1920-ականները՝ «անմոռանալի հուշերի պատմություն». աշակերտների նամակը Աշոտ Հովհաննիսյանին

 

1930-ականների ստալինյան բռնաճնշումներին ենթարկվելուց ու աքսորվելուց հետո Աշոտ Հովհաննիսյանն արդարացվեց ու Կոմունիստական կուսակցության շարքերում վերականգնվեց միայն 1954-ին: Ստալինիզմի խորը հետք կրող հայաստանյան իրականության պայմաններում Հովհաննիսյանն իր կյանքով ու գործով կենդանի վկայությունն էր 1920-ականների այն պատմության, որը ջնջել ու մոռացման էր տվել 1930-ականներին հաստատված ստալինիզմը:

Հովհաննիսյանը մեկն էր 1920-ականների սկզբին Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը ստանձնած ազգային կոմունիստ գործիչներից: Ո՞վքեր էին ազգային կոմունիստները: Դրանք այն գործիչներն էին, որոնց քաղաքական հայացքներն ու հարումները ձևավորվել էին դարասկզբի բարդ պատմաքաղաքական շրջափուլում և որոնցից շատերն ի վերջո հարել էին սոցիալդեմոկրատական շարժմանը՝ իրենց թիկունքում թողնելով ազգային կուսակցությունների (Դաշնակցություն, Հնչակյան կուսակցություն) հանդեպ երբեմնի քաղաքական համակրանքները: Ազգային կոմունիզմը հայ քաղաքական մտքի այն ավանդույթն էր, որն իր ծագումնաբանությամբ ներհակ կապ էր պահպանում 19-րդ դարի երկրորդ կեսի քաղաքական մտքի հետ: Այդ կապը խզելու համար էր, որ 1930-ականներին հաստատված ստալինիզմը ֆիզիկապես կամ քաղաքականապես ոչնչացրեց ազգային կոմունիստների ամբողջ սերունդը (Սահակ Տեր-Գաբրիելյան, Ֆլորա Վարդանյան, Սարգիս Համբարձումյան և այլք): Հանուն քաղաքական իշխանության հաստատման՝ Ստալինը պետք է կեղծեր ու աղճատեր Կոմունիստական կուսակցության պատմությունը՝ դրանից ջնջելով ազգային կուսակցությունների ու կոմունիստների միջև բարդ կապերը: Ստալինյան աքսորը վերապրած Հովհաննիսյանը հայ քաղաքական մտքի ջնջված այս ավանդույթն էր վկայում անձնապես

Ստորև ներկայացվող վավերագիրը աքսորից վերադարձած Աշոտ Հովհաննիսյանին ուղղված մի նամակ է: Նամակի հեղինակները Սարգիս Լուկաշինի անունը կրող դպրոցի պիոներներն են, որոնք խնդրում են Հովհաննիսյանին «անմոռանալի հուշերի պատմություն» կազմելու համար իրենց հետ կիսվել Լուկաշինի մասին հիշողություններով: Ո՞ւմ, եթե ոչ Հովհաննիսյանին պետք է դիմեին աշակերտները ստալինիզմով ջնջված 1920-ականների պատմությանը պատկանող ազգային կոմունիստ Սարգիս Լուկաշինի մասին տեղեկություն ստանալու համար: Հովհաննիսյանն էր, որ հետաքսորական իր կյանքով շարունակում էր ապրեցնել 1920-ականների ավանդույթը՝ պատմական հիշողության մաս դարձնելով ազգային կոմունիստների ջնջված ժառանգությունը

Հրապարակվում է ըստ՝ Մատենադարան, Աշոտ Հովհաննիսյանի ֆոնդ, թղթ. 24425, վավ. 43: Արխիվային նյութի պատկերները տրամադրել է Մատենադարանը: