«Ճշմարտություն, որը հրատարակել չի կարելի». Աշոտ Հովհաննիսյանի անտիպ գիրքը

 

 

1967-ին Աշոտ Հովհաննիսյանը հրատարակման համար Պատմության ինստիտուտի նոր պատմության բաժնին է ներկայացնում իր Ուրվագծեր. 19-րդ դարի երկրորդ կեսի արևելահայ հասարակական հոսանքների և հայ ազգային-քաղաքական կուսակցությունների պատմության գիրքը: Հրատարակման ներկայացված հատորը բաղկացած էր երկու պատմագիտական ուրվագծից: Դրանցից առաջինը տալիս էր 19-րդ դարի 50-60-ական թվականների արևելահայ հասարակական հոսանքների տեսությունը: Երկրորդն ընդգրկում էր նույն դարի վերջերի արևմտահայ ազգային-ազատագրական շարժումը ղեկավարած հայ քաղաքական խմբավորումների ու կուսակցությունների (մասնավորապես Դաշնակցության և Հնչակյան կուսակցության) պատմության տեսությունը:

Գրքում առաջ քաշած իր տեսությամբ Հովհաննիսյանը ելնում էր հայ հասարակական-քաղաքական մտքի զարգացման պատմությունն աղճատած ստալինյան մոտեցումների դեմ: 1930-ականներին ստալինյան քաղաքականությանը ենթակա պատմագիտությունը զրկել էր հայ քաղաքական միտքը բարդ ներհակություններով ծավալված իր պատմությունից: Այդ պատմությունից հետահայաց ջնջվել ու մոռացության էին տրվել հայաստանյան մեծամասնականների՝ պատմականորեն կայացած ներակա կապերը Հնչակյան ու Դաշնակցություն կուսակցությունների հետ: Սրա արդյունքում էր նաև, որ Դաշնակցությունը հռչակվել էր հակահեղափոխական ամենաազդեցիկ կուսակցությունը, Կոմունիստական կուսակցության ամենավտանգավոր թշնամին: Այդ կերպ, իր զարգացման տարբեր հանգրվաններով անցած հայ քաղաքական մտքի հակասալից ընթացքը վերածվել էր պատմական զարգացում չճանաչող պարզունակ հակադրությունների սխեմատիկ մի պատկերի:

1960-70-ականների պատմագիտական միտքը ժառանգն էր ստալինյան այս պատմության: Բրեժնևյան Լճացման շրջանի պատմագիտությունը շարունակում էր ապրեցնել հայաստանյան քաղաքական մտքի պատմության ստալինյան կեղծումների տրամաբանությունը՝ միաժամանակ կոծկելով հետստալինյան պատմագիտության ու քաղաքականության կայացման ստալինյան հիմքերը: Պատահական չէ, որ հետստալինյան հայաստանյան պատմագիտության համար ամենախնդրահարույց հարցերից էր մնում 1920-ականների խորհրդային շրջանի պատմության լուսաբանումը: 1920-ականներն էին այն շրջափուլը, երբ Խորհրդային Հայաստանի առաջին ղեկավար կոմունիստ գործիչները, նրանց թվում նաև Հովհաննիսյանը, անցյալում ունեցած իրենց դաշնակցական ու հնչակյան հարումներով անձնապես մարմնավորում էին հայ քաղաքական մտքի զարգացման ընթացքը: 1930-ականներին հենց ազգային կոմունիստների ֆիզիկական ոչնչացման ու նրանց քաղաքական ժառանգության վերացմամբ էր, որ հաստատվեց ստալինիզմը: Ուրեմն, վերանայել 20-ականները կնշանակեր նաև վերանայել ստալինիզմի կայացման հիմքերն ու դրա պատմությունը:

Այս կերպ, ստալինյան բռնաճնշումներն ու աքսորը վերապրած Հովհաննիսյանի Ուրվագծերը դառնում էր նախաստալինյան քաղաքական ու գիտական ավանդույթ կրող մի հեղինակի գիրք, որը հավակնում էր վերականգնելու ստալինիզմով ջնջված հայ քաղաքական մտքի պատմությունն ու վերանայելու այդ պատմությանը տրված ստալինյան քաղաքական գնահատականը:

Այդ հավակնությամբ էր, որ գրքի առաջին մասում Հովհաննիսյանը քննադատում էր այն հայեցակետը, թե 19-րդ դարի ընթացքում արևելահայ իրականության մեջ տարբերակվում էր միայն կղերա-պահպանողական և լիբերալ-լուսավորական հակամարտ հոսանքների առկայությունը: Հովհաննիսյանի գնահատմամբ, արևելահայ հասարակական հոսանքների «պարզունակ այդ դիմորոշումը» խեղաթյուրում էր պատմական զարգացման ընթացքը: Սրան հակառակ, Հովհաննիսյանը 1850-60-ական թվականների արևելահայերի հասարակական-քաղաքական զարգացման մեջ նշմարում էր չորս հիմնական մտահոսանք՝ կղերա-աղայական, ազգային-պահպանողական, ազգային-լիբերալ և հեղափոխական-դեմոկրատական: Հովհաննիսյանի այս մոտեցումը ստիպում էր առերեսել արևելահայ հասարակական միտքը պայմանավորող հոսանքների դասակարգային ակունքների ու միտվածությունների տարբերությունները, դրանց գաղափարական ներհակ դիրքավորումները՝ երևան բերելով արևելահայ հասարակական հոսանքների պատմական կայացման ու զարգացման բարդ ու փոփոխվող ընթացքը:

Այս հետնախորքին Հովհաննիսյանը գրքի երկրորդ ուրվագծում անդրադառնում էր արդեն արևելահայ հեղափոխական նարոդնիկներին և ազգային քաղաքական կուսակցություններին: Հովհաննիսյանը պարզում էր 19-րդ դարի 60-ական թվականներին հայ կյանքում հեղափոխական դեմոկրատիայի առաջացման պատմությունը, ապա 70-ական թվականներին հայ հեղափոխական նարոդնիկների գործունեությունը: Պատմական այս ուղեծրում հեղինակը երևան էր բերում 1880-90-ական թվականներին հեղափոխական նարոդնիկներից առաջացած արևելահայ ազգային-քաղաքական կուսակցություններից երկուսի՝ հնչակյանների և դաշնակցականների ծննդաբանությունը: Հայաստանյան արդի քաղաքական մտքի այս պատմությամբ Հովհաննիսյանն առաջադրում էր արևելահայ ազգայինքաղաքական կուսակցությունների սկզբնավորման տեսությունը:

Այդ տեսությամբ Հովհաննիսյանը երևան էր բերում հայաստանյան իրականությունից ծնված քաղաքական մտքի ներքին ժառանգորդական կապերը: Հովհաննիսյանի տեսության առանցքում գաղափարական այն շրջափոխությունն էր, որ հայ իրականության մեջ կատարել էր հեղափոխական նարոդնիկությունը՝ վերածվելով դեպի արևմտահայ ազգային-ազատագրական շարժումը կողմնորոշված յուրատեսակ ազգային-նարոդնիկական գաղափարախոսության: 1880-ականներին կազմավորված ու դեպի արևմտահայ ազգային-ազատագրական շարժումը կողմնորոշված ազգային-նարոդնիկական խմբավորումներից էին և 1890-ին Թիֆլիսում կազմակերպված Հայ հեղափոխականների դաշնակցությունն ու 1887-ին Ժնևում ստեղծված Հնչակյան կուսակցությունը: Հովհաննիսյանի քննական այս մոտեցմամբ արևելահայ ազգային-քաղաքական կուսակցությունների ծնունդը երևում էր նարոդնիկության պատմական զարգացման հեռանկարում՝ բացահայտելով կուսակցությունների ձևավորման ակունքներն իրենց քաղաքական, սոցիալ-հասարակական կոնկրետ պայմաններում: Միաժամանակ Հովհաննիսյանի գրքում բացահայտվող այս պատմությանն էր, որ պատկանում էին նաև իրենք` ազգային կուսակցություններից ելած մեծամասնական քաղաքական գործիչները, որոնց քաղաքականությունը կայանում էր հայաստանյան նույն սոցիալ-հասարակական իրականության պայմաններում: Այս կերպ, վերականգնելով ստալինիզմով խզված հայաստանյան քաղաքական մտքի պատմությունը կայացնող կապերը, Հովհաննիսյանը վերանայում էր նաև ստալինիզմով խեղված մեծամասնականների կուսակցության պատմությունը:

Հայ քաղաքական մտքի պատմության վերանայման Հովհաննիսյանի ձեռնարկը, սակայն, բախվեց 1960-70-ականներին երկրորդ կյանք ապրող ստալինիզմի քաղաքական ու գիտական պատնեշին: Գրքի հրատարակման հարցը դարձավ քաղաքական ու գիտական սուր բանավեճի առարկա. դրա տպագրությունը ձգձգվեց: Ուրվագծերը «գրվանի տակ» պահող քաղաքական ու գիտական արգելանքները հաղթահարելու համար Հովհաննիսյանը ստիպված եղավ անընդմեջ խմբագրել հատորը, աշխատել մեքենագիր տարբեր օրինակների վրա, տարբեր շրջաններում ավելացրել առաջաբաններ ու վերջաբաններ: Անընդհատ վերանայումների ու խմբագրումների, հատվածական ջնջումների ու կողադիր թղթերի վրա կատարված հավելումների արդյունքում աշխատության էջերը կարծես ինքնին դարձած լինեն հայ քաղաքական մտքի ջնջված պատմության պատկերներ: Դրանք ի հայտ են բերում գրքի համար Հովհաննիսյանի գրչի տված կռիվն ու միաժամանակ նկատելի դարձնում հայ քաղաքական մտքի պատմության վրա երևացող ստալինյան ջնջումների կնիքը:

Գիրքն այդպես էլ լույս չտեսավ․ դրա տպագրությունը վիժեցվեց։[1]Հովհաննիսյանի գրքի հրատարակման պատմությունն ենք քննել Մշակույթ և արդիականացում ծրագրի շրջանակում իրականացրած մեր «Գիտականորեն «ճիշտ», քաղաքականապես «անպատեհ»․ Աշոտ Հովհաննիսյանի չհրատարակված գրքի շուրջ» հետազոտության մեջ (https://tinyurl.com/msar3r77 այց՝ 9 հունվարի 2026 թ․)։ Ուրվագծերը մնաց անտիպ՝ դառնալով Հովհաննիսյանի ժառանգությունը՝ թողնված ապագային։ Հովհաննիսյանի Ուրվագծերի քննական բնագրի կազմումն, ուրեմն, հնարավորություն է առերեսելու մեր ժառանգությունն ու բացահայտելու հայաստանյան իրականությունից ծնունդ առած քաղաքական մտքի մեր պատմությունը։

 

Ամբողջական հետազոտությունը՝ այստեղ

 

Ծանոթագրություններ

Ծանոթագրություններ
1 Հովհաննիսյանի գրքի հրատարակման պատմությունն ենք քննել Մշակույթ և արդիականացում ծրագրի շրջանակում իրականացրած մեր «Գիտականորեն «ճիշտ», քաղաքականապես «անպատեհ»․ Աշոտ Հովհաննիսյանի չհրատարակված գրքի շուրջ» հետազոտության մեջ (https://tinyurl.com/msar3r77 այց՝ 9 հունվարի 2026 թ․)։