19-րդ դարի հայ լուսավորական ավանդույթին բնորոշ գծերից մեկն այն է, որ վերջինս մեծ թերահավատություն ու անվստահություն է տածում գյուղական միջավայրում բնակվող և այդ միջավայրի բարքերը մարմնավորող անձնավորությունների և նրանց մարմնավորող գրական կերպարների հանդեպ։ Օրինակ, կարելի է նկատել, որ գյուղում բնակվող տարեց կանայք և այն պատկերացումներն ու հավատալիքները, որոնց կրողն են նրանք, լուսավորիչների աչքում երևում են իբրև վտանգ ու խոչընդոտ հայ իրականությունը լուսավորելու գործում։ Այլ կերպ ասած բարքերի ու նիստուկացի պահապան այս ծեր կանայք, ըստ մեր լուսավորիչների, իրենց սնահավատություններով ու նախապաշարմունքներով խոչընդոտում են բանականության ու ճշմարիտ հավատքի սերմանումն ու տարածումը։ Վերջիններիս է վերապահվում մասնավորապես կրակի շուրջը ցնորական ու անիրական հեքիաթներ պատմելու, «սուտ» ավանդությունները հավերժացնելու, կարելի է ասել, հակալուսավորական դերը։ Այս իմաստով պառավ հեքիաթասացի հանդեպ անվստահությունն ընդգծում է լուսավորական մեր պատկերացումների ծայրահեղ հակադրումը գյուղական առօրյա իրականությանը։
Լուսավորական մեր այս ըմբռնումները վերանայելու անկյան տակ Աղայանի զրույցներում, հեքիաթներում և մանկավարժական երկերում հաճախակի երևան եկող Գյուլնազ տատու կերպարն առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում։ Դժվար չէ տեսնել, որ վերջինս մարմնավորում է վերևում հիշատակված պառավ հեքիաթասացին, որն իր էությամբ սնահավատ է ու միամտաբար հավատում է իր իսկ պատմած հեքիաթներին։ Նա, առօրյային միահյուսված իր կենսակերպով, լիովին ապագաղափարական է և մղոններով հեռու լուսավորյալ գաղափարներից ու բանականության «լույսից»։ Բայց Աղայանի պարագայում այս կերպարը ոչ թե հակադրվում է լուսավորությանը և դուրս մղվում լուսավորություն տարածելու նախագծերից, այլ իր համեստ տեղը գտնում դրանց մեջ։ Աղայանի մի շարք մանկական ստեղծագործություններում կարելի է տեսնել, որ Գյուլնազի օգնությամբ է հեղինակը առաջ մղում մանկավարժական իր գործունեությունը՝ մասնավորապես լեզվի ուսուցումը։ Գյուլնազի շուրթերով՝ Աղայանը, մի կողմից, մանուկներին հրամցնում է հեքիաթներ, որոնցում զետեղված են բարոյական տարբեր իդեալներ, այդ թվում՝ արիություն, անվախություն, ազնվություն և այլն։ Մյուս կողմից՝ գյուղական միջավայրից դուրս եկած մանուկների համար իրենց ծանոթ Գյուլնազի կերպարով Աղայանը հարազատ և մտերմիկ է դարձնում այն նոր գրական լեզուն, որով գրված են իր մանկական զրույցները։ Պատահական չէ, որ Աղայանի երիտասարդ ժամանակակիցները բարձր են դասել Գյուլնազ տատու հեքիաթների մանկավարժական նշանակությունը և խնդրել նրա թույլատվությունը վերատպելու դրանք իրենց մշակած նոր դասագրքերում։ Սույն վավերագիրը ներկայացնում է «Գյուլնազ տատու հեքիաթները» զրույցը և հատված Գյուլնազ տատու կողմից պատմվող «Մանկական աշխարհայացք կամ լույս ու մութ աշխարհները» հեքիաթից։ Սրանցից առաջինը միաժամանակ մաս է կազմել Աղայանի մշակած հայոց լեզվի այբբենարանի և օգտագործվել որպես լեզուն յուրացնելու համար տրվող տնային ընթերցանության նյութ։
Հրապարակվում է ըստ՝ Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հ. 1 (Երևան։ Հայպետհրատ, 1962), էջ 371-373 և Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հ. 2 (Երևան։ Հայպետհրատ, 1962), էջ 252-254։
ՄԱՆԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔ ԿԱՄ ԼՈՒՅՍ ՈՒ ՄՈՒԹ ԱՇԽԱՐՀՆԵՐԸ
«Երեխեք, նայեցեք այս վայր ընկած չինարի ծառին, տեսեք ինչպես մեկնվել է, և արդեն սկսել է փտիլ։ Մի ժամանակ սա դալար է եղել և ձեզ նման փոքր։ Բայց երբ որ սկսել է բարձրանալ, շատ գոռոզացել է։ Պտուղ չի ունեցել, որ ճղները կռացներ, գլուխը խոնարհեցներ։ Աստված սրան բարձրանալու շնորհք է եղել տված, բայց սա իր գլխի պատիվը չի իմացել, աստուծո ողորմությունը չի հասկացել։ Այս հիմարն ուզեցել է այնքան բարձրանալ, որ գլուխը երկինք հասցնե և իր ճղներով երկնքի սիրտը ծակծկե։ Աստված բարկացել է սրա գոռոզ մտածության վրա և ահագին բարձրությունից տապալել է»։
Այս խոսքն ասողը Գյուլնազ տատն էր, որի անունը դուք, իմ փոքրիկ ընթերցողներ, պետք է որ լսած լինիք։ Լուսահոգին ամեն բան գիտցող մի պառավ էր և շատ երեխայասեր։ Օրը ցերեկով բոլոր երեխեքս հավաքվել էինք մոտը, հոգնած լինելով շատ խաղալուց, որ տատիկը մի բան պատմի մեզ, որ մենք համ լսենք, համ հանգստանանք։ Դուրսը, կանաչ խոտի վրա, մի տանձենու շվաքում էինք նստոտել։ Եղանակը գարնանային էր։
— Մենակ ծառերը չեն, որ հիմարաբար գոռոզանալ գիտեն. մի ժամանակ մարդիկն էլ են այդպես եղել։ Նրանք էլ մի աշտարակ են շինել այն մտքով, որ նրա ծայրը երկինք հասցնեն և այնտեղից աստուծո հետ կռիվ սկսեն։ Աստված համբերել է միառժամանակ, մինչև նրանք աշտարակի ծայրը մոտեցրել են երկնքին և սկսել են ավելի գոռոզանալ։ Դրա վրա աստուծո համբերությունը հատել է. նրանց աղմուկից ու աղաղակներից ձանձրացած, սաստիկ քամի է բարձրացրել և աշտարակի ամեն մի քարը, ամեն մի քարփիչը ուրիշ–ուրիշ աշխարհք է գցել…
— Ո՜ւհ, ինչքա՜ն բարձր է եղել այդ աշտարակը, որ ծայրը մինչև երկինք է հասել,— բացականչեց երեխաներից մեկը։
— Աշտարակը չի եղել բարձր,— ծաղրեց նրան մի ուրիշը,— այլ երկինքն է եղել ցածր։ Այնպես չէ՞, տատիկ, որ երկինքն առաջ մեզանից շատ մոտիկ է եղել։
— Այո՛, երկինքը մեզանից մոտիկ է եղել, բայց այդ եղել է աշտարակը շինելուց առաջ։ Աշտարակը շինելիս երկինքը բարձր է եղել, և աշտարակն էլ այնքան բարձրացրած են եղել, որ նրա գլուխը գետնքից երևալիս չի եղել. այնքան բարձր է եղել, որ ձմեռը նրա վրա բարձրացողը մինչև ամառը հազիվ է եղել ցած գալիս… Բայց դրանից առաջ, ճշմարիտ է, երկինքը շատ մոտիկ է եղել մեզանից, այնքան մոտիկ, որ երեխերքը գնդակ խաղալիս շատ անգամ երկնքին է եղել դիպչում գնդակը և այնտեղ էլ մնում։
— Ինչո՞ւ էր այնտեղ մնում գնդակը, տատիկ, թող դիպչեր, էլ ետ վայր ընկներ,— հարցնում էինք մենք և միևնույն ժամանակ ավելի մոտենում տատիկին, որ լավ լսենք նրա պատմությունը երկնքի մոտիկության մասին։
— Նրա համար էր այնտեղ մնում, որ երեխեքը մյուս անգամ երկնքին չխփեն և աստծուն անհանգիստ չանեն։ Հապա չե՞ք լսել, որ մեկ անգամ Արևամանուկը պատահմամբ իր նետը դիպցրել էր Արեգակին, նա էլ անիծել էր Արևամանուկին դրա համար և ասել. «Այսուհետև ցերեկները չապրիս դու, որ իմ երեսը չտեսնես»։ Այնուհետև խեղճ Արևամանուկը ցերեկները մեռնում է եղել և գիշերը կենդանանում։ Նրան այդ պատժից ազատում է Արևահատը՝ Օձամանուկի նշանածը։ Բայց Արևահատի վերջը ձեզ չեմ պատմել կարծեմ։
— Հիմա պատմիր, տատիկ, հիմա պատմիր,— աղաղակեցին երեխաներից մի քանիսը, իսկ մյուսները զանազան հարցումներ արին երկնքի մոտիկության մասին…
***
Գյուլնազը մի բան պատմելիս պարապ չէր նստում. նա կամ գուլպա էր անում, կամ իլիկ մանում և կամ ակնոցը քթին դրած երեխաների պատռտած շորերն էր կարկատում։ Երբեմն էլ՝ ձեռքի գործը մի կողմ էր դնում և երեխաներից մեկի կամ մյուսի գլուխը քաշում դնում ծնկան վրա, որ տեսնի հարսները լա՞վ են լվացել երեխի գլուխը և մաքրել, թե ոչ։ Նա միևնույն ժամանակ առանց ուշադրության չէր թողնում տան հոգսը. շատ անգամ միջահատում էր իր պատմությունը և զանազան հրամաններ տալիս այս և այն հարսին։ Երեխեքս գիտեինք այդ և ամենայն զգուշությամբ փաղաքշում էինք նրան, փայփայում, որ նա ուրիշ ոչ մի բանի վրա ուշադրություն չդարձնե, այլ միայն մեզանով զբաղվի, մեր հետաքրքրությունը լցնե։
***
«Այո՛, մի ժամանակ երկինքը շատ մոտիկ էր երկրից,— շարունակեց տատիկը։— Երկնքից լսվում էր աստուծո ձայնը։ Նա այնտեղից խոսում էր մարդոց հետ և հայտնում էր նրանց իր կամքն ու հրամանը. պատվերներ էր տալիս և հասկացնում էր, թե ինչ պետք է անեն և ինչ չպետք է անեն։
Ուղիղ կես գիշերին լսվում էին հրեշտակների քաղցր մեղեդիքը։ Աքաղաղներն ամենից առաջ էին լսում նրանց ձայնը և իրանց միաձայն կանչյունով զարթեցնում էին մարդկերանցը, որ վեր կենան և հրեշտակների հետ միասին փառաբանեն Աստուծո հազար ու մեկ անունը…
Աքաղաղները հիմա էլ են լսում հրեշտակների ձայնը,— ավելացնում էր տատիկը և խոր հոգոց քաշում մի այնպիսի ձևով, որ կարծես ինքն ապրած լիներ այն հին ժամանակումը, իր ականջովը լսած լիներ աստուծո ձայնը և հրեշտակների մեղեդիքը, և այժմ զրկված այն երջանկությունից»։
ԳՅՈՒԼՆԱԶ ՏԱՏԻ ՀԵՔԻԱԹԸ
Ա
Ձմեռն էր՝ գիշերը երկար։
Գյուլնազ տատիկը՝ գլուխը քուրսու վրա դրած՝ ննջում էր։ Մանուկները վրա թափվեցան, քունը փախցրին և ստիպեցին, որ իրանց համար մի հեքիաթ ասի։ Նա էլ սկսեց.
— Եղել է չի եղել՝ մի սիրուն արտուտիկ։
Կտուցը սուր՝ մեր Արշակի քթի նման,
Թևերը փափլիկ՝ Շողիկի կռների նման։
Բմբուլը խուճուճ՝ Տիգրանի մազերի նման,
Ահա այսպես սիրուն էր արտուտիկը։
— Բա ինձ նման ոչինչ չունե՞ր,— ասաց Վանին։
— Բա ի՞նձ,— ձայն տվավ Հռիփսիկը։
— Ինձ էլ չասացիր,— լաց էլավ Նազիկը։
— Սպասեցեք, սպասեցեք, երեխեք, դեռ չեմ վերջացրել. ամենքիդ էլ բաժին կտամ,— ասաց տատիկը և շարունակեց.
— Աչիկներն այնպես նախշուն էին, ինչպես Վանիկի աչքերը։
— Կատարն այնպես կարմիր էր, ինչպես Հռիփսիկի թշերը։
— Ոտներն այնպես բարակ էին, ինչպես Նազիկի մատները։
— Ես ոտները չեմ ուզում,— ասաց Նազիկը։
— Ախ, Նազիկ ջան, ես ուզում էի ասել տոտիկները,— ասաց տատիկը։
— Չեմ ուզում ես, տոտիկներ էլ չեմ ուզում։
— Բա ի՞նչը կուզես։
— Աչիկներն եմ ուզում։
— Աչիկներն ինձ է տվել տատիկը, քեզ չեմ տալ,— գոչեց Վանին։
— Նազիկ, կուզե՞ս, կատարը դո՛ւ վերցրու, տոտիկները՝ ես,— ասաց Հռիփսիկը։
— Չեմ ուզում. ես աչիկներն եմ ուզում,— պնդեց Նազիկը։
— Վանի, դու կատարը վե՛ր առ, ես տոտիկները, իսկ Նազիկը՝ աչիկները։
— Ի՞նչ եմ անում կատարը, տատիկն ում ինչ որ տվել է, ա՛յն էլ նրանը։
— Ճշմարիտ է ասում Վանին,— ամեն կողմից գոչեցին երեխեքը։
Նազիկը գոհ չմնաց, և վեճը երկար շարունակվեց։ Բայց տատիկը չէր լսում. նա գլուխը դրել էր բարձին և քնել, էլ չէին կարող զարթեցնել։ Վեր կացան, իրանք էլ մտան տեղերը։
Բ
Մյուս երեկոյին երեխեքը էլի հավաքվեցին տատիկի մոտ, որ շարունակե հեքիաթը։ Նա էլ սկսեց.
— Անցած գարնանը մեր պարտեզի ծառի վրա մի սիրուն կկու կար։ Ես նստած էի ծառի տակին, և դուք մեկ–մեկ եկաք ինձ մոտ։
Երբ որ Արշակը ներս մտավ, կկուն կանչեց.— Կո՜ւ–կո՜ւ։
Եկավ Շողիկը, կկուն կանչեց՝ Պո՜ւ–պո՜ւ։
Եկավ Տիգրանը, ասաց՝ Դո՜ւ–դո՜ւ։
Եկավ Վանին՝ ասաց՝ Գո՜ւ–գո՜ւ։
Եկավ Հռիփսիկը, ասաց՝ Բո՜ւ–բո՜ւ։
Եկավ Նազիկը՝ կկուն է՛լ ոչինչ չասաց, թռա՜վ գնա՜ց։
— Օ՜խ, օ՜խ, Նազիկ, օ՜խ, օ՜խ, կկուն քեզ համար ոչինչ չի ասե՜լ,— միաբերան ձայն տվին երեխե քը։
Նազիկը շատ նեղացավ, թե ինչու կկուն իր համար ոչինչ չի ասել և սկսեց լաց լինել։
Տատիկն ասաց.— Նազիկ, գիտե՞ս՝ ինչու կկուն քեզ համար բան չասաց։ Նա վախեցավ քեզ բան ասել։ Ինչ որ ասեր, դու չպիտի հավանեիր, ուրիշն էլ իրանը քեզ չէր տալօ, ինչպես անցած երեկոյին։
— Տատիկ ջան, տատիկ, որ մեկ էլ կկուն գա, ասա՝ ինձ համար էլ մեկ բան ասի,— աղաչեց Նազիկը և այնուհետև շատ խելոքացավ։
1902