«Հոգատար վերաբերմունքի» կարոտ շիրիմների հարցը. Հովհաննիսյանի դիմումը Կենտրոնական կոմիտեի նախագահությանը

 

1937-ին Աշոտ Հովհաննիսյանը ենթարկվեց ստալինյան բռնաճնշումներին, դատապարտվեց ու աքսորվեց: Նա ռեաբիլիտացվեց միայն 1956-ին՝ հայտնվելով հետստալինյան իրականության պայմաններում. իրականություն, որին, սակայն, Հովհաննիսյանը չէր պատկանում: 1930-ականներին Խորհրդային Հայաստանում ստալինիզմը հաստատվել էր 1920-ականների քաղաքական, գիտական ու մշակութային զարգացումն ուղենշած լենինյան գծի ազգային կոմունիսստների ժառանգության վերացմամբ: Իրենք՝ ազգային կոմունիստները, ֆիզիկապես էին ոչնչացվել: Ստալինիզմի ժառանգության վրա հենվող 1950-60-ականների քաղաքական ու մշակութային միտքն այլևս հասու չէր 1920-ականների իրականությանը: Այս կերպ Հովհաննիսյանը մեկն էր, որ հետաքսորական իր կյանքն ապրելով միաժամանակ ապրեցնում էր նաև 1920-ականների մոռացված ավանդույթը:

Ստորև ներկայացվող վավերագիրն անթվակիր, բայց հաստատապես հետաքսորական շրջանում գրված Հովհաննիսյանի դիմումն է Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի նախագահությանը: Դիմումի մեջ Հովհաննիսյանը խնդրում է Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում գտնվող 19-րդ դարի հայ գրականության ներկայացուցիչներ՝ Հարություն Ալամդարյանի, Միքայել Նալբանդյանի և Ռաֆայել Պատկանյանի աճյուններն ու անմխիթար վիճակում գտնվող շիրիմ-հուշարձանները փոխադրել Հայաստան:

1920-ականներին Խորհրդային Հայաստանի լուսավորության առաջին կոմիսար Հովհաննիսյանը քաղաքական այն ղեկավար գործիչներից էր, որոնց ակտիվ ջանքերով դարասկզբին հայրենիք էին վերադարձել արվեստի ու մշակույթի հայ գործիչներից շատերը՝ դառնալով նոր ձևավորվող խորհրդահայ արվեստի առաջամարտիկներ: Հետաքսորական շրջանում գրված այս դիմումը կարծես հղում է 1920-ականներին հայ արվեստագետներին իրենց հայրենիքում տեղ տալու ազգային կոմունիստների քաղաքականությանը: Հայ մշակույթային ժառանգությունը կարևորելու, այդ ժառանգությունը Հայաստան բերելու նույն մղումն է ընկած Հովհաննիսյանի դիմումի հիմքում: Նրա ըմբռնմամբ՝ 1950-60-ականներին հենց Խորհրդային Հայաստանի կառավարությունն էր, որ Ալամդարյանի, Նալբանդյանի ու Պատկանյանի աճյուններն ու շիրիմ-հուշարձանները պետք է տեղավորեր հայ գրողների և արվեստագետների պանթեոնում՝ այդ կերպ կարծես արձագանքելով նաև 1920-ականներին որդեգրված մշակութային քաղաքականությանը:   

Հ.Գ. Ալամդարյանի, Նալբանդյանի ու Պատկանյանի աճյուններն այդպես էլ չեն տեղափոխվել Հայաստան: 

Հրապարակվում է ըստ՝ Մատենադարան, Աշոտ Հովհաննիսյանի ֆոնդ, թղթ. 24413, վավ. 304:

Մեքենագիր վավերագրի վրա կատարված են որոշ խմբագրական ուղղումներ, որոնք ներառված են տեքստում: Դիմումը բավական անփույթ է մեքենագրված. մեքենագրելիս թույլ տված սխալներն ուղղված են, սակայն տեքստում առկա է նախադասություն, որն ակնհայտ իմաստային սխալ ունի:

 

Հայաստանի Կոմունիստական պարտիայի Կենտրոնական կոմիտեի նախագահությանը

Դոնի Ռոստով քաղաքի մոտ գտնված ս. Խաչ վանքի բակում թաղված են 19-րդ դարի հայ գրականության երեք ներկայացուցիչները՝ Հարություն Ալամդարյանը, Միքայել Նալբանդյանը և Ռաֆայել Պատկանյանը: Ներկայիս այդ վանքը անմարդաբնակ է ու ամայացած: Նշան արվող գրողների գերեզմանոցում հարմար է նկատվել օգտաշատ գոմանոց կառուցելու, ծաղիկների ու ծառաստանի փոխարեն՝ Նալբանդյանի շիրիմին այցի եկող ճամփորդը այդ վայրում ականատես է լինում առատորեն փռված աղբակույտերի: Ակներև է, որ հայ ժողովրդի համար նվիրական գերեզմանների պահպանության հոգսը չեն կարող իրենց վրա առնել ս. Խաչի մոտ գտնված գոմատերերը-Մյասնիկյան գյուղի բնակիչները: 

Գերեզմաններից հնագույնի-Հարություն Ալամդարյանի շիրիմ-հուշարձանը ներկայիս անհետացած է, մնացել է միայն դրա պատվանդանը: Մի քանի տարի առաջ հիմքից գլորված ու անհետացած էր նաև Նալբանդյանի կիսարձանը: Ճիշտ է, ներկայիս վերագտնված է և իր տեղում վերականգնված է կիսարձանը, բայց մշտական խնամք չկա նաև հիմա:

Պատահական չէ, որ ընթացիկ ամսվա վերջում, Նալբանդյանի մահվան հարյուրամյակի կապակցությամբ, Ռոստովում լույս տեսնող «Կոմսոմոլեց» թերթում Գլադչենկո ստորագրությամբ հոդված լույս տեսավ, ուր առաջարկ է արվում նշանավոր հայ գրողի ու հեղափոխականի աճյունը և կիսարձանը փոխադրել Ռոստով:

Մեզ խորապես հուզում և ուրախացնում է հոդվածագրի ցուցաբերած ջերմ վերաբերմունքը դեպի Նալբանդյանի հիշատակը և նրա գերեզմանի վիճակը: Բայց կարծում ենք, որ նրա առաջարկը չի տալիս հարցի ամբողջական ու նպատակահարմար լուծումը. առաջարկի իրագործումը կարող է նույնիսկ վատթար հետևանք ունենալ մանավանդ Ալամդարյանի և Պատկանյանի մեկուսացած շիրիմների պահպանության համար:

Մեր կարծիքով հարցի ամբողջական և արմատական լուծումը կլիներ, եթե ՀԿԿ Կենտկոմի նախագահությունը խնդիր հարուցեր Ռոստովի մարզկոմի առաջ և համաձայնություն ստանար Երևան փոխադրելու վերոհիշյալ գրողների աճյունները և դրանցից երկուսի՝ Նալբանդյանի և Պատկանյանի հուշարձանները, որոնք հայ ժողովրդի գանձած սուղ դրամագումարներով ու պատվերներով ժամանակին պատրաստել ու կանգնեցրել է հայ քանդակագործ Տեր-Մարուքյանը, Աբովյանի արձանի հայտնի հեղինակը:

Ս. Խաչի բակում թաղված հայ նշանավոր գրողների աճյունները Երևան փոխադրելու և դրանք Կոմիտասի, Իսահակյանի և Շիրվանզադեի կողքին գրողների և արվեստագետների հին պանթեոնում ամփոփելու ակտը կհանդիսանար հայ ազգային մշակույթի, գրականության և արվեստի նկատմամբ Սովետական Միության Կոմունիստական պարտիայի և Սովետական Միության կառավարության հոգատար վերաբերմունքի նոր և ցցուն արտահայտություններից մեկը, որ ցնծությամբ ու երախտագիտությամբ կընկալվեր ինչպես Սովետական Հայաստանի, այնպես նաև սփյուռքի հայ աշխատավորության կողմից: