի այնպիսի ձևակերպում, որը վերջինս կտեղակայի ոչ թե Հայաստանի կողմից տարածքային պահանջի, այլ ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման տիրույթում։ Այսպես Հայաստանի անկախությունից հետո «խաղաղ-սահմանադրական» լուծման հասցեատեր Խորհրդային Միությունը փոխարինվում էր միջազգային իրավունքի նոր հասցեներով՝ ՄԱԿ-ով և Եվրախորհրդով։ Ստորև ներկայացվող վավերագիրը պատմաբան, ՀՀՇ վարչության նախկին անդամ, 1990-ին Անկախ պետականության հաստատման ու ազգային քաղաքականության հանձնաժողովի նախագահի պաշտոնը ստանձնած Կտրիճ Սարդարյանի՝ «Ինչու՞ միջազգայնացվեց ղարաբաղյան հարցը» վերտառությամբ հոդվածն է (1993 թ.)։ Հոդվածում Սարդարյանը երևան էր հանում ղարաբաղյան հարցը միջնորդական առաքելությամբ լուծելու ՀՀ իշխանությունների քաղաքականության և միջազգային քաղաքական ատյանների, մասնավորապես՝ հակամարտության լուծման դերը ստանձնած ԵԱՀԽ Մինսկի խմբի քաղաքականությունների միջև հակասությունները։
Այսպիսով Սարդարյանն ի հայտ էր բերում, որ ՀՀ իշխանությունների որդեգրած քաղաքականությունը, շեղելով նորանկախ երկու երկրներին պետականության կայացման ճանապարհից, միաժամանակ անհնար էր դարձնում արցախյան պատերազմն օր առաջ դադարեցնելու ու հայ-ադրբեջանական երկկողմ հարաբերություններ հաստատելու անհրաժեշտությունը։ Սարդարյանի քաղաքական այս դիրքորոշումները, ի թիվս այլոց, պայմանավորված էին անկախությամբ Հայաստանի առջև այլևս բացված նոր իրականությամբ։ Դա մասնավորապես միջազգային քաղաքական ատյանների, ինչպես օրինակ՝ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) կողմից ձևավորված պետությունների տարածքային ամբողջականության ապահովման իրավաքաղաքական սկզբունքներն էին։ Իսկ Ղարաբաղի ինքնորոշումը, ինչ տեսք էլ որ այն ստանար՝ անկախության կամ վերամիավորման, ըստ էության, պետք է ենթադրեր հենց տարածքային հարց։ Քաղաքական հենց այս իրողությունից ելնելով էր միաժամանակ, որ Սարդարյանն, ըստ էության, ուղենշում էր Ղարաբաղի ինքնորոշման՝ արտաքին աշխարհի համար, ըստ էության, անիրատեսական ու անթույլատրելի լինելու իրողությունը։
Հրապարակվում է ըստ՝ Կտրիճ Սարդարյան, Պետական սկիզբ և ազգային շարունակություն (Երևան։ Նաիրի, 1999), էջ 46-51։
ԻՆՉՈ՞Ւ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՎԵՑ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԸ
Մեզանում քաղաքական հասկացություններն այնպես են խճճվել ու իմաստազրկվել, որ պսրզապես բացատրական հատուկ բառարանի կարիք է զգացվում։ Օրինակ, ի՞նչ է նշանակում «պատերազմ» կամ «խաղաղություն» մեր բառապաշարում։ «Պացիֆիզմն» ի՞նչ բան է։ «Խաղաղություն և պատերազմը» միասին ինչպես են կոչվում։ «Ընդդիմությունը» նշանակում է ընդդիմանա՞լ, թե դիմանալ։ «Քաղաքական վերլուծությունը» ինչպե՞ս մեկնաբանել։ Վեճն ու բանավեճն, արդյոք, ուղի՞ են հարթում դեպի ճշմարտությունը, թե դեպի առասպել։ Այս տեսակետից անհասկանալի չէ նաև «ղարաբաղյան հարցի միջազգայնացում» բառակապակցությունը, որին կցանկանայի մանրամասն անդրադառնալ։ Սկզբում ասվում էր, որ ԵԱՀԽ–ն պետք է ճանաչի Ղարաբաղի ինքնորոշումը։ Հիմա ասում են, որ այդ կազմակերպությունը մեզ ու Ադրբեջանին պետք է հաշտեցնի։ Սրանցից ո՞րն է ճիշտ։ ԵԱՀԽ–ը խաղաղության ի՞նչ պայմաններ պետք է առաջարկի, որոնք բավարարեն և՛ Հայաստանին ու Ղարաբաղին, և՛ Ադրբեջանին։ Թե՝ երկու հարց միասին պետք է լուծի՝ ճանաչի Ղարաբաղի Հանրապետությունը և ստիպի Ադրբեջանին՝ իրողության հիմքով հաշտվելու հայերի հետ։ Մի խոսքով, ամեն ինչ անորոշ ու անհեռանկար էր ի սկզբանե։ Այդ պատճառով էլ Հայաստանի և Ղարաբաղի իշխանությունները տվյալ հարցի միջազգայնացումը ներկայացնում են իբրև Ղարաբաղի ինքնորոշման ճանաչման միջոց։ Բայց մոռանում են, որ ԵԱՀԽ–ը միջնորդի դեր ստանձնելիս ակնարկ անգամ չի արել, թե ճանաչելու է Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը։ Ավելին, մինչև միջնորդության ստանձնումը, այս կազմակերպության ներկայացուցիչները հստակ ասել էին, որ իրենց խնդիրը կրակի դադարեցումը և կողմերի հաշտեցումն է լինելու։ Այսինքն՝ ԵԱՀԽ–ը, փաստորեն, ստանձնել է հիմնախնդրի հումանիտար, այլ ոչ թե քաղաքական կարգավորման գործառույթը։ Սակայն, ենթադրենք, որ սկզբից կողմերն իրար լավ չէին հասկացել, և միջազգային իրավունքի հայ մասնագետները քաջ գիտեին, թե ինչ ասել է ազգի ինքնորոշման իրավունք։ Կամ էլ հակում կար ղարաբաղյան հարցի միջազգայնացումը և ընթացող բանակցությունները դիտել տալ որպես Հայաստանի արտաքին քաղաքականության հաջողություն։ Նման երևույթը որքան էլ բնութագրական ու ներելի լինի նորաստեղծ պետությունների իշխանությունների համար, նույնքան էլ վտանգավոր է շարունակվելու պարագայում։ Ցավալի է, որ մեզանում դա, իսկապես դարձավ շարունակվող երևույթ, վերածվեց բանաձևի։ Ինչևէ, 1992 թ․ հունիսին, երբ քաղաքական խորքի խաղերը մասնակիորեն պարզվեցին, ակնհայտ էր, որ մեր իշխանությունների վարած քաղաքականությունը Ղարաբաղի հարցով հայեցողական է։ Սեփական սխալն ընդունելու պետական կարողություն ու իմաստություն դրսևորելու ու այն շտկելու փոխարեն իշխանությունները համառորեն կառչած մնացին հարցի միջազգայնացումից։ Դա էլ այն պարագայում, երբ հստակեցվել էին հարցի վերաբերյալ բոլոր կողմերի դիրքորոշումները։ Այսինքն՝ հունիսին պարզ ու տեսանելի էր, որ ոչ ԵԱՀԽ–ը և ոչ էլ որևէ պետություն չի ճանաչելու Ղարաբաղի Հանրապետությունը։ Դրանից հետո էլ մեր իշխանությունները կոծկեցին կատարվածը և շարունակեցին իրենց քաղաքականությունը։ Ու չհասկացվեց, թե հետագա բանակցություններն ի՞նչ են հետամտում։ Դիվանագիտական հաջողությունների մասին ինքնամեծար հայտարարությունների ետևում գործնական ի՞նչ արդյունքներ կան և հետագայում ի՞նչ է ակնկալվում։ Չէ՞ որ քթաղաքականությունը չափվում ու գնահատվում է արդյունքներով։ Եթե Ղարաբաղը, վերջին հաշվով, պետք է մնա Ադրբեջանի կազմում, այս աղմուկ–աղաղակը, զոհերն ու զրկանքներն ինչի՞ համար են։ Գործադիր իշխանություններից սրա պատասխանը պետք է պահանջեր Գերագույն խորհուրդը։ Իսկ մեր խորհրդարանը 1992 թ․ հունիս–հուլիս ամիսներին, ղարաբաղյան հարցը երկար չարչրկելով և հուլիսի 8–ի որոշումն ընդունելով, ցույց տվեց, որ իշխանությունը և ընդդիմությունը համախորհուրդ են գործում։ Պարզվեց նաև, որ մեր քաղաքական միտքն անկարող է երևույթները հեռվից ամբողջության մեջ տեսնել։ Սա, իր հերթին, պայմանավորված է ազգային հոգեբանությամբ. Վնասի կեսից ետ չկանգնել ու համառորեն շարունակել ցանկալի, բայց ոչ իրական ճանապարհով փնտրտուքը, կամ մինչև վերջին ատյանը բարձրացված ու չլուծվող հարցին հետամուտ լինել։ Գերագույն խորհրդի որոշումը դեմության և ընդդիմության՝ երկուստեք հայրենասերների (պակաս կամ ավելի չափով) վարկը պահեց ժողովրդի աչքում։ Կարևոր հանգամանք՝ իշխանակռիվը շարունակելու համար։ Սովորական երևույթ է դարձել ղարաբաղյան խաղաթղթով իշխանության գալը, հետո «հանուն Ղարաբաղի» իշխանությունը պահելը կամ դրան հավակնելը։ Այսօր իշխանավորներն ու ընդդիմադիրներն իրար քննադատելով բախվում են արտաքին ուժին, վաղը, երբ խաղաղություն հաստատվի, հակադրությունը տեղափոխվելու է ներքին կյանք՝ իր ծանր հետևանքներով։ Եվ ո՞վ է երաշխավորը, որ այդպես չի լինելու։ Ապագայի համար շատ վտանգավոր է մտնել միջազգային խաղի մեջ ու ասել. «Մեր դեմ խաղ չկա»։ Խաղը նրա կանոններն իմացողի համար է։ Մենք խաղի կանոններն իմացողների ձեռքին օբյեկտ ենք, որ սեփական ժողովրդին դիվանագիտորեն համոզենք. «ԵԱՀԿ–ը չլուծի, ՄԱԿ–ը կլուծի, ՄԱԿ–ը չլուծի, միջազգային դատարանը կլուծի» (Ժ. Լիպարիտյան)։ Այս պահը մյուս պահերից տարբերվում է նրանով, որ խաղաղություն ասելով ենք կռվում, որովհետև չգիտենք, թե խաղաղությունը երբ է հաստատվելու։ Խաղի կանոններն իմացողը կորոշի ու կկարգավորի մեր հաշտությունը հարևանի հետ։ Եվ դա այնպես ու այն ժամանակ կանի, երբ երկուսն էլ ամբողջապես շարքից դուրս եկած կլինեն ու նաև՝ երախտապարտ նրան, որ իրենց հաշտեցրեց։ Այնպես որ, մեր քաղաքական հիմնական ուժերն այդ ձգողական դաշտի տիրույթներում են փոթորկում, որովհետև նրանց «քաղաքական հայացքների» միջև տարբերություն չկա։ Մնացածը ներկայացում է ժողովրդի համար։ Մինչև վերջերս, դատելով ոչ իշխանամետ մամուլում լույս տեսնող հոդվածներից, ժողովուրդը հավատում էր, որ ունի Արցախի փրկությամբ տառապող հայրենասեր ընդդիմություն և միջին դիրք գրաված պակաս հայրենասեր իշխանություն՝ Նախագահի գլխավորությամբ։ Նախագահն է Հայաստանի քաղաքական խճանկարի նման արհեստական գունավորում տալիս։ Պարզ է, որ հայրենասիրական այսպիսի մթնոլորտում պետք է բանադրանքի ենթարկվեին այն մարդիկ, ովքեր հավատարիմ են մնացել իրենց քաղաքական համոզմունքներին ու սկզբունքներին։ Աջերը կային, կենտրոնը կար, մնում էին ձախերը։ Ահա նրանք էլ երևան եկան, և ամեն ինչ իր տեղն ընկավ։ «Պացիֆիզմն էլ գոյություն ունենալու իրավունք ունի մեր քաղաքական խճանկարում»,— ասաց ու կնքեց Նախագահը։ Նրան երկրորդեց իշխանություններին «հակադրվող» ընդդիմությունը։ Պացիֆիստը պատերազմի հանդեպ նույն խորշանքն ունի, ինչ որ սեռազուրկ տղամարդը գեղեցկադեմ կնոջ նկատմամբ։ Մոտավորապես այսպես։ Սա է համառոտ բնութագիրը ասվածի ու գրվելիքի։ Բայց պացիֆիստները նաև ֆիզիոլոգիական վախ ունեն թշնամուց։ Ճշգրտորեն նույն որակումն էր տրվում այն եզակի գործիչներին, որոնք 1918–1920 թթ. առաջադրում էին հարևան Թուրքիայի հետ անմիջական բանակցություններով կնճիռը կարգավորելու, ժողովրդին ու նորաստեղծ պետությունը փորձառության չենթարկելու հարցը։ Ակնհայտ է, որ իշխանությանը հայրենասիրորեն բթացնող ուժերից ոչ մեկին ձեռնտու չէ պետական քաղաքականության չափումով նոր ուժի ձևավորումը։ Ասածիս ապացույցն այն է, որ տասնյակ պատգամավորների ստորագրած թղթով և իշխանությունների հովանավորությամբ պատգամավոր Ա. Բլեյանը գործուղվեց Բաքու, հետո նույն դերակատարի օգնությամբ այդ արարքը վերածվեց ապազգային ցինիզմի։ Չես կարող չհիշել Ե. Չարենցի «Երկիր Նաիրիի»՝ ամեն կողմից քարկոծվող, խաղաղարար վարժապետին։ Ուրեմն, փնտրել ու ձևը գտել են։ Ռացիոնալիզմը ցինիզմի վերածելու միջոցով իշխանությունը և ընդդիմությունը հասարակությանը ցույց են տալիս, որ որդեգրած քաղաքականությունն այլընտրանք չունի։ Արդեն ասացի, որ իշխանությունները ընդդիմության հետ, ներքին համաձայնությամբ, իրատեսությունը բաժանել են ռոմանտիզմից։ Սա՝ խոսքով, իսկ գործնականում վարվում է մի քաղաքականություն, որն իրականում պետական քաղաքականության չափումների ու օրինաչափությունների հետ միայն թվացյալ կապ ունի։ Այն իրավիճակում, երբ ցանկալին ներկայացվում է որպես ճշմարիտ քաղաքական կուրս, ո՛չ ընդդիմությունը և ո՛չ էլ իշխանություններին ձեռնտու չէ ռացիոնալ քաղաքական ուժի դրսևորումը։ Ռացիոնալիզմը Նախագահը պահում է նեղ օրվա համար։ Երբ Մինսկի խումբը ջուր լցնի միջազգային մեր ռոմանտիզմի վրա, այդ ժամանակ էլ նա մյուս գրպանից կհանի «ռացիոնալիզմը»։ Այսպես է եղել դարասկզբին, մոտավորապես նույնն է լինելու դարավերջին։ Այսինքն՝ այս հայրենասիրական աղմկարարությունը հերթական խաղ է, որը կազմակերպել են հայ քաղաքական ուժերն ու իշխանությունները, և որն ուղղված է հայ երկրագործի ու շարքային քաղաքացու դեմ։ Նմանօրինակ քաղաքականության վերջը ձախողումն է, որին պարտադիր հաջորդում է հիասթափությունը, և երեկվա հոխորտացողներն իսկապես դառնում են պացիֆիստներ ու ամուր կառչում որևէ օտար ուժի՝ սեփական ժողովրդին համոզելով, որ «նման վայրենիների միջավայրում հնարավոր չէ ինքնուրույն ապրելը»։ Այնպես որ, պացիֆիստները նոր են գալու։ Այո, նրանք կան և չարախինդ հանդիսատեսի դեր ստանձնած լուռ սպասում են այս քաղաքականության ձախողմանն ու նորերի կործանմանը։ Թեև՝ արտաքուստ հայրենասերի շահեկան դերում են։ Օգտվելով ժողովրդի ծանր վիճակից՝ նրանք այժմ խոսում են միայն սոցիալական խնդիրների մասին։ Այս համընդհանուր քաղաքական նիրհը անհեռանկար է դարձնում հայ ժողովրդի ապագան։ Գալիքն անորոշ է, անցյալը հիշատակելի, որովհետև նոր բան չի արվում։ Կրկին մութ ամպեր են կուտակված Հայաստանի երկնակամարում։ Վարվող քաղաքականության հետևանքով վտանգի տակ է դրված ոչ միայն Ղարաբաղի, այլև Հայաստանի պետական հեռանկարը։ Այդ պատճառով էլ պետք է անմիջական բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ և հույսը չդնել միջնորդների վրա։ Անհասկանալին ոչ թե իմ այս դիրքորոշումն է, այլ՝ շարունակվող քաղաքականությունը։ Շեշտել եմ արդեն, որ ԵԱՀԽ–ը կամ ՄԱԿ–ը չեն ճանաչելու Ղարաբաղի Հանրապետությունը։ Հանգամանք, որ բացարձակապես անըմբռնելի է դարձնում հարցի լուծումը միայն միջազգային դիվանատներում փնտրելու իրողությունը։ Շնորհակալ ենք բոլոր միջնորդներից, որոնք արդեն տարուց ավելի է՝ հսկայական ջանքեր են գործադրում։ Լավ, ընդունենք, որ սխալ չի եղել, և մեր իշխանություններն ամենաբարի ցանկություններով ձգտում էին, որ միջնորդները ճանաչեն Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը։ Չի ստացվում։ Եթե ուրիշ գաղտնիք կա ղարաբաղյան հարցի միջազգայնացումը շարունակելու հետ կապված՝ ասեք, որ ժողովուրդն իմանա։ Այլապես, երբ պարզ դառնա, որ հարցը միջազգայնացնելը սխալ էր, ժողովուրդը հաշիվ է պահանջելու։ Չէ որ, նա այսօր հավատում է, որ արտաքին քաղաքականությունը սեփականաշնորհած մեր սփյուռքահայ եղբայրները, Հանրապետության նախագահի գլխավորությամբ, իսկապես դիվանագիտական հաղթանակներ են տանում միջազգային ատյաններում։ Այս ամենի վրա ես կրկին ու վերստին ուշադրություն եմ հրավիրում ոչ թե նրա համար, որ խաղաղությունը պատերազմից լավ է։ Սա բոլորն են հասկանում։ Խոսքը վերաբերում է այն բանին, թե այս պատերազմը կարո՞ղ է դառնալ խաղաղության հաստատման կարճ ու նպատակամետ միջոց։ Իսկ հարցի միջազգայնացումը քաղաքական այդ հնարավորությունից զրկում է պատերազմող կողմերին և, արդյունքում, ինչպես հաղթողին, այնպես էլ պարտվողին, դնելու է ծանր կացության մեջ։ Ասված չէ՞, որ այս պատերազմում հաղթողներ ու պարտվողներ չեն լինում։ Այդ պատճառով էլ կողմերը պետական մոտեցում պետք է դրսևորեն և, պատերազմը դիտելով քաղաքականության շարունակություն, ջանան հող նախապատրաստել ուղիղ բանակցությունների համար։ Երբեք չի եղել ու հնարավոր չէ, որ երկու հարևան երկրներ հակված չլինեն հաշտվելու, ու միջնորդները կարողանան նրանց հաշտեցնել։
1993 թ.