«Խոսքը՝ արարք». Աշոտ Բլեյանի «ինքնառեպորտաժը»

 

Հայաստանի անկախության՝ իբրև ղարաբաղյան հարցի լուծման գործոն լինելը 1990-ականների սկզբին արդեն ի ցույց էր դնում իր խնդրականությունը։ Հայաստանյան քաղաքական կյանքում այսպիսով ի հայտ էր գալիս մի կողմից անկախ պետականության կայացման, մյուս կողմից ղարաբաղյան հարցի լուծման միջև հակասությունը։ ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Աշոտ Բլեյանն այն գործիչներից էր, ովքեր, նախկինում հարելով 1988-ի հեղափոխական շարժումներին, անկախ պետականության պայմաններում արդեն զգուշացնում էին ղարաբաղյան պահանջատիրության տրամաբանությամբ առաջնորդվելու՝ Հայաստանի համար հեռագնա վտանգների մասին։ Այս խնդիրներով մտահոգ՝ Բլեյանը 1992 թվականի նոյեմբերին՝ ղարաբաղյան պատերազմի ամենաթեժ ընթացքին ու հայ-ադրբեջանական խորացող հակամարտության հետնախորքին ուղևորվում է Բաքու։ Ստորև ներկայացվող վավերագիրը Բլեյանի՝ Բաքու կատարած այցի մասին տպավորություններն են՝ տպագրված Ազգ օրաթերթում։ Այցի նպատակներից մեկը ՀՀ Գերագույն խորհրդի 56 պատգամավորների կողմից Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին ուղղված ուղերձի հանձնումն էր, որտեղ կոչ էր արվում հակամարտության խաղաղ կարգավորման համար. մի խնդիր, որի լուծումը Բլեյանը տեսնում էր հայ-ադրբեջանական ուղղակի հարաբերությունների և Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու հետ։ 

Այսպիսով, «այս մի քանի սար ու ձոր Հայաստան երկրի զավակի գիտակցումը» ու «Հայաստան պետության ճակատագրի նկատմամբ» ունեցած պատասխանատվությունն էին, որ Բլեյանին ստիպել էին «ուղերձի ոգուն հավատարիմ» հայ-ադրբեջանական հարաբերությունների հաստատման կենդանի ձևեր փնտրել և անձամբ Բաքու ուղևորվել։ Թեև Բլեյանը նշում է, որ իր այս այցում ինքը չի ունեցել ՀՀ իշխանությունների լիազորությունն ու աջակցությունը, այդուհանդերձ, այցն ինքը Հայաստանի երրորդ հանրապետությունում հայ-ադրբեջանական անմիջական երկխոսության պատմական դրվագներից կարելի է նկատել։ Այս իրողությունն ինքը կբեկվեր հետագայում, երբ հայ-ադրբեջանական հարաբերություններն այլևս կմիջնորդավորվեին և կկապվեին երրորդ կողմի հետ։ Եվ չնայած Ազգի խմբագրականի այն դիտարկմանը, թե Բլեյանը ադրբեջանական իրականությունը ներկայացրել է միանգամայն «վարդագույն» գծերով, «տեղ-տեղ նույնիսկ վիրավորական ազգային արժանապատվության տեսակետից»՝ հոդվածն ուշագրավ է նրանով, որ հնարավորություն է բացում միաժամանակ ղարաբաղյան հակամարտության սկզբնավորման պատճառները ադրբեջանական ղեկավարության դիտանկյունից տեսնելու համար։

Հրապարակվում է ըստ՝ Աշոտ Բլեյան, «Երբ շատ է դժվար, դիր փափախդ առաջդ ու խորհիր», Ազգ, 14 նոյեմբերի 1992 թ.։

 

ԵՐԲ ՇԱՏ Է ԴԺՎԱՐ, ԴԻՐ ՓԱՓԱԽԴ ԱՌԱՋԴ ՈՒ ԽՈՐՀԻՐ

Ադրբեջանական ասացվածք

Նույնությամբ հրապարակելով ՀՀ ԳԽ պատգամավոր Աշոտ Բլեյանի այս ինքնառեպորտաժը նոյեմբերի 5–10–ը Բաքու կատարած իր այցի մասին, մեր թերթը մնում է հարազատ իր դավանած գործելաձևին՝ հրապարակել և արձագանքել բոլոր այն նախաձեռնություններին ու մտքերին, որոնք առնվազն անկեղծ են և նոր գրգիռներ կարող են առաջացնել մեր հասարակական մտածողության մեջ, լայնացնել հարցերը դիտելու մեր տեսանկյունը։ Եվ մենք համոզված ենք, որ Ա. Բլեյանի այս հոդվածը, որքան էլ չափազանցված Ադրբեջանի վիճակը վարդագույն ներկայացնելու իր դյուրատեսության մեջ, տեղ–տեղ նույնիսկ վիրավորական ազգային արժանապատվության տեսակետից, առնվազն անկեղծ է և կարիք ունի փոխադարձ անկեղծ վերաբերմունքի, լուրջ հակաճառության, որին բնականաբար մասնակցելու է նաև խմբագրությունը։ Մինչ այդ սակայն պետք է շեշտել, որ նման նախաձեռնությունները, որքան էլ համարձակ և որոնց օրինակները բազմաթիվ են ազգամիջյան և միջպետական կոնֆլիկտների համաշխարհային պատմության մեջ, քաղաքականապես անհետևանք և անպտուղ են այնքան ժամանակ, քանի դեռ համապատասխան առարկայական ենթահողն ստեղծված չէ կողմերի միջև բանակցությունների համար, և այս պարագայում բարի ցանկություններն ու խաղաղասիրական զեղումները չեն կարող բավարար հիմք ու երաշխիք նկատվել լուրջ բանակցությունների։

