Աշուղությունը՝ որպես հայ իրականության մեջ լուսավորության հենարաններ գտնելու հնարավորություն

 

19-րդ դարի հայ լուսավորական ավանդույթի հետնաբեմին Աղայանի լուսավորական մոտեցումների առանձնահատկությունն ըմբռնելու գործում կարևոր է ուշադրություն դարձնել այն արհեստների վրա, որոնց հետ կյանքի բերումով առնչություն է ունեցել հեղինակը։ Մասնավորապես Աղայանն ինքը կենտրոնական տեղ է հատկացրել իր գրական ու հասարակական գործունեության մեջ աշուղի կերպարին։ Ըստ 1866 թվականին գրված Արություն և Մանվել ինքնակենսագրական վեպի` Աղայանը մանուկ հասակից ծանոթացել է աշուղական արհեստին՝ հայրական տանը հյուրընկալած թափառական երաժիշտների շնորհիվ և վարպետացել թե՛ հայերեն, թե՛ թուրքերեն աշուղական երգեր հորինելու մեջ։ Հետագայում աշուղությունը դարձել է պատանի Ղազարոսի ապրուստի միջոց և անքակտելիորեն միահյուսվել իր գրական գործունեության հետ՝ մերթ ի հայտ գալով Արությունի, մերթ Քյոռօղլու, մերթ այլ գրական կերպարների մեջ։ Ընդ որում ոչ միայն Աղայանն ինքն իրեն նույնացրել է ժողովրդական սեր վայելող արվեստագետ և դաստիարակ աշուղի կերպարի հետ, այլև իր ժամանակակիցներն էին ընկալում նրան իբրև «մեծ աշուղ», «հայոց ազգի Բերանժե», ինչպես պատվում է նրան աշուղ Ջիվանին։

Աշուղական արվեստը, Աղայանի համար բնականորեն եղել է լուսավորական իդեալները ժողովրդական կյանքի ներսից, իր անձնական փորձի ու հմտությունների հիման վրա վերաբացահայտելու հնարավորություն։ Այն ծառայել է իբրև յուրահատուկ հենման մի կետ, որը թույլ է տվել, փոքր-ինչ մեղմել մեր լուսավորական ավանդույթի մեջ առկա լարումը՝ լուսավորական իդեալների ու ժողովրդական բարքի միջև։ Աշուղի կերպարի մեջ լուսավորության իդեալների համար նախապայմաններ փնտրելու Աղայանի միտումը տեսանելի է հրապարակվող վավերագրի՝ 1893 թվականներին լույս տեսած իր «Հայոց այժմյան բանավոր երգերը. հոդված երկրորդ» գրվածքի մեջ։ Նշանակալի է, որ Աղայանն այստեղ աշուղներին համարում է այնպիսի գործիչներ, որոնք հայ ժողովրդի համար հայաբնակ գավառների թուրքական և պարսկական միջավայրում (այդ միջավայրի լեզվով՝ հայերենով, թուրքերենով ու վրացերենով) ապահովել են ժողովրդի կենցաղին խարսխված մշակութային, կրոնական ու բարոյական կյանքի հարատևումը։ Աշուղները, կարելի է տեսնել, որ Աղայանի աչքում ինչ-որ առումով, եվրոպական լուսավորության հետ դեռևս առնչություն չունեցած տեղական մշակութային գործիչներ ու մանկավարժներ են, որոնց ժառանգության օգնությամբ Աղայանը փորձում է կառուցել իր լուսավորական գործունեությունը։ Աշուղական արվեստն, այս իմաստով, հանդես է գալիս որպես լուսավորությունը տեղայնացնելու և տեղական իրականությունը ներսից լուսավորելու մի եղանակ։

Հրապարակվում է ըստ՝ Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հ. 3 (Երևան։ Հայպետհրատ, 1963), էջ 201-205։

 

ՀՈԴՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ

1

Քանի որ մեր խոսքը բանավոր երգերի մասին է, պետք է ազգային ժողովրդական համարել և այն երգերն ու երգախառն վեպերը, որոնք թեև հայերեն չեն, բայց հայ աշըղների հորինածներն են կամ նրանց սովորածը և ժողովրդի մեջ տարածածը։

Մեծ սխալ ենք գործում, երբ մի աշըղի հայերեն խաղերը հավաքում, տպում ենք, իսկ նրա թուրքերեն խաղերը զանցառության տալիս։ Այս միևնույն է, թե Պոլսի «Մասիսը» — հայկական լրագիր համարենք, իսկ «Մանզումե»–ն ոչ, միայն նրա համար, որ «Մասիս»–ի լեզուն հայերեն է, իսկ «Մանզումե»–ինը՝ թուրքերեն։ Մենք այսօր Սայաթ–Նովայի, Շիրինի և ուրիշ շատերի հայերեն ասածները հավաքել տպել ենք, իսկ նրանց վրացերեն և թուրքերեն ասածները զանցառության տվել, մինչդեռ Սայաթ–Նովայի ավելի լավ խաղերը վրացերեն են ասված ու Շիրինի էլ լավագույն խաղերը՝ թուրքերեն։ Մենք ունեցել ենք հռչակավոր Քեշիշ–օղլի, որ հայերեն երգած չէ, բայց մինչև այսօր էլ բոլոր նշանավոր աշըղները նրա երգերովն են սնունդ տալիս ժողովրդի ճաշակին։

Մեր աշըղները հայերեն երգախառն վեպեր չունին, այլ միայն թուրքերեն։

Այդ վեպերից մի քանիսն այնքան երկար են, որոնք,— ինչպես ասում են — յոթն օր յոթն գիշեր ասելով չեն վերջանում։ Թե այդ անգրագետ աշըղները որքան նյութ են ամբարում իրանց հիշողության մեջ, գրի օգնությամբ ապրող մարդիկը չեն կարող իրանց ներկայացնել։ Աշըղ լինել և այն՝ դադա աշըղ, քանքարավոր տվովի շնորհքի տեր, կնշանակե կարգե դուրս հարուստ հիշողություն ունենալ։ Հիշողություն եմ ասում, որ ամիսներով ու տարիներով դուրս տա մտքի մեջ ամբարածը և հատնելու հնար չլինի։ Լավ աշըղը պետք է գիտենա իր ժամանակի բոլոր աշըղական վեպերը, բոլոր անցած–գնացած նշանավոր աշըղների նշանավոր խաղերը, պետք է ամբողջ Աստվածաշունչը բերան գիտենա։ Իրավի, եթե մի կույր աշըղ գիտե ամբողջապես «Քյարամ ու Ասլին», «Աբբասն ու Գյուլգազը», «Խուրշուդն ու Մեհրին», «Շահմար Ալին», «Շահ–Իսմայիլը» ու «Արաբ Ղըզին», «Քյուրդ–օղլին», «Աշըղ Ղարիբը», «Քյոր–օղլին», «Դուդի Ղուշի» առակները և այլ բազմաթիվ ընդարձակ վեպեր, որոնց անունները ես հիմա չեմ հիշում, բայց լսել եմ ականջովս, և լսել եմ միևնույն աշըղից, սրանից կարելի է եզրակացնել թե որքան զարգացած է դրանց հիշողությունը։

 

2

 

Ինչ որ ներելի է և բնական զարգացած մարդուն, նույնը բնական պետք է համարել և ռամկին։ Զարգացած մարդը սիրում է օպերա, թեև կատարվեր իր չհասկացած լեզվով։ Ռամիկն էլ սիրում է իր աշըղի մարաքյան, թեև լիներ իր չհասկացած լեզվով։ Մարաքյան սարքող աշըղի ոգևորությունն ավելի բնական է, քան դերասանի։ Մեր ժողովուրդը այս և այն օտար երկիրը գաղթելով նույն երկրի գդակն է դրել իր գլխին, ապրել է նույն երկրի քաղաքական և մտավոր կյանքովը։ Վրաստան գաղթողը վրացերեն է երգել, Պարսկաստան՝ պարսկերեն, Տաճկաստան՝ տաճկերեն, Լեհաստան՝ լեհերեն։ Թուրքերեն խաղ ասելու պատճառը կրոնական չէ, այլ քաղաքական։ Կրոնի կնիքը երկուսի վրա էլ դրոշմված է, ինչպես հայերենի, նույնպես և թուրքերենի վրա, և դեռ կարելի է ասել թուրքերենի վրա ավելի, քան թե հայերենի։ Նշանավոր աշըղները սրբակրոն և ճգնազգյաց մարդիկ են եղել, քաջահմուտ ս. գրքին և հայոց դավանությանը։ Նրանց ասած խոր ու խրթին խաղերը թեև թուրքերեն, բայց բարձր աստվածաբանական բովանդակություն ունին։ Դրանցում կան այնպիսիք, որ կարելի է հավասարել մեծ աստվածաբանների գրածներին և մեր ամենալավ շարականների բովանդակության հետ։ Այսպիսի մի հիանալի բանաստեղծություն է աշըղ Ալլահվերդու զղջումն ու դավանությունը, որ ասել է ափ հափո Քեշիշ–օղլու առջևը չոքած։ Այս խաղի սկիզբն է «Աման Ալլահ»։ Շիրինն էլ ունի բարձր կրոնական խաղեր, որոնց մեջ նշանավոր է նրա խաչելության վրա ասածը, որը սկսվում է այսպես—

«Էյ Ջումա, սաննան նեչա սըռլար Նումայան էթտիլար»։

Հայ աշըղները ոչ միայն հայ ժողովրդի համար են եղել մի տեսակ քարոզիչ հալածանքների ժամանակ, ոչ միայն առավել քան հոգևորականությունը վառ են պահել ժողովրդի սրտում քրիստոնեական կրոնի սերը, ոչ միայն ժողովրդի միակ դաստիարակն են եղել իրանց խրատական և սփոփող խաղերով, այլև նույնիսկ բարբարոս խաների առջև ազատ ել ու մուտք են ունեցել, իրանց խաղերով մեղմացրել են նրանց գազանությունը, հիշեցրել նրանց աշխարհիս ունայնությունը, փառքի և իշխանության անցողական լինելը, ամբարտավանության և չարության հետևանքը։ Եվ այդ բոլորը գեղեցիկ օրինակներով, առակներով, խաղերով և վեպերով։

Ուրեմն մեր աշըղները ոչ թե չեն ուզեցել սիրո երգիչ հանդիսանալ հայոց լեզվով, այլ ստիպված են եղել մեծամեծներին զվարճացնել նրանց լեզվով։ Թող այդ մեծամեծները լինեին բուն հայեր. բայց դրանք իրանց մեծությունը ումնից կլինեին ստացած, եթե ոչ թաթարներից կամ թուրքերից, և ինչ խրախճան կարող էին ունենալ նրանք առանց տիրող մեծերի մասնակցության։ Այստեղ էլ ահա հարկավոր է եղել զվարճացնել օտարին նրա լեզվով։ Շատ հավանական է, որ այսպես լինին եղած մեր աշըղները նույնիսկ հին պարսից տիրապետության ժամանակ։ Այդ ժամանակ էլ մեր աշըղները իրանց վեպերը կհորինեին պարսից լեզվով։ Եվ ով գիտե թե պարսից հին վեպերի մեծ մասը Գողթան երգիչների հորինածները չե՞ն։ Հայոց բարբառները իրանց քերականությամբ նման են թուրքերենին և երկուքն էլ ենթարկված են պարսկական տիրող լեզվին։ Հայ ժողովրդի համար և առավել ևս նրա երգիչների, ոչինչ դժվարություն չի եղել թուրքերենին հմտանալ և խոսել նույն լեզվով։ Նույնիսկ այս րոպեիս շատ գյուղեր կան, որոնք շատ հեռու են թուրքերից, բայց շատ լավ խոսում են թուրքերեն։ Այդ լեզուն կարծես հայի համար օտար չլինի։ Այդպես չէ ռուսերենը, որ բավական ջարդ ու փշուր է լինում անգրագետ ժողովրդի բերանում։ Ասելս այն է, որ թուրքերեն երգելու մի պատճառն էլ այդ լեզվի հեշտությունն է հայի համար, քանի որ երկու լեզվի մեջ էլ մտածելու ձև ու եղանակը միևնույն է։

Պետք չէ ուրեմն մոռացության տալ մեր ժողովրդի մեջ եղած բանավոր երգերն ու վեպերը միայն նրա համար, որ թուրքերեն են ասված։ Երազի պես միտս է, որ մանկությանս ժամանակ Աշըղ–Բանգին մի երկար նաղըլ էր ասում բազմաթիվ երգերով շարունակ երեք գիշեր։ Այդ նաղլը շատ նման էր վրացոց «Վեփխիս Տղաօսանի» վեպին։ Նրա էլ հերոսը Տարիելի նման ծով ու ցամաք ման էր գալիս կորցրած սիրուհու հետևից և վերջը գտնում էր նրան քաջերի աշխարհում։ Եթե այս վեպերը հավաքվեին վաղօրոք, որովհետև եվրոպական լուսավորության հոսանքը արդեն դրանց կորցնելու վրա է, ով գիտե, ի՞նչ հին հիշատակների հետքեր պիտի գտնվին դրանց մեջ։ Մի՞թե վատ կլիներ մեզ համար, եթե այսօր ձեռքի տակ ունենայինք մեր նախնյաց հին մատենագրությունը, այն մատենագրությունը, որ հայերեն գրերից առաջ գրվում էր օտար գրերով և օտար լեզվով, պարսկերեն և ասորերեն։ Սրա համար մենք մեղադրում ենք մեր նախնյաց անհոգությունը և թուլամտությունը, բայց ահավասիկ մենք էլ նրանց պես ենք վարվում, բանի տեղ չդնելով մեր ժողովրդի մեջ եղած այն վեպերը, որոնք հայոց լեզվով չեն ասած…

Ուրիշ անգամ կխոսենք աշըղական խաղերի արվեստի, նրանց կազմ ու ձևի մասին։

 

1893