Ղազարոս Աղայանի լուսավորական մոտեցումների համատեքստն ու առանձնահատկությունները

 

 

Նախաբան

 

Դեռ կենդանության օրոք Ղազարոս Աղայանն իր մտերմիկ զրույց-հեքիաթներով, զգայուն ու նրբանկատ մանկավարժական մոտեցումներ, պարզ ու «համով-հոտով» գրական ոճ ունեցող սիրված գրող-մանկավարժներից էր։[1]Տե՛ս Լեո, Երկերի ժողովածու, հ. 9 (Երևան։ Խորհրդային գրող, 1989), էջ 315։ Հմմտ. Երվանդ Լալայան, Երկեր, հ. 2 (Երևան։ ՀՍՍՀ ԳԱ, 1988), էջ 91; Աշըղ Ջիվանի, «Ղազարոս Աղայանին», ըստ՝ Ասատուր Ասատրյան (կզմ., ծնթ.), Ղազարոս Աղայանը ժամանակակիցների հուշերում (Երևան։ Հայաստան, 1967), էջ 99։ Իր կենսախինդ, հախուռն և հոգածու վերաբերմունքով նա արժանացել էր Թիֆլիսի հայ գրողների համակրանքին ու դարձել Վերնատան «գրական նահապետը»։[2]Տե՛ս Ավետիք Իսահակյան, Երկերի ժողովածու, հ. 5 (Երևան։ Սովետական գրող, 1977), էջ 54։ Ժամանակակիցների աչքին Աղայանը ժողովրդի կենցաղին մոտ կանգնած այն հեղինակն էր, որ գրում էր «Արեւելքի հարազատ զաւակ» հայ հողագործի ու արհեստավորի լեզվով ու ձևով։[3]Տե՛ս Ջավախեցի, «Մեծ գյուղացին (հայ գյուղացուց)», ըստ՝ Ղազարոս Աղայանը ժամանակակիցների հուշերում, էջ 174; [Անստորագիր], «Անահիտ. հին զրոյց. գրեց Ղ. Աղայեանց. Թիֆլիս: 1881», Արձագանք, 1882, թիվ 9, էջ 140։ Այլ խոսքով՝ նրան ընկալում էին իբրև ժողովրդական բարքերին արժանին մատուցող և այդ բարքերից սնվող գրող։[4]Տե՛ս Գր. Վանցյան, «Ղ. Աղայանց», ըստ՝ Ղազարոս Աղայանը ժամանակակիցների հուշերում, էջ 174։ Միաժամանակ Աղայանի ժամանակակիցները նույնչափ շեշտում էին նրա գործունեության ու երկերի խորապես լուսավորական բնույթը։ Նշանակալից է սակայն, որ Աղայանին որպես լուսավորիչ արժևորելիս թե՛ ժամանակակիցները, թե՛ հետագա ուսումնասիրողները շեշտում են նրա այսպես կոչված հակառակ որակները։ Ընդգծվում է Աղայանի ընդվզումն ընդդեմ հայ իրականության մեջ տիրող բարքերի ու կարգերի, կարևորվում նրա արմատական ու անզիջում կեցվածքը «խավարամտության» դեմ։[5]Տե՛ս Մ. Արազի, «Լուսավոր մարդը», ըստ՝ Ղազարոս Աղայանը ժամանակակիցների հուշերում), էջ 411։ Հմմտ. Հայկական սովետական հանրագիտարան, հ. 1 (Երևան։ ՀՍՍՀ ԳԱ, 1974), էջ 243։ Աղայանը ներկայացվում է որպես լուսավորության գործի նվիրյալ մարտիկ, որ անողոք պայքարում է ժողովրդի մեջ արմատավորված նախապաշարմունքների ու սնահավատությունների դեմ, օգնում թոթափելու հայ գյուղական կյանքին սերտաճած այս երևույթները։[6]Մասնավորապես խորհրդահայ պատմագրության ու գրականագիտության մեջ Աղայանի լուսավորական մոտեցումներն ընդհանուր առմամբ բնորոշվում են իբրև դեմոկրատական։ Տե՛ս Ժ. Պ. Աղայան, Խ. Հ. Բարսեղյան, այլք, Հայ ժողովրդի պատմություն, հ. 6 (Երևան։ ՀՍՍՀ ԳԱ, 1981), էջ 166, 793։ Աղայանի՝ որպես դեմոկրատի բնորոշումը մեծապես բխում է Ստեփան Շահումյանի բնորոշումներից։ Ստեփան Շահումյան, Երկեր, հ. 1 (Երևան։ Հայպետհրատ, 1955), էջ 38։ Նրա դեմոկրատականությունը մի կողմից մեկնաբանվում է իբրև ժողովրդին հարազատություն, որը բխեցվում է ժողովրդայնության գաղափարի շուրջ կառուցված իր … կարդալ ավելին

Սակայն միայն Աղայանի ժամանակակիցների, ինչպես նաև խորհրդահայ ու հետխորհրդային հեղինակների բնորոշումների հիման վրա դժվար է հասկանալ, թե ինչպես են այս երկու՝ առերևույթ հակադիր գծերը՝ արմատական լուսավորությունը և ժողովրդական բարքերի արժևորումը, միահյուսվելԱղայանի գործունեության ու երկերի մեջ։ Ուսումնասիրողների տեսադաշտից, որքանով մեզ է հայտնի, դուրս է մնացել այն հարցը, թե բարքերի ու լուսավորության հակասական հարաբերությունը ինչ կոնկրետ դրսևորում է ունեցել Աղայանի պարագայում, որ հնարավորություն է տվել թե՛ արժանին մատուցել առաջինին, թե՛ առաջ մղել երկրորդի օրակարգը։ Եվ սա գուցե պատահական չէ, քանի որ 19-րդ դարից մեզանում հաստատված լուսավորության ավանդույթի շրջանակում բարքերի ու լուսավորական իդեալների սուր հակադրությունն ինքնին կանխադրված է իբրև լուսավորական գործունեության անքակտելի մաս։ Եվ ուրեմն բնական պետք է համարել, որ երկուսի միջև ինքնին ենթադրվող այս հակադրության հետ կապված հարցերը մեզանում մնացել են առավելապես անտեսված։ Հիմնարար այս լարումը առավել սուր երևան եկավ անկախ պետականության տարիներին, երբ լուսավորության հայկական ավանդույթն այլևս սոսկ մտավոր հոսանք չէ, այլ անհրաժեշտաբար դարձել է պետական քաղաքականության մաս։ Այսօր կենցաղի ու քաղաքակրթական իդեալների լարմանը բախվում ենք ամեն քայլափոխի, երբ մեր սովորութային կյանքը առնչվում է կրթամշակութային հաստատությունների հիմքում ընկած լուսավորական իդեալներին ու ի հայտ բերում խոր հակասություններ։ Ուսումնական հաստատությունները, մի կողմից հետևելով 19-րդ դարում ձևավորված լուսավորության ավանդույթին, իրենց վեր են դասում առօրյա կյանքից ու բարքերից և դրանց հակադրվելով՝ բարձր մշակութային «տաճարի» դեր ստանձնում։ Մյուս կողմից, սրան զուգահեռ, նսեմացված առօրեական ու ընտանեվարական բարքերը լռելյայն հակահարված են հասցնում։ Դրանք թափանցում են այդ հաստատությունների խորքը և խոչընդոտում այն իդեալների կենսագործումը, որոնք նպատակ ունեին վեր բարձրացնել հայությանը «փողոցային բարքերից» ու ընդլայնել մեր մտահորիզոնն ընտանեկան անձուկ շրջանակից անդին։

Լուսավորության ու բարքերի հակասական սերտաճման պայմաններում առանձնակի կարևորություն է ստանում Աբովյանից հետո արդի հայ մանկավարժության «երկրորդ նահապետը» համարվող Աղայանի հայացքներում նույն հակադրության ուսումնասիրումը։[7]Հմմտ. Տերտերյան, «Աղայանը և ժողովրդական հերոսությունը», էջ 179։ Սույն հետազոտության մեջ մասնավորապես կփորձենք պարզել, թե գյուղական կյանքին մոտ կանգնած Աղայանին ինչպես և որքանով է հաջողվել մեղմել կամ նվազեցնել լուսավորության ու առօրյա կենցաղի միջև լարումը՝ առանցքում ունենալով նրա գրական ու մանկավարժական հայացքները։

Նախևառաջ կփորձենք պարզել Աղայանի լուսավորական ըմբռնումների ընդհանուր շրջանակը, հասկանալ, թե լուսավորական ավանդույթի կոնկրետ ո՛ր աղբյուրներից է այն սնվել և ի՛նչ օրակարգ է ունեցել։ Սա կլինի ուսումնասիրության առաջին գլխի գլխավոր խնդիրը, որտեղ երևան կբերենք 50-60-ականների հայ ազգային-պահպանողական մտավոր հոսանքի և 60-ականների ռուս հեղափոխական-դեմոկրատական ուղղության որոշիչ դերը Աղայանի աշխարհայացքի ձևավորման գործում։ Կփորձենք նաև ցույց տալ, թե ինչպես են երիտասարդ հասակում որդեգրած իդեալները մեծապես կանխորոշել 70-ականներից սկսած նրա լուսավորական գործունեությունը։

Երկրորդ գլխում արդեն կանդրադառնանք ազգային-պահպանողական և հեղափոխական-դեմոկրատական մտայնությամբ սահմանված լուսավորական գաղափարները յուրացնելու Աղայանի եղանակին։ Կփորձենք հասկանալ, թե իր կարևոր երկերի և մշակած մանկավարժական գրականության մեջ Աղայանն ինչպես է լուսավորական իդեալներն առնչակցել իրեն շրջապատող կենցաղի և ժողովրդական բարքերի հետ, որոնց կրողն էր նաև ինքը։ Մեր խնդիրը կլինի պարզել, թե հիշյալ երկերի առավել նուրբ մակարդակներում՝ դրանցում ստեղծված մթնոլորտի ու դրանց տոնայնության մեջ ինչպես և որքանով են ի հայտ գալիս մեր լուսավորական ավանդույթի լարումները մեղմելու Աղայանի միտումները։ Վերջապես, մեր ուսումնասիրությունը կավարտենք, հայացք նետելով Աղայանի ժառանգության ճակատագրին՝ փորձելով հասկանալ, թե ինչ կերպարանք է այն այսօր ստացել ու որքանով է պահպանել իր յուրահատկությունները։


Սույն հետազոտությունն իրականացնելու գործում կարևոր են եղել «Մշակույթ և արդիականացում» հետազոտական նախագծի անդամների՝ Նարե Սահակյանի, Իրինա Շահնազարյանի, Աննա Համբարձումյանի, Վարդան Ազատյանի և Լուսին Շաբոյանի արժեքավոր խորհուրդները, հետազոտական ու լեզվական բնույթի դիպուկ դիտարկումներն ու առաջարկները, որոնք հարստացրել և խորացրել են մեր ուսումնասիրությունը։ Շնորհակալ ենք Թագուհի Սուսլիյանին լեզվական խմբագրման ծավալուն և բարեխիղճ աշխատանքի համար։ Ի սրտե երախտապարտ ենք Արդա Խաչատուրյանին, Աննա Համբարձումյանին և Լիաննա Աղամյանին մշտական ու անվերապահ աջակցության համար, առանց որի այս հետազոտությունն անհնար կլիներ հասցնել ավարտին։ Հնգամյա հետազոտական նախագծի ամփոփիչ այս ուսումնասիրությունը նվիրվում է Իրինա Շահնազարյանին և Նարե Սահակյանին, որոնց հետ կիսել ենք ողջ նախագծի հարափոփոխ ու բազմարժեք ընթացքը։

 

Ամբողջական հետազոտությունը՝ այստեղ

 

Ծանոթագրություններ

Ծանոթագրություններ
1 Տե՛ս Լեո, Երկերի ժողովածու, հ. 9 (Երևան։ Խորհրդային գրող, 1989), էջ 315։ Հմմտ. Երվանդ Լալայան, Երկեր, հ. 2 (Երևան։ ՀՍՍՀ ԳԱ, 1988), էջ 91; Աշըղ Ջիվանի, «Ղազարոս Աղայանին», ըստ՝ Ասատուր Ասատրյան (կզմ., ծնթ.), Ղազարոս Աղայանը ժամանակակիցների հուշերում (Երևան։ Հայաստան, 1967), էջ 99։
2 Տե՛ս Ավետիք Իսահակյան, Երկերի ժողովածու, հ. 5 (Երևան։ Սովետական գրող, 1977), էջ 54։
3 Տե՛ս Ջավախեցի, «Մեծ գյուղացին (հայ գյուղացուց)», ըստ՝ Ղազարոս Աղայանը ժամանակակիցների հուշերում, էջ 174; [Անստորագիր], «Անահիտ. հին զրոյց. գրեց Ղ. Աղայեանց. Թիֆլիս: 1881», Արձագանք, 1882, թիվ 9, էջ 140։
4 Տե՛ս Գր. Վանցյան, «Ղ. Աղայանց», ըստ՝ Ղազարոս Աղայանը ժամանակակիցների հուշերում, էջ 174։
5 Տե՛ս Մ. Արազի, «Լուսավոր մարդը», ըստ՝ Ղազարոս Աղայանը ժամանակակիցների հուշերում), էջ 411։ Հմմտ. Հայկական սովետական հանրագիտարան, հ. 1 (Երևան։ ՀՍՍՀ ԳԱ, 1974), էջ 243։
6 Մասնավորապես խորհրդահայ պատմագրության ու գրականագիտության մեջ Աղայանի լուսավորական մոտեցումներն ընդհանուր առմամբ բնորոշվում են իբրև դեմոկրատական։ Տե՛ս Ժ. Պ. Աղայան, Խ. Հ. Բարսեղյան, այլք, Հայ ժողովրդի պատմություն, հ. 6 (Երևան։ ՀՍՍՀ ԳԱ, 1981), էջ 166, 793։ Աղայանի՝ որպես դեմոկրատի բնորոշումը մեծապես բխում է Ստեփան Շահումյանի բնորոշումներից։ Ստեփան Շահումյան, Երկեր, հ. 1 (Երևան։ Հայպետհրատ, 1955), էջ 38։ Նրա դեմոկրատականությունը մի կողմից մեկնաբանվում է իբրև ժողովրդին հարազատություն, որը բխեցվում է ժողովրդայնության գաղափարի շուրջ կառուցված իր աշխարհայացքից։ Հմմտ. Է. Բ. Աղայան, Բ. Ն. Առաքելյան, այլք, Հայ ժողովրդի պատմություն, հ. 5 (Երևան։ ՀՍՍՀ ԳԱ, 1974), էջ 618; Հայ ժողովրդի պատմություն, հ. 6, էջ 793։ Մյուս կողմից՝ նույն դեմոկրատականությունը, ըստ տարբեր շրջանների խորհրդահայ հեղինակների, ենթադրում է մարտական տրամադրվածություն ու անհաշտ պայքար «հին» ու «հետամնաց» բարքերի ու կարգերի դեմ։ Հարկ է նշել, որ տարբեր տարիների խորհրդահայ հեղինակները առավել կամ պակաս չափով են շեշտադրում նշված հակադրության տարբեր կողմերը։ Օրինակ՝ 1923 թ. Թադևոս Ավդալբեգյանն իր «Հայ գյուղը Հովհաննես Թումանյանի երկերում» աշխատության մեջ շեշտադրում է Աղայանի լուսավորական հարձակումը գյուղական բարքերի ու նիստուկացի վրա։ Տե՛ս Թադևոս Ավդալբեգյան, Բանասիրական և հրապարակախոսական երկեր, նամակներ (Երևան։ Գասպրինտ, 2011), էջ 278-281։ Նման շեշտադրում է անում նաև արձակագիր Մովսես Հարությունյանը՝ Արազին, 1941 թ. մի անդրադարձում, որում Աղայանը ներկայացվում է որպես «մի հերոսական բազմատաղանդ լուսավորիչ, որը բուռն թափով, լի էնտուզիազմով կռվի է մեկնում խավարի դեմ, գործի դնելով իր բոլոր զենքերը – տաղանդները»։ Տե՛ս Արազի, «Լուսավոր մարդը», էջ 411։ Շատ չի տարբերվում նաև 30-ականներին Աշոտ Աթանեսյանի՝ Սալ-Մանի բնորոշումը, համաձայն որի Աղայանն «առաջադիմական…. նույնիսկ ռադիկալ» լուսավորիչ էր։ Տե՛ս Սալ-Ման, «Ղազարոս Աղայան. (Հուշեր)», ըստ՝ Ղազարոս Աղայանը ժամանակակիցների հուշերում, էջ 320, 350, հմմտ. նաև Աղայանի որդու՝ Մուշեղ Աղայանի հուշերը. տե՛ս Մ. Աղայան, «Ղազարոս Աղայանն ու Հովհ. Թումանյանը», ըստ՝ Ղազարոս Աղայանը ժամանակակիցների հուշերում, էջ 385։ Սրա հետ մեկտեղ պատերազմի տարիներին, օրինակ, Արսեն Տերտերյանի՝ 1942 թ. գրված «Աղայանը և ժողովրդական հերոսությունը» աշխատությունն ընդգծում է Աղայանի՝ «ժողովրդի զավակ» լինելը և շեշտը դնում նրա ժողովրդայնության մեջ թաքնված մարտական ավյունի վրա։ Վերջինը հող է նախապատրաստում, ըստ գրականագետի, ներքին արատավոր կարգերի ու արտաքին հարձակումների դեմ պայքարելու համար։ Տե՛ս Արսեն Տերտերյան, Հայ կլասիկներ (Երևան։ Պետական համալսարան, 1944), էջ 179-188։ Ինչ վերաբերում է ուշ խորհրդային շրջանում լույս տեսած Հայ ժողովրդի պատմություն ակադեմիական հրատարակությանը, ապա այստեղ նախորդ շրջանի բնորոշումները շարունակվում են, թեև պակաս շեշտված ու սուր ձևակերպումներով։ Աղայանն այստեղ ներկայացվում է իբրև մանկավարժական նորագույն մեթոդների առաջամարտիկ լուսավորիչ-մանկավարժ և հայ իրականության մեջ առկա դասակարգային ու ազատագրական պայքարը երևան բերող արձակագիր։ Տե՛ս Հայ ժողովրդի պատմություն, հ. 6, էջ 782, 793։
7 Հմմտ. Տերտերյան, «Աղայանը և ժողովրդական հերոսությունը», էջ 179։