 

Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին, խորհրդարաններին, կառավարություններին, քաղաքական գործիչներին ու մտավորականներին ուղղված ուղերձին, հուսով եմ, ծանոթ եք։ Որպես այդ ուղերձի նախաձեռնող, նպատակահարմար գտա այն անձամբ հանձնել հասցեատերերին։ Հայաստանում այդ արեցի մեկ օրում՝ հանրապետության նախագահը հարգալից ընդունեց, ողջունեց, նույն վերաբերմունքին արժանացրեց ՀՀ ԳԽ փոխնախագահ Արա Սահակյանը։ ՀՀ ԳԽ լրատվական կենտրոնի տնօրեն Աշոտ Անտինյանն ու հեռուստավարչության նախագահ Սամվել Գևորգյանը խոստացան տարածել ուղերձը հանրապետությունով մեկ։ Ադրբեջանի իշխանություններին ուղերձը հանձնելու համար նստեցի Երևան–Մոսկվա ինքնաթիռն ու նոյեմբերի 1–ին հայտնվեցի ռուսաց մայրաքաղաքում։ Այցելեցի Մոսկվայում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ֆելիքս Մամիկոնյանին։ Կես խոսքից իրար հասկացանք։ Մյուս օրը Ֆելիքս Մամիկոնյանին ու ինձ շատ սիրալիր ընդունեց Մոսկվայում Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչ Հիքմեթ Հաջի Զադեն։ Հիքմեթի հետ ողջագուրվեցինք որպես հին բարեկամներ՝ 1990 թ. հունվար ամսին Ռիգայում մերձբալթյան հանրապետությունների ազգային ճակատների նախաձեռնությամբ կայացած հանդիպումում ՀՀՇ վարչությունը ներկայացնում էի նաև ես, իսկ Հիքմեթն ու Ադրբեջանում այսօր շատ հայտնի ու հարգի քաղաքական–տնտեսական գործիչ Սաբիթ Բաղիրովը ներկայացնում էին ժողովրդական ճակատը։ Հիմնավոր անկեղծ զրույց ունեցանք։ Սրտանց ափսոսացինք հայ–ադրբեջանական առճակատման խորացման, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անցած տարիներին չօգտագործված բոլոր հնարավորությունների համար։ Հիքմեթն ու ներկայացուցչության իր ընկերները ողջունեցին մեր պատգամավորների նախաձեռնությունը, խոստացան իրենց աջակցությունը։

Մյուս օրը մեր հանդիպումը շարունակվեց։ Ադրբեջանի իշխանությունները ստացել էին և՛ ուղերձը, և՛ մեր երեկվա խոսակցության արձանագրությունը։ Պաշտոնական հրավերով Ադրբեջան ժամանելու և ամենատարբեր հանդիպումներ ունենալու մասին իմ խնդրանքին Ադրբեջանի իշխանությունները խոստացել էին պատասխանել ավելի ուշ։ Որոշեցի չսպասել և գործել որպես մասնավոր անձ, իմ անունից։ Ես գիտեմ այս հարցը՝ ի՞նչ լիազորություններով եմ մեկնել Ադրբեջան, ո՞ւմ հանձնարարությունն եմ կատարում Երևանում անընդհատ մտմտալու են, շուռումուռ են տալու, ենթադրելու… Շատ կուզեի ունենալ ՀՀ Գերագույն խորհրդի նախագահության, հանրապետության նախագահի կամ կառավարության, վերջապես ՀՀՇ վարչության որոշումն ու որոշակի լիազորություններն ավելի արդյունավետ ու վստահ գործելու համար։ Օգտակարությունը մեծ կլիներ։ Ավա՜ղ։ Սրան էլ պիտի սովորենք։ Մեր հողը կոխել են, չէ՞, տասնյակ սենատոր–կոնգրեսմեններ ու Լորդերի պալատի անդամներ՝ ներկայացնելով իրենց ու հետապնդելով իրենց տեսակետը։ Ինչո՞ւ չի կարող մասնավոր այցով ՀՀ երեսփոխանը այցելել Ադրբեջան, շարադրել–զարգացնել իր տեսակետը հայ–ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման շուրջ։ Կարող եմ ու պարտավոր եմ, վճռեցի ես ու գնեցի (վաճառքը ազատ է) ինքնաթիռի տոմս։ Նոյեմբերի հինգին, կեսգիշերին ես Ադրբեջանի հանրապետության մայրաքաղաքում էի։ Տեղավորվեցի «Ադրբեջան» ինտուրիստ հյուրանոցի 15–րդ հարկում, դեմ–դիմաց կառավարության շենքին, Կասպից ծովի անմիջական հարևանությամբ։ Մոսկվայում Ֆելիքս Մամիկոնյանն ինձ ծանոթացրել էր լիտվացի քաղաքագետ Էլյենա Բելսկիտենին, որն էլ ինձ խորհուրդ էր տվել սկզբում հանդիպել Ադրբեջանի մեջլիսի անդամ, գրող Ռուստամ Խանլի Օղլի Սաբիրին։

