Սնահավատության դերը լուսավորության գործում. «աղբով պարարտացած հողի» առատ բերքը

 

19-րդ դարի՝ մեզանում ձևավորված լուսավորական ավանդույթի ամենաբնորոշ առանձնահատկություններից մեկը մաքրաբարոյության ու սրբակենցաղության պահանջների ծայրահեղ կարևորումն է։ Լուսավորությունն ընկալվում է իբրև մեզ մեր բարոյական ախտերից ու «ապականակիր» սովորություններից սրբելու, մաքրելու խոստում տվող նախագիծ։ Ախտի ու սրբության, խավարի ու լույսի ծայրահեղ հակադրումները կարմիր թելի պես անցնում են Աբովյանի, Նազարյանցի, Թաղիադյանի, Նալբանդյանի, Րաֆֆու և այլոց գրական, քաղաքական, մանկավարժական պատկերացումներում, ինչը լուսավորության իդեալներն ինքնաբերաբար սուր լարման մեջ է դնում հաստատված կյանքի «անմաքուր» նյութական իրականության հետ։

Այս լարման տեսանկյունից յուրահատուկ տեղ են բռնում Ղազարոս Աղայանի լուսավորական մոտեցումները, որոնք մի կողմից լիովին տեղավորվում են հակադրությունների հիշյալ շրջանակում, մյուս կողմից, սակայն, հակադրության երկու բևեռներն առնչակցելու, դրանց միջև լարումները մեղմելու ուղիներ են մատնանշում։ Այս առանձնացող մոտեցումը մասնավորապես տեսանելի է Աղայանի Արություն և Մանվել ինքնակենսագրական վեպում, որն ինչ-որ իմաստով պատկերում է կրթությամբ գյուղական սնահավատությունների ու նախապաշարմունքների իշխանությունից ազատվելու Արություն/Ղազարոսի ուղին։ Հրապարակվող հատվածը նկարագրում է հերոսի մտավոր հեղաշրջման փորձառությունը, երբ պատանին, առնչվելով արդի գիտությանը, իր մտահորիզոնը լայնացնելու հնարավորություն է ստանում։ Հատկապես ուշագրավ է, թե ինչպես է Աղայանը կարողանում այս հատվածում թե՛ առաջ մղել արմատական լուսավորության օրակարգը, թե՛ միևնույն ժամանակ արժանին մատուցել լուսավորական տեսանկյունից «աղբ» համարվող նախապաշարմունքներին ու գյուղական հավատալիքներին։

Այս մեկտեղումը լավագույնս բյուրեղացած է Աղայանի այն տողերում, որտեղ լուսավորվելու ճանապարհը բռնած պատանուն նա բնորոշում է իբրև «աղբով պարարտացրած հող, որի մեջ ընկած…. սերմը կարող էր միույն հարյուր տալ»։ Հեղինակը սնահավատությունները լուսավորական ոգով աղբ համարելով հանդերձ աղբին տալիս է մի իմաստ, որը զգալիորեն դուրս է գալիս մեզանում հաստատված լուսավորական ավանդույթի մտավոր շրջանակի սահմաններից։ Աղբը չի ընկալվում իբրև մի բան, որի հետ կապված միակ ընդունելի գործողությունը վերջինից ձերբազատումն է, իսկ դրա հանդեպ միակ ընդունելի վերաբերմունքը՝ արգահատանքն ու խորշումը։ Փոխարենը աղբն ընկալվում է իբրև մի բան, որը կարող է լինել միաժմանակ թե՛ բարիք, թե՛ չարիք։ Աղայանի նպատակն է գտնել աղբի հետ վարվելու այնպիսի ձևեր, որոնք աղբից բերրի հող կշինեն։ Այս՝ խորապես գյուղի կյանքից բխող տրամաբանությամբ է Աղայանն իր կերպարի ժառանգած «գյուղական իմաստությունները» դնում ի սպաս լուսավորության գործին, իսկ լուսավորության գործն իր հերթին տեղակայում գյուղատնտեսական աշխատանքի հետ նույն հարթության մեջ։

Այս իմաստով սեփական միջավայրից ստացած աղքատիկ ու խնդրահարույց իմաստությունների շրջանակի հաղթահարումն Աղայանի հուշագրություն-վեպում պարուրված է նույն այդ շրջանակի հանդեպ սրտացավության լուռ զգացումով։ Լուսավորական նախագծի այս մեղմ մոտեցումը հատկապես առանձնանում է 19-րդ դարի հայ լուսավորիչների՝ իրենց նախնական կրթության վերաբերյալ այն հուշագրությունների ու պատումների ետնաբեմին, որոնցում «պարարտացող աղբի» տեղը բռնում է խավարում թևածող տեր-թոդիկյան կրթության դաժան ուրվականը։

Հրապարակվում է ըստ՝ Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հ. 1 (Երևան։ Հայպետհրատ, 1962), էջ 67-68։ 

 

          Հիմա պետք է երևակայել, թե ինչ կզգար այժմ Արությունը, Ալբերտի աստվածաբանության տակ ճնշվելուց հետո։ Ի՞նչ կզգա մեկը, երբ չոր ու ավազոտ անապատում երկար թափառելուց հետո՝ ընկնի մի դալար հովիտ՝ լի ականակիտ աղբյուրներով, հոտավետ ծաղիկներով, բնության ամեն բարիքով և կենդանությունով,— ահա այսպիսի մի զգացումն տիրեց Արությունին։ Բնություն և մարդ, որոնք մի բառով կարող են և կյանք անվանվել,— ահա այդ կյանքը չուներ նրա ստացած ուսմունքը։ Բնագիտության անխախտ օրենքները, թվաբանության ճիշտ կանոնները, պատմության երևելի անցքերը, աշխարհագրության գեղեցիկ նկարագրությունները, բանաստեղծական սրտաշարժ գրվածքները, թեև փոքր սահմանի մեջ, իբրև մի փնջիկ միայն, բայց բավական է մի մատաղահաս և դեռ փոքր գլխի մեջ ահագին հեղաշրջում ձգելու։

          Ես Արությունին այդ ժամանակ,— գուցե և անհարմար, չհոգեբանական,— նմանեցնում եմ աղբով պարարտացրած մի հողի, որի մեջ ընկած ամեն մի բեղմնավոր սերմը կարող էր միույն հարյուր տալ։ Հիրավի՛, ի՞նչ էին նրա մինչև այս ժամանակ սովորածները, ստացած տպավորությունները, հավաքած տեղեկությունները, լսած առարկաներն ու առասպելները, եթե ոչ ճշմարիտ ուսմունք աճեցնելու համար շատ օգտակար աղբ, որ եթե առանց բարի սերմի մնար, մոլեխոտ կբուսցներ և կապականեր նրա ուղեղը։ Ոչ ոք իր միտքը չի հեղաշրջիլ, եթե հեղաշրջելու ոչինչ չունի նա իր մտքումը։