Շնորհակալ եմ, այդպես էլ արեցի։ Շատ արագ մտերմացանք։

Իմ մեծ ցանկության մասին որքան հնարավոր է ամբողջական պատկերացում կազմելու, շատ թվով մարդկանց հետ հանդիպելու, ես ստիպված էի խցկվել–տեղավորվել իմ ունեցած հինգ օրվա մեջ։ Թվարկեմ՝ հանդիպում–առանձնազրույցներ Ադրբեջանի ԳԽ փոխնախագահներ Թամերլան Կարաևի ու Աֆիադին Ջալիլովի, ԳԽ–ի նախագահի գլխավոր խորհրդական Ռասիմ Մուսաբեկովի, արտգործնախարար Թոֆիկ Ղասիմովի, պաշտպանության նախարար Ռահիմ Հաջիևի, ներքին գործոց նախարար Իսկանդար Համիդովի, կրթության նախարար Ֆիրուդին Ջալիլովի ու նրա տեղակալի, Քաղաքացիական համերաշխություն կուսակցության նախագահ, միլլի մեջլիսի անդամ Սաբիր Ռուստամ Խանլու, ԳԽ արտաքին հարաբերությունների բաժնի վարիչ դոկտոր Նամիգ Ախունդովի, ԳԽ հանձնաժողովների նախագահներ Վաղիֆ Ղասիմովի, Ռամիզ Ֆառազիևի և Յոսիֆ Վեքիլովի, Ազգային անկախություն կուսակցության նախագահ Էթիբար Մամեդովի, միլլի մեջլիսի մի քանի անդամների, մեկ–երկու թղթակիցների, ԳԽ բաժինների մեծ թվով աշխատակիցների, փոխգնդապետ Սադիկովի, գեներալ–մայոր Դադաշ Ռամազևի, պարզապես բաքվեցիների ու զինծառայողների հետ։ Դիտել եմ Բաքվի հեռուստատեսության «Լրաբեր» ծրագիրը, կարդացել այդ օրերի ընթացքում լույս տեսած բազում թերթեր։ Այցելել եմ Բաքվի կենտրոնական դպրոցներից թիվ 46–ը, հանդիպել դպրոցի ուսուցիչների հետ։

Դեռ կհասցնեմ հավաքածս նյութը տեսակավորել, կազմակերպել ու մշակել։ Ոչ միայն այս առիթով՝ ասելիք ունեմ, պարտավոր եմ ասել ու կասեմ, շիտակ, անխնա։ Այս հոդվածում շտապում եմ չխամրած տպավորություններս փնջել, տեսածս, լսածս լայն ընթերցողին ներկայացնել։ Կիրակի է։ Գրում եմ հյուրանոցի իմ սենյակում։ Վաղը ես հրաժեշտ եմ տալիս Բաքվին ու իմ պնդմամբ Գյանջա–Ղազախով վերադառնում եմ Երևան։ Ամենաքիչը աղմուկ եմ ուզում, քաղաքական շոու, ամենաշատը վիրավորվում եմ ինձ հասցեագրված համարձակ–անկեղծ բնութագրումներից։ Հոր, ուսուցչի, համայնքի ներկայացուցչի, այս մի քանի սար ու ձոր Հայաստան երկրի զավակի գիտակցումը, պատասխանատվությունը իմ աղջիկների, իմ սաների ու ծնողների, Հայաստան պետության ճակատագրի նկատմամբ էն գլխից ենթադրում են շիտակություն ու խիզախություն, բայց և խելամտություն, սթափություն, որովհետև նաև սիրելով կարելի է սպանել և շատ ուզենալով՝ կորցնել։ Իսկ մեր զավակները արդյունքով են չափելու մեր արածն ու չեն ներելու։

Բաքվում եղել էի քսան տարի առաջ ու շատ թռուցիկ։ Այսօր ես տեսա խաղաղ–մաքուր, գիշերները լուսավոր, օրվա բոլոր պահերին հմայիչ ու բարեկեցիկ Բաքու։ Երեք օրվա ընթացքում ոչ մի կրակոց չլսեցի, զինյալ խմբեր ու զինված մարդիկ փողոցներում չկան, միլիցիոներներն աչք չեն ծակում, ոչ մի երթ ու մարդկային հոծ բազմություն չտեսա։ Մտահոգված են մարդիկ, բայց ոչ լարված, լծված իրենց ամենօրյա հոգսերին։ Քաղաքական պայքարն ու կյանքը փողոցներից վերջնականապես տեղափոխվել է պետական հաստատություններ։ Նախագահ Էլչիբեյը մեծ խմբով նոր է վերադարձել Թուրքիա կատարած այցից ու հերթական հրամանագիրն է ստորագրել մի խումբ քաղաքացիների Ադրբեջանի Հանրապետության հերոսի կոչում շնորհելու մասին, Ադրբեջանի ԳԽ նախագահ Իսա Ղամբարովի ղեկավարությամբ մեծ շուքով «Մուսաֆաթ» կուսակցության հիմնադիր համագումարն է ընթանում, Հեյդար Ալիևն ավարտեց «Ենի Ադրբեջանի» կուսակցության կազմկոմիտեի հավաքը Բաքվում, եռօրյա նիստն ավարտեց Ադրբեջանի միլլի մեջլիսը…

Զբոսաշրջիկների հոսքն ու աշխարհագրությունը մեծանում է, օտարերկրացին իրեն վստահ ու ազատ է զգում։ Իմ բոլոր հանդիպումների ու շփումների ընթացքում ես տեսա պետական մտածողության, քաղաքակրթության ու բարեկրթության առողջ ծիլեր։ Իսկ իմ սենյակից նայելով ծովին, Բաքվի նավահանգստում կանգնած բեռնատար ու մարդատար բազում նավերին, իմ առաջ փոխված բարգավաճած ու բազմամիլիոն քաղաքին, ազատության հրապարակին վեհորեն տիրող կառավարական շենքին, ես Ադրբեջանի հզորությունից սարսռացի ու զարմացա՝ ո՞նց ենք կարողանում թերագնահատել այդպիսի ամուր պետությանն ու ինչպե՞ս ենք հանդգնում մեր թույլ թևերով ճոճել–ճեղքել այսպիսի գոյությունը։

Հայաստան պետության, Լեռտնային Ղարաբաղի, նրա ժողովրդի ու հայերի նկատմամբ չարություն չզգացի։ Հասկանում–ընդունում են անխուսափելիությունը իրար կողք, իրար մեջ ու իրար օգնելով ապրելու, շեշտում են իրենց պատրաստակամությունը լավ դրկիցներ լինելու։ Բոլորն ինձ շիտակ ասում են՝ դուք արեցիք, ինչո՞ւ արեցիք, ի՞նչ շահեցիք, ո՞րն է ձեր հույսը։ Ատում են Զորի Բալայաններին ու բոլոր այն մտավորականներին, ովքեր թույնով ու ատելությամբ բորբոքել են մարդկանց կրքերը, հանել երկու վաղուցվա դրկիցների իրար դեմ։

Ժողովրդական կրթության նախարար, մեջլիսի անդամ Ֆիրուղին Ջալիլովը ձևակերպեց այսպես. «Իմ էությամբ ես «պանադրբեջանիզմի» կողմնակից եմ, բայց ես միշտ ինձ հարց եմ տալիս, թե իմ սերն իմ ազգի հանդեպ ի՞նչ է տալիս իմ ժողովրդին իրականում, ի՞նչ օգուտ է ստանում ժողովուրդն իմ սիրուց…»։

Բաքվում շատ ծանր են տանում յուրաքանչյուր զոհվող ադրբեջանցու փաստը։ Չեն հաշտվում դրա հետ։ Ոչ մի դժվարություն չեն տեսնում պատերազմի դադարեցման մեջ, միայն թե հայերով հրաժարվեք տարածքային պահանջներից։ Ձեզ ձեր Հայաստանը, մեզ մեր Ադրբեջանը։ Շատ ուշադիր հետևում են դեպքերի զարգացմանը Ռուսաստանում, Վրաստանում և Հյուսիսային Կովկասում։ Մեր ուղերձից առանձնացնում էին այդ տողերը՝ փոխանակ իրար օգնելու, միասին պատրաստվելու, միասին դիմագրավելու հնարավոր քաղաքական շրջադարձերը՝ ինչո՞վ ենք զբաղված։ Ատելությունը ռուսական մեծապետականության նկատմամբ չեն թաքցնում, նաև՝ վախը… Հայ իշխանավորներին չեն հավատում, չեն վստահում, միշտ հայավարի, բանակցությունների ժամանակ ինչ–որ բան թռցնում եք, ինչ–որ բան ստորագրում, հետո դրժում ձեր խոսքը, հետո նենգաբար նախահարձակ լինում։ Բերում են մեծ ու փոքր բազում օրինակներ։ Իրենց Էլչիբեյի նկատմամբ չթաքցրած ու մեր Լևոնի նկատմամբ թաքցրած հարգանք ունեն։ Գտնում են, որ նրանք կարող են պայմանավորվել։

Հայաստանի արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի հրաժարականը ողջունում են ու շատ հետաքրքրված են նոր նախարարի թեկնածությունով։ Շատ մտահոգված են Հայաստանի պաշտպանության նոր նախարարի նշանակմամբ ու Հայաստանում անցկացվող աշնանային զինակոչով։ Չեն հասկանում ու չեն ընկալում 1988 թվին հայերի ընդվզումը Ադրբեջանում, մ ի՞թե վատ էին հայերն ապրում Բաքվում կամ Լեռնային Ղարաբաղում, մի՞թե ադրբեջանցին ավելի լավ էր ապրում։, Խորհրդային տարածքում ուրիշ որտե՞ղ էին հայերի համար ստեղծված առավել նպաստավոր պայմաններ… Ինչո՞ւ հայերդ ձեր քրտինքով ստեղծած բարգավաճ տունը ձեր իսկ ձեռքով քանդեցիք։ Շատ մեծ տարակույսներ ունեն մեր հանրապետության ներքաղաքական կայունության մասին։ Կասկածում են, թե Հայաստանի իշխանությունները, թուլացած մեր կուսակցական գզվռտոցից, ընդունակ են վճռական քայլերի։ Դաշնակցությունը չի թողնի։ Ի տարբերություն Հայաստանի, իրենք հպարտ են իրենց քաղաքական կյանքի կայունությամբ. Ինչպես կորոշի Էլչիբեյը, այդպես էլ կլինի։ Շատ զգուշանում են, որ հայերը հնարավոր քաղաքական կարգավորման որոշումներից հետո, իրենց պայմանադրժությամբ,կապակայունացնեն Ադրբեջանի հետագա հաջողությունների գլխավոր երաշխիքը՝ ներքաղաքական կայունությունը։ Ես տեսա Ադրբեջանի ներքաղաքական կյանքի կայունության, ամրապնդվող պետականության բազում նախանձելի ապացույցներ։

Ոչ մի պետական գործիչ, ինձ հանդիպած ոչ մի ադրբեջանցի մտքով իսկ չի անցկացնում, որ մեկ թիզ հող կարող են նվաճել իր պետությունից։ Անսասան պետական–հասարակական միակարծություն կա։ Խորշելով–ատելով շարունակվող պատերազմը՝ ամեն ինչ կտան հանուն իրենց օրինական մի կտոր հողի։ Սրտանց ծիծաղում էին, երբ խոսք էր բացվում Հայաստանում շատ տարածված Զանգեզուրի նկատմամբ ադրբեջանական նկրտումների մասին… Հատու էր պատասխանը՝ Լեռնային Ղարաբաղը մեր, Զանգեզուրը՝ ձեր օրինական հողն է։ Եկեք ճանաչենք ու հարգենք միմյանց ունեցածը… Հակառակ դեպքում… Պաշտպանության նախարարը հատ–հատ արտասանեց. «Մենք չենք հավատում այս պատերազմի անհրաժեշտությանը, մենք չենք ուզում պատերազմ բոլոր օրենքներով մեր հարևանների հետ։ Բայց մի փորձեք մեր ուժն ու հնարավարությունները։ Դրանք հաստատ ավելին են, քան Հայաստանինը»։ Շարունակ շեշտում են Լեռնային Ղարաբաղի ու նրա ժողովրդի իր հողում ապահով ապրելու իրավունքի օրինականությունը։ Չեն կասկածում, որ իրավասու են և կարող են լինել այդ իրավունքի ապահովողները։ Չեն խուսափում ապահովության ցանկացած երաշխիքների քննարկումից, պատրաստակամ են անցնել այդ երաշխիքների իրագործմանը, եթե Ղարաբաղի ժողովուրդը հարգում է Ադրբեջանի սահմանադրությունը, ընդունում Ադրբեջանի քաղաքացիությունը։ Մեզ չեն ներում Ղարաբաղի հարցի միջազգայնացումը, սփյուռքահայության միջամտությունը Հայաստանի ներքին գործերին համարում են կործանարար մեր հանրապետության համար։ Հայերի հետ ուղիղ–անմիջական երկխոսության առաջարկի հեղինակ իրենց են համարում, պատրաստակամ են դրան և այսօր։ Իմ այցը նրանց շշմեցրել էր (հայերը՝ նոր խա՞ղ են հորինել), բայց հենց առաջին օրվանից ընդունեցին ու պահեցին ասպետավարի, իրենց բնորոշ հյուրասիրությամբ։ Իմ անկաշառ ուղղամտությունը, համոզմունքն ու պատրաստակամությունը մեր վեճը խաղաղ կարգավորելու, լավ դրկիցներ լինելու՝ կոտրում էր կասկածի ու օտարության սառույցը…

Զայրացնեմ–չարացնեմ մեր ընթերցողներին. Բենզինի լիտրը արժե յոթ ռուբլի, իսկ լավորակ հացի մեկ կիլոգրամը ազատ դրված էր խանութում՝ 8 ռուբլի։ Դեռ դրամական փոխանցում էլ ստանում են, ամեն ամիս շատ մատչելի գներով ստանում են կարագի, շաքարի ու մսի երաշխավորված նորմերը։ Քի՞չ է։ Կոմերցիոն խանութներում սննդամթերքի գները ձեր նախանձը կշարժեն։ Փալաս–փուլուսը, արտասահմանի զիզիբիզին ավելի թանկ է, քան Երևանում։ Մանաթը, իրենց ազգային դրամը գործում է ռուբլուն հավասար։ Բաքվեցիք խնայողություններ անում են ետ գցելով մանաթը… Սառ ու տաք ջուր բնակարաններում միշտ կա, գազն ու էլեկտրական հոսանքը մատակարարվում են անխափան։

Մեջլիսի անդամ, Ադրբեջանի արտաքին գործոց նախարար Թոֆիկ Ղասիմովի հետ տևական ու հիմնավոր զրույց ունեցանք։ Արտգործնախարարն իմ մեջ տպավորվեց որպես անկախ, լայնախոհ ու բարեկիրթ մտավորական։ Նոր էր վերադարձել Թուրքիայից։ Նա խոստացավ տասնօրյա մերձավորարևելյան երկրներով շրջագայությունից հետո պաշտոնապես ներկայացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր ամբողջական ծրագիրը։ Խոստացավ ընդարձակ հոդվածով պաշտպանել իր տեսակետը «Հայաստանի Հանրապետութիւն» օրաթերթում։

Թոֆիկ Ղասիմով. «Պատերազմը իրար ոչնչացնելու համար բարբարոսություն է։ Ողջունում եմ հայ–ադրբեջանական մեր հակամարտությունը երկուսով լուծելու մասին ձեր հարցադրումը, ինչպես երկու անկախ պետություններ։ Ռուսաստանը չի կարող լինել խաղաղության նախաձեռնող։ Եկեք ճանաչենք միրմյանց, եկեք դադարեցնենք արյունահեղությունը, թող մարդիկ չմեռնեն, իսկ հետո կբանակցենք թեկուզ մի տարի։ Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնենք Մինսկի միջազգային խորհրդաժողովին»։

Թամերլան Կարաևը և նրա խորհրդական Ռասիմ Մուսաբեկովը հիանալի քաղաքական զուգընկեր են ինձ թվում, ծանրակշիռ ու ճշգրիտ։ Մենք հանգիստ զրուցում ենք ճաշի սեղանի շուրջ, Թամերլանը ուշադիր լսելով իր խորհրդականի մեկնաբանությունները, դնում է վերջակետը։

«Ամենագլխավորը զինական ինչ–որ հաջողություններով չոգևորվելն է։ Այդպիսի հաջողության գայթակղության վերջնական հաղթահարումը կարևորագույն պայմանն է մեր հետագա հաջողությունների։

Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները պիտի համատեղ ստեղծեն, նպաստեն խաղաղության շարժման ու նրա կուսակցության ստեղծմանը։ Մենք ողջունում ենք ձեր խիզախ նախաձեռնությունը վճռական անձնական քայլ անելու։ 56 պատգամավորի ուղերձը հիմնավոր սկիզբ է»։

Ադրբեջանի պաշտպանության նախարար Ռահիմ Հաջիևն ինձ ընդունեց շատ պատրաստակամ։ Խորհրդային Միության 4–րդ բանակի հրամանատարության ու շտաբի շենքում տեղավորված Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը իր նախարարով ձևավորված բանակ ունեցողի տպավորություն գործեց։ Մաքուր, կազմակերպված ու շքեղ շենք բոլոր հնարավորություններով, ճշտապահ ու կոկիկ ծառայություն, քաղաքացիական մտածողությամբ, վճռական ու հստակ մտավորականի կեցվածքով նախարար։ Մոսկվայում կրթություն ստացած ու պաշտպանած, նախկինում դասախոսական–հետազոտական աշխատանք կատարած դոցենտ–ինժեները ստանձնել է պաշտպանության նախարարի պարտականություններն այս տարվա մարտի 12–ից։ Մեր զրույցը ստացվեց։ Իր նվիրական երազանքի՝ անկախ Ադրբեջանի պետության անվտանգության պահապանի պատասխանատու դերը գիտակցող քաղաքացի–նախարարը գիտի՝ գլխավորը միշտ չէ որ անհաշվենկատ միլիտարիզացիան ու անհեռանկար պատերազմը անվտանգության ապահովման միջոցներ են։

«Պետք է ղարաբաղյան խնդիրն ուղիղ դնել և նոր միայն լծվել այդ խնդրի լուծմանը։ Ադրբեջանի բոլոր զինված ուժերը լրիվ ենթարկվում են ինձ։ Ես կարող եմ հրամայել կանգնեք և նրանք կկանգնեն։ Ես հավատարիմ եմ իմ պետությանն ու հնազանդ նրա ղեկավարին։ Թող պրեզիդենտը վճռի։ Ես պատրաստ եմ։ Իմ զինված ուժերը պատրաստ են»։

Ադրբեջանի ազգային անկախության կուսակցության լիդեր, Էլչիբեյի սան, 37–ամյա Էթիբար Մամեդովը Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենավառ դեմքերից է։ Նախապաշարումներով ենք ապրում, անգետ ենք մեր կենսունակ հարևանի ներքաղաքական կյանքին, թերագնահատ՝ նրա հնարավորություններին։ Անհերքելի վկան Էթիբար Մամեդովը։ Այն, ինչ լսել էի, այն, ինչ կարդացել էի, ոչ մի եզր չունի իրականության հետ։ Ես որ ներսից գիտեմ մեր քաղաքական կյանքը, մոտիկից գիտեմ մեր բոլոր կուսակցությունների ղեկավարներին, անթաքույց նախանձեցի Ադրբեջանին Էթիբարի վառ գոյության համար։ Ադրբեջանցիների ամենատարբեր շերտերի ընդգծված վերաբերմունքն Էթիբարի անձին հուշում է մեզ ուշադիր լինել նրա ղեկավարած կուսակցությանն ու անձին։

«Իմ կուսակցությունն այսօրվա իշխանությունների նկատմամբ ընդդիմության մեջ է։ Բայց մեր անմիջական հարևանների հետ խաղաղ ապրելու հարցում մենք լրիվ համերաշխ ենք Ադրբեջանի այսօրվա իշխանություններին։ Հայերն են նախաձեռնողն այս խառնաշփոթի և իրենք պիտի վճռական քայլեր անեն վիճակի խաղաղ կարգավորման համար։ Ես համոզված չեմ, որ Հայաստանի այսօրվա իշխանությունները տիրապետում են հանրապետության այսօրվա իրավիճակին։ Իսկ Լեռնային Ղարաբաղը կենթարկվի՞ Հայաստանի իշխանությունների վճռին։ Եթե ոչ՝ ի՞նչ հայ–ադրբեջանական անմիջական–ուղիղ երկխոսության մասին է Ձեր խոսքը»։

Ադրբեջանի կրթության նախարար Ֆիրուդին Ջալիլովը միլլի մեջլիսի անդամ է, բանասիրության դոկտոր, լավ ուսումնասիրել է հայ ժողովրդի պատմությունը։ Հասկանալի է ու հարգանքի արժանի մտավորական նախարարի ծրագիրը՝ փակել իր ժողովրդի նահանջի՝ ստրկության–վայրենության բոլոր ճանապարհները, մղելով անընդհատ նրան աշխարհի պետությունների քաղաքակիրթ ընկերակցության մայրուղի։ Շարունակ պնդում էր առաջնությունը համատեղ պրոֆեսիոնալ խմբեր ստեղծելու՝ թող քննեն–պարզեն ու համոզվեն, որ Խոջալուն ոչ այնքան հայերի, իսկ Սումգայիթն ու Բաքուն ոչ այնքան ադրբեջանցիների կազմակերպածն էր։ Լավ ունկնդիր է։ Փաստարկներ ընդունող։ Իսկ արանքում անընդհատ հետաքրքրվում էր կրթության բարեփոխումների մեր վիճակով։ Հրավիրում եմ Հայաստան։ Պատրաստ է գալու անմիջապես։

«Ձեր պատմության ուսումնասիրությունից մի հայտնագործություն արեցի։ Հայ մտավորականները պարբերաբար իրենց ժողովրդին քաշում են ահավոր խաղի մեջ, հետո իրենք սուսուփուս քաշվում են մի կողմ։ Իսկ իրենց հանցագործ գրքերը մնում ու ծառայում են որպես դասագիրք սերունդներին։ Ե՞րբ եք հրապարակավ այրելու Զորի Բալայանի ու նրա նմանների գրածները… Դա ձեզ է պետք»։

Ադրբեջանի խորհրդարանի շենքում միլլի մեջլիսի մի խումբ անդամների հետ հանդիպումը կողմերի լուռ համաձայնությամբ երկարում է։ Երբեք այսպիսի շիտակ խոսակցություն չի եղել։ Ադրբեջանցիներն այնքան գիտեն մեր հայ իրականության մասին, որքան մենք այսօրվա ադրբեջանցու ու նրա ձգտումների մասին։ Այսքան մոտ իրարու, այսքան իրարից կախված ու այսքան գերի նախապաշարումներին ու ռուսաստաններից փչող լուրերին… Ապշելու է։ Կա՞ ցանկություն ու անհրաժեշտություն թշնամանքի ու թյուրիմացության վիհը հաղթահարելու։ Կա։ Այս երեքշաբթի միլլի մեջլիսը պաշտոնապես կքննարկի ու կարձագանքի մեր պատգամավորների ուղերձին։ Հիմա դրա վրա աշխատում են հանձնաժողովները։ Փոխելու ենք թշնամության ու հակամարտության ռեժիմը բարյացակամության ու համագործակցության ռեժիմով։ Այո։ Ադրբեջանը հավաստում է որպես բարի կամքի դրսևորում միակողմանի մի շարք անլուծելի թվացող հարցեր կարգավորել։ Այդպիսի քայլեր ունի անելու նաև Հայաստանը։ Օրակարգում են միջխորհրդարանական կապերի զարգացման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվության ուղիղ անմիջական փոխանակման, աշխատանքային խմբերի առանձնացման, ցայսօր կնքված հայ–ադրբեջանական բոլոր պայմանագրերի կատարման վիճակի վերլուծական, Ադրբեջան–Հայաստան փոխադրական միջանցքի բացման հրատապ լուծելի հարցեր…

Խոսքը՝ արարք։ Բոլորս խաղաղություն ենք ուզում։ Չեմ հավատում խոսքիդ։ Արածդ ցույց տուր։ Դրկիցության, համագործակցության որքան կամուրջներ այրեցինք։ Մենք ենք այրել։ Հայ ու ադրբեջանցի այսօրվա սերունդը։ Իմ սերունդը։ Հայերս ենք սկսել ու խորադրել։ Կորուստներ՝ որքան ասեք, մեր շահածն ասեք։ Սկսենք վերականգնել երկու հարևան ժողովուրդների միջև մեր փշրած կամուրջները։ Մեր զավակներին ի՞նչ ենք ժառանգում։ Նրանք պիտի օգտվեն այդ կամուրջներից, դարձնելով դրանք ավելի բանուկ ու անխափան։

Ադրբեջանում ես տեսա ինձ ու ձեզ համար գլխավորը։ Ոչ ոք չի ուզում մեռնել։ Ուզում են ապրել իրենց բարգավաճ պետության մեջ և անպայման՝ խաղաղ ու բարեկեցիկ։ Հրաշալի է։ Հայ–ադրբեջանական հակամարտության խաղաղ–շուտափույթ կարգավորման սրանից լավ երաշխիք ու նախապայման չիք։

Բաքվի կենտրոնական թիվ 46 դպրոց իմ այցը նորից հաստատեց՝ բաքվեցիք հոգեբանորեն պատրաստ են թշնամության ու թյուրիմացության անդունդն անցնելու։ Ուսուցիչները սիրով, շատ սիրով էին խոսում իրենց նախկին հայ գործընկերների մասին, շեշտում նրանց մարդկային–մասնագիտական արժանիքները։ Մեծ ու խստապահանջ լսարան էր հավաքվել։ Հարցեր–մեղադրանքներ, հարցեր–ապացույցներ… Ես համառորեն պնդում եմ, որ յուրաքանչյուր ժողովուրդ պիտի մտասևեռվի հակամարտության ողջ ընթացքում իր սայթաքումների, բացթողումների վրա, քավելով իր մեղքերը, լծվելով հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Ընդունվում է։ Շիտակ, բարձրաձայն ինքնախոստովանության հասնող խոսակցությունը բարյացակամ ու պատրաստակամ էր դարձրել լսարանին։

Երկու ժողովուրդներին անջատող թշնամության այս վիհը տարիներով է խորացել։ Որքան էլ խորը՝ մեկ թռիչքով են ժողովուրդները հաղթահարելու վիհը։ Ընդունակ չեմ իրողության այլափոխման՝ այդ վիհը հաջողությամբ հաղթահարելու համար երկու ժողովուրդներն էլ այսօր հիանալի հնրաավորություններ ունեն։ Ես չեմ խուսափում, ես փնտրում եմ էքստրեմալ իրավիճակներ՝ ստուգելու և իմ, և ադրբեջանցու պատրաստակամությունը։ Երեկոյան ժամը 11–ն անց է։ Ես դուրս եմ գալիս հյուրանոցից և ուղևորվում հին Բաքվի ուղղությամբ։ Մոտենում եմ մի երիտասարդի ու խնդրում օգնել կողմնորոշվելու, քայլում ենք միասին։ Ես ասում եմ, որ հայ եմ, պատմում եմ այցիս նպատակը։ Երիտասարդ դերձակը հիացած է ինձնով։ Հրավիրում է տուն։ Սիրով ընդունում եմ։ Ջերմ ընտանեկան մթնոլորտ է՝ կին ու երկու երեխաներ։ Գալիս են հարևանները։ Ոչինչ սարքած ու հնարած չէ։ Պարզապես ճիշտ է Վիլյամ Սարոյանը՝ սերը անհմահ է, ատելությունը մահանում է ամեն րոպե…

Մոսկվայով Երևան չեմ վերադառնա, ոչ էլ Թիֆլիսով, հաստատ է։ Մենք ընդհանուր մեծ սահման ունենք՝ ասեք խնդրեմ, ո՞րն է ձեր պետության դուռը։ Ապահով չէ՞՝ ապահով դարձրեք ինձ նման հարևանի համար։ Իմ փաստարկները անառարկելի են ու պաշտպանության նախարարը հրամայում է։ Ինքնաթիռով հասնում եմ Գյանջա, Գյանջայում ինձ դիմավորում են գեներալ–մայոր Դադաշ Ռազաևի զինվորները։ Հիանալի տղաներ են։ Ցնցվում են պատերազմի մասին խոսելիս։ Չեն ուզում մեռնել՝ սուտ, անբարոյական պատերազմ է, ասում են, այլանդակ խաղ, բայց իրական է մահը։ Մինչև Ղազախ լավ ճանապարհ է, աշխույժ երթևեկություն, փողոցից աջ ու ձախ բարեբեր հողեր են, արքայարմավի ու նռան նխշուն–կքած ծառեր, փողոցների երկարությամբ առատ խայտաբղետ շուկաներ: Լույս է, շարժում ու կյանք կա: Շատ նոր ու լավ տներ ենք տեսնում: Ոնց են կառուցում: Մեզ սիրով–սրտանց ողջունում են բոլորը, առատ հյուրասիրում, շուտափույթ ավարտ են բարեմաղթում: Միրգը փչանում է, իրենց մշտական շուկան՝ Հայաստանը փակ է, ինչո՞ւ, ո՞ւմ է ձեռնտու: Բացեք:

Գեներալն ինձ փառահեղ ընդունելության արժանացրեց: Պատգամեց. «Դուք, մտավորական ու քաղաքական գործիչ, պիտի հայ–ադրբեջանական հարաբերությունների այնպիսի հիմքեր գցեք, որ ոչ մի երրորդ պետություն ու թյուրիմացություն չկարողանա միջամտել ու խառնել: Այսօրվանից պիտի զբաղվեք: Այս պատերազմը մեր ժողովուրդների խայտառակությունն է: Ո՞վ է տեսել, որ զինվորը խաղաղ բնակիչ սպանի ու խաղաղ գյուղ ռմբակոծի: Հաշվեք, թե վերջին կես տարում քանի զինվոր է սպանվել ու քանի–քանի խաղաղ բնակիչ զոհվել ու տուն ավերվել: Անհամեմատելի է»:

Ղազախի գնդի հրամանատար 34–ամյա փոխգնդապետ Սադիկովը Ադրբեջանի նոր պետականության ամենալավ խորհրդանշողը կարող է լինել: Ճշտապահ, մարդամոտ ու բանիմաց փոխգնդապետն իր հայ գործընկերոջ՝ Դավիթ Խաչմանուկյանի հետ լծվել են Ղազախի գոտու վերջնական խաղաղացմանն ու ճանապարհի բացմանը: 10 օր է ոչ մի կրակոց: Առանձին ադրբեջանցի անհամբեր–գյուղացիներ սկսել են վերադառնալ: Ահա և Ղազախ–Իջևան շրջանի վերջին գյուղը: Մահն է անցել այստեղից: Իջևանի շրջանի սահմանագլխին մեզ դիմավորում են շրջանի պարետը և մի խումբ հայ զինվորներ: Ադրբեջանցի և հայ զինվորները ողջագուրվում են հին ծանոթի նման: Կյանքը, ապրելու զորեղ բնազդը անկասելի են… Ինչո՞ւ ենք մենք ապրելու տրամաբանությանը դեմ գնում: Իսկ Իջևանի կողմում կատարյալ թշվառություն է, պատերազմող շրջանի զինվորական պարետը ոչ մի կաթիլ բենզին չունի, գյուղացի մարդիկ կտրած ցախը կիլոմետրերով ոտքով քարշ են տալիս, լույս չկա, վար ու ցանք չկա, բոլոր հիմնարկները, բոլոր մեխանիզմները լռել են, մարել բոլոր գրգիռները: Ես, ինչպես հեքիաթում, լույս աշխարհից ընկա մութ աշխարհ… Իմ խնդիրն էր այս անգամ գրել այն, ինչ տեսա: Ես այսպես տեսա ու այսքանը տեսա: Ինչպես եմ տեսնում շարունակությունը կամ որն է մեր ճանապարհը: Գլխավորը սա է: Բայց սա առանձին հոդվածի նյութ